Զինծառայող Կարեն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն մութ և կասկածելի քննություն է կատարել, իսկ Դատախազությունն ընդամենը 5 ամիս նախաքննությունից հետո շտապ կարգով, առանց տուժող կողմին ժամանակին ու բավարար չափով իրազեկելու, գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Շարքային Կարեն Կարապետյանը, Գյումրիից զորակոչված, ծառայում էր Արցախի հանրապետության Թալիշի զորամասում: Սպանվել է 2019թ. մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում: Դեպքից երկու օր անց Քննչական կոմիտեն հաղորդեց, որ նա մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել:
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով /խուլիգանական դրդումներով կատարված սպանություն/», — հաղորդում էր ՔԿ-ն։
Գործով կալանավորվեց Կարապետյանի ծառայակից Արտյոմ Գրիգորյանը:
Մի քանի ամսից, սակայն մեղադրանքը փոխվեց: Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, փոխարինվեց քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ռազմամթերքի… հետ վարվելու կանոնները խախտել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Այս արարքն անհամեմատ ավելի մեղմ է և պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Հենց այս մեղադրանքով էլ գործը մտել է դատարան: Ըստ Դատախազության վարկածի, սպանությունը տեղի է ունեցել «կատակ-կրակոցի» հետևանքով: Ըստ մեղադրանքի, «Արտյոմ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N ջոկի վարորդ, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգի փողն ուղղել է դեպի շարքային Կ.Կարապետյանը, կատակով սեղմել է ձգանը, որի հետևանքով արձակված կրակոցից շարքային Կ.Կարապետյանին անզգուշությամբ պատճառել է մահացու հրազենային վիրավորում»:
Նշենք սակայն, որ ըստ դատաբժշկական փորձաքննության, զինծառայող Կարեն Կարապետյանը մահվանից առաջ բռնության է ենթարկվել: Նրա մարմնի վրա «հայտնաբերվել են նաև քերծվածքներ կրծքավանդակի, աջ արմնկահոդի, աջ նախաբազկի, դաստակի շրջաններում,արյունազեղում ձախ արմնկային հոդի շրջանում, որոնք ևս առաջացել են կենդանության օրոք բութ առարկաներով և ունեն տարբեր առաջացման վաղեմություններ, մասնավորապես աջ դաստակի շրջանի քերծվածքը կարող էր առաջանալ մահվանից շուրջ 3-ից 5 օր առաջ, մնացածը հնարավոր է վերը նշված ժամանակահատվածում՝ բութ առարկաներով»
Սպանվածի ընտանիքը չի հավատում այս վարկածին, չի հավատում անգամ, որ իրական մարդասպանը Արտյոմն է: Կարեն Կարապետյանի մայրը՝ Շահանե Կարապետյանը, որը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, տեղյակ չէր մեղադրանքի փոփոխության մասին: Նրանք միջոցներ չունեն փաստաբան վարձելու:
Forrights.am-ի հետ զրույցում նա ասաց, որ զինդատախազության երրորդ կայազորային վարչության քննիչները չեն ծանոթացրել իրեն գործի նյութերին, չեն տրամադրել փորձաքննությունների պատասխանները, հնարավորություն չեն տվել ծանոթանալու որդու սպանության վերաբերյալ քննիչի ընդունած որոշումներին:
«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ինձ մի դիսկ են տվել ու մի քանի թուղթ, մեկ էլ իմացել ենք, որ դատը սկսվել է: Իմ երեխան ուրախ, զվարթ, հետը խոսեցի հեռախոսով էդ դեպքի օրը, ինձ ասեց՝ արդեն ժամն է, ես պետք է իջնեմ, ու անջատեց, — Շահանեն մտքով անընդհատ վերադառնում է որդու հետ այդ վերջին զրույցին, — նա շատ լավ ծառայում էր, ասում էր՝ մամ, ոչ մի պրոբլեմ չկա, արձակուրդից որ եկել էր, տղերքը զանգեցին, կանչեցին: Ասեցին՝ առանց քեզ տխուր ա, Կարենս էլ ասեց՝ մամ, երկու օր շուտ գնամ տղերքի մոտ, ու գնաց»:
Այն, որ Կարենը այլևս կենդանի չէ, Շահանեն իմացել է իր ազգականից, որը աշխատում է պաշտպանության համակարգում:
Կարեն Կարապետյանը վերջին 4 տարիներին մոր հետ ապրել է ու աշխատել է Ռուսաստանում՝ Գելենջիկ, Մոսկվա քաղաքներում: Գումար էր աշխատում, մոր հետ հավասար: Հայաստան վերադարձավ ծառայելու համար: Մոր հետ հաճախ էր հեռախոսով խոսում, ասում էր, որ շուտով կվերադառնա ու կօգնի մորը, կվճարի նրա պարտքերը: «Եկավ ու վճարեց», — ասում է կինը, դառնացած:
Նա ցույց է տալիս մեզ որդու տեսանկարահանումները, ոնց է մարտական երդում տալիս, մեդալները, որոնք նրան ուղարկել են զինկոմիսարիատում ծառայող ազգականի միջոցով: «Մեր տուն չեն էլ եկել, չեն էլ նայել մեր աչքերին», — պատմում է մայրը:
Նա իրեն վիրավորված է զգում, անտարբերության մատնված: Պատմում է, որ Կարենի մահից 40 օր անց Գյումրիի զինկոմիսարիատից զանգել են ու հարցրել են, թե արդյոք չեն ցանկանում գնալ որդուն տեսակցել: «Ձեր տեսակցությունների ժամկետը հասել է՝ ասեցին, մնացինք շշմած», — հիշում է Շահանեն:
Զինծառայողների ապահովության հիմնադրամից էլ գումարները ստացել են ուշացումներով: Երբ փորձել են հետաքրքրվել, թե ինչու փոխանցումները տեղ չեն հասնում, պարզվել է, որ հիմնադրամը փոխանցել է բանկին, սակայն ընտանիքին չեն տեղեկացրել, որ գումար ունեն պետությունից ստանալու: «իմ երեխի գերեզմանի փողը եկել է, զինկոմիսարիատից ինձ նույնիսկ չեն զանգել, ասել՝ գերեզմանի փողը եկել է, արի, տար, սարքե», — գանգատվում է գյումրեցի կինը:
Անգամ որդու սպանության գործով առաջին դատական նիստի վերաբերյալ ծանուցումը նա ստացել է այդ նիստից մի քանի օր հետո և չի կարողացել գնալ դատարան: Դատական նիստը տեղի է ունեցել առանց տուժող կողմի ներկայության:
Շահանե Կարապետյանը պատրաստվում է հաջորդ դատական նիստին անպայման ներկա լինել: Դատարանից պահանջելու է, որ գործը ուղարկեն հետքննության, քանի որ իր իրավուքները որպես տուժողի իրավահաջորդի խախտվել են:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: