Երեկ՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ի սահմաններում, Բջնիի իր առանձնատներից մեկում հայտմաբերվել է նախկին ոստիկանապետ 64-ամյա Հայկ Հարությունյանի դին`գլխի շրջանում վնասվածքով։
Ոստիկանության գեներալ-գնդապետը 1999 — 2003 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարար է եղել, 2003 — 2008 թթ.՝ ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ, 2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:
Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված «նագան» տեսակի զենքով։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով: Դեպքի հայտնի դառնալուց հետո լրատվամիջոցներում տեղեկութուններ տարածվեցին, թե իբր Հայկ Հարությունյանի ինքնասպանության պատճառը Գլխավոր դատախազի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ճնշումներն էին, որոնք պահանջում էին «սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ,ախր նրանք մեղավոր չեն»։ Այս մասին գրել էր hayeli.am-ը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի խոսքով այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․
«Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն»:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ևս իր հերթին ադրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին․
«Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մումուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:
Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների՝ դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող:
Այդուհանդերձ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արած լինելու վերաբերյալ:
Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցներն են տարածում նման ստահոդ, անբարո տեղեկատվություն՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկել քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին:
Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկը լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում»,-գրել է նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: