Մեղավորները շատ են, մեղադրյալներ չկան, ու՞մ խղճին է Հայաստանի ամենախոշոր ՀԷԿ-ը Միշիկի ընկերությանը վաճառելու կոռուպցիոն գործարքը

0
2083

Նիկոլ Փաշինյանին հաճախ մեղադրում են այն բանի համար, որ նա անցյալի հանցագործներին պատժում է ընտրողաբար, ստվերում թողնելով հանրապետության երրորդ նախագահին և նրա ընտանիքը:

Անցնող շաբաթ այս մտայնությունը որոշ չափով հօդս ցնդեց: Վարչապետը սեպտեմբերի 17-ի ասուլիսում հայտարարեց, որ մեծ հավանականություն կա, որ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը ինքը որպես մեղադրյալ կանցնի մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի՝ սեփականաշնորհման գործում:

Վարչապետը չնշեց, թե հատկապես որ ստրատեգիական օբյեկտի մասին է խոսքը, չասաց, թե էլ ինչ պաշտոնյաներ են թաթախված գործարքի մեջ: Նա տվեց միայն Միքայել Մինասյանի անունը:

Հաջորդ իսկ օրը հայաստանյան ԶԼՄ-ները գաղտնազերծեցին, որ խոսքը  Լոռու մարզի «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի մասին է, որը շահագործման է հանձնվել դեռև 30-ականներին և որի շինարարությունը նյութ էր հանդիսացել անվանի խորհրդային գրող Մարիետա Շահինյանի  <<Հիդրոցենտրալ>> վեպի համար: ՀԷԿ-ը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ առնչվող «Ձորագետ Հիդրո>>  ընկերությանն է վաճառվել 2010 թվականին:

Ձորագետի ՀԷԿ-ի գործը ՀՔԾ-ն լիարժեք գաղտնիության պայմաններում է քննում: Forrights.am-ին ծառայության խոսնակ Մարինա Օհաջանյանը հայտնեց, որ որևէ մեղադրյալ այս գործով դեռևս չկա: Մինչդեռ գործը քննվում է արդեն մոտ կես տարի, և բազմաթիվ պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններ են ֆիքսված:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, — ասված է դատախազության մայիսին տարածած հաղորդագրության մեջ, — որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ>>:

Հասկանալի է, որ գործարքը չի կարող զուտ Սերժ Սարգսյանի, կամ Միքայել Մինասյանի պատասխանատվությամբ լինել, մանավանդ, որ «Ձորագետ Հիդրո>> -ի Մինասյանին պատկանելու հանգամանքը ուղղակի փաստաթղթերով ապացուցված չի: Ովքեր են եղել գույքի գնահատում իրականացնողները, ովքեր են նախապատրաստել կառավարության որոշումը, բարդ չի բացահայտել:

Գործարքի հիմնական պատասխանատուներից է Տիգրան Սարգսյանը, որը Հայաստանի առաջին հիդրոկայանի վաճառքի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարն էր և ստորագրել է կառավարության  որոշումների տակ:  

Այսպես, մայիսին, երբ հարուցվեց Ձորագետին առնչվող քրեական գործը, դատախազությունը հայտնեց, որ 2001 թվականին Էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի հիման վրա ստեղծված 2 մլրդ 1 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալով «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2002-ին տրվել են Պաշտպանության նախարարությանը և 2006-2010 թվականներին ընկերության շահույթից ՊՆ-ն ստացել է  1 մլրդ 252 մլն դրամ:

Այլ կերպ ասած, օբյեկտն այս շահութաբեր է եղել: Սակայն այն ներկայացվել է որպես ոչ շահութաբեր և 2009 թվականին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 13.92 դրամի փոխարեն սահմանվել է ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Սա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: «Մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից», — ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Այն  ժամանակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը Գարեգին Բաղրամյանն էր, որը հետագայում, արդեն նոր իշխանությունների օրոք նշանակվեց էներգետիկայի և բնական պաշարների նախագահ ու մեկ տարի աշխատեց այս պաշտոնում: Փաստորեն, նա ի օգուտ Միքայել Մինասյանի արված գործարքներից քաջատեղյակ էր, այն մարդկանցից, որոնք գիտեին, բայց լռում էին:

«Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ » , — կարդում ենք դատախազության հաղորդագրության մեջ:

Այս որոշումը ևս մի օղակ էր կոռուպցիայի շղթայում, և դրա պատասխանատուն Ռոբերտ Նազարյանն է, որը ՀԾԿՀ նախագահ էր 2011 թվականին:

«ՁորաՀԷԿ» -ի արտադրած Էլեկտրաէներգիսայի գինը փաստորեն, բարձրացրել են արդեն այն ժամանակ, երբ վերջինս փաստացի պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսային, իսկ «դե յուրե»’ նրա անվան հետ կապվող «Ձորագետ Հիդրո» մասնավոր ընկերությանը: Վաճառքի պահին այն ընդամենը 2 ամսվա պատմություն է ունեցել: Ակնհայտ է, որ ստեղծվել է «ԶորաՀԷԿ » -ի գործարքը իրականա ցնելու նպատակով:

Ձորագետի հիդրոէլեկտրակայանը ցածր ինքնարժեքով հոսանք արտադրող օբյեկտ է: ՀԷԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է դաժան ժամանակներում խորհրդային ժողովրդի հերոսական ջանքերի շնորհիվ: Դեբեդի կասկադի առաջնեկը շահագործման է հանձնվել մոտ 25.2 ՄՎտ հզորությամբ և 90 մլն. կՎտ.ժամ տարեկան նախագծային արտադրանքով:

Մինչև 2010 թվականը այն ՀՀ ՊՆ ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ցանկում էր: Հետո ՀԷԿ-ի լուծարման գործընթաց սկսվեց: Պաշտպանության նախարարության պատճառաբանությունը աբսուրդի ժանրից էր: Գործարքը պաշտոնապես պայմանավորեցին նրանով, որ կայանի ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ Հիդրո» մասնավոր ընկերությանը:

Թե ինչո՞ւ է պետական ընկերության գույքը վաճառվել «Ձորագետ Հիդրոյին »   պետական մարմինները, մասնավորապես էներգետիկայի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը թաքցնում էին: Այն ժամանակ Միքայել Մինասյանի անունը անգամ մամուլում շատերը չէին համարձակվում գրել: Բայց «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կազմակերպության գտնվելու վայր նշվում էր ք. Երեւան, Գարեգին Նժդեհ 56/2 հասցեն, որտեղ գրանցված էր Վատիկանում նախկին դեսպանի հիմնադրած <<Ջազվե>> ՍՊԸ-ն:

Այսպես Սերժ Սարգսյանը, որը որպես կարգախոս ընտրել է՝ «Եղել եմ այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել», լինելով պաշտպանության նախարար ու ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ, նախ ՊՆ-ի ենթակայության դարձրեց ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտը, իսկ հետո արդեն տվեց այն իր փեսային: Գործարքի համար պատասխանատվություն է կրում նաև այն ժամանակվա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որը մահացել է 2015 թվականին:

2011 թվականին նրա անմիջական մասնակցությամբ կառավարությունը վերանայեց փոքր հիդրոէլեկտրակայանների առավելագույն հզորությունը՝ 10-ից բարձրացնելով մինչև 30 մեգավատտ: Կառավարության այս որոշումից հետո  Ձորագետի ՀԷԿ-ը ավտոմատ կերպով դարձավ փոքր ՀԷԿ և սկսեց օգտվել փոքր ՀԷԿ-երի համար սահմանված իրավունքից՝ էլեկտրաէներգիան վաճառել սահմանվածից բարձր գնով:

«Էկոլուր » ՀԿ-ն այն ժամանակ ուսումնասիրել էր Արմեն Մովսիսյանի ու Տիգրան Սարգսյանի քավորությամբ արված <<բարեփոխումը », նաև բնապահպանական ազդեցությունները և առաջարկել էր չեղյալ հայտարարել Ձորագետը փոքր ՀԷԿ-երի շարքը դասելու որոշումը: Կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը հիշում է.

«Այդ որոշումը շատ աննկատ անցավ: Այն ընդունվեց միայն Ձորագետի համար, որովհետև Հայաստանի բոլոր փոքր ՀԷԿ-երի հզորությունը մինչև 10 մեգավատտ էր, մինչև 30 մեգավատ, այսինքն՝ 28 մեգավատտ հզորություն, ունի միայն  Ձորագետը: Այն, որպես խորհրդային ժամանակներում կառուցված օբյեկտ, իհարկե, փորձաքննություն չէր անցել, գնահատված չէր դրա ազդեցությունը բնության վրա, հանրային քննարկում չէր արվել, և մենք դեմ էինք, որ այն փոքր ՀԷԿ համարվի, փոքր ՀԷԿ-երի համար միջազգայնորեն ընդունված ստանդարտներն այս դեպքում խախտվում էին: Մենք առաջարկեցինք, որ որոշումը չեղարկվի, ինչը, իհարկե, չարվեց» : 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արդեն մոտ կես տարի է, քննվում է Ձորագետի գործը, այն առնչվում է բազմաթիվ, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն մինչ օրս գործով որևէ մեղադրյալ անձ չկա: Քննչական մարմինը, հավանաբար, կոլեկտիվ պատասխանատվության տեսության կողմնակից է, կամ էլ գործով արդյունավետ քննություն չի իրականացվել: Բայց չէ որ կոռուպցիոն այս գործընթացի մասնակիցները կոնկրետ մարդիկ են, յուրաքանչյուրն իր անհատական պատասխանատվության չափով։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here