Սեպտեմբերի 18-ին անսպասելի, կարելի է ասել՝ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, որը շրջելու է Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատավարության ողջ ընթացքը:
Դատարան ներկայացավ գործով առանցքային վկա, Վահագն Աբգարյանի մանկության ընկերն ու նրա աջ ձեռքը համարվող Արթուր Մնացականյանը, որի վկայությունների վրա է հիմնված Ալավերդցու մեղադրանքը: Նա պատրաստվում է հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից և հայտարարել, որ սուտ ցուցմունքներ է տվել, որոնք գրել է քննիչների ճնշումների ներքո և նրանց դրդումով:
Ինչպես հայտնի է, Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, իր սանիկին՝ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և նրա միջոցով Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին: Դրդապատճառը, ըստ մեղադրականի, վրեժն է: Կամո Փիրուզյանին սպանել է 26-ամյա երիտասարդ Վլադիմիր Դավթյանը, կրակելով նրա ուղղությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից, այնուհետև հանձնվել է իրավապահներին:
Դավթյանը իր ցուցմունքներում ժխտել է, որ սպանության պատվերը ստացել է Աբգարյանից: Նա հայտարարել է և շարունակում է պնդել, որ նախաքննության մարմինը ճնշում է գործադրել նրա վրա, ստիպում է, որ գրի, թե Վահագն է տվել սպանության պատվերը:
Միակը, ով ցուցմունք էր տվել Վահագն Աբգարյանի դեմ, պնդելով, որ նա է զենք ու սպանության պատվեր տվել Դավթյանին, Արթուր Մնացականյանն էր: Նա վայելել է ալավերդցի հեղինակության անսահման վստահությունը, նրան պատկանող հյուրանոցի տնօրենն է եղել, Արկոյի միջոցով է Վահագն Աբգարյանը իրականացրել իր գործնական շփումները, կապերը: Նա է վարել Աբգարյանի բիզնեսը: Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունքներ գրելուց հետո, անցյալ տարվա մայիսին Արթուր Մնացականյանին ազատել էին կալանքից, և նա լքել էր երկիրը, Ալավերդիում թողնելով իրեն անիծողների և դավաճան համարողների մի մեծ բանակ: Եւ ահա անսպասելիորեն վերադարձել է, որպեսզի պատմի, թե ինչպես է պատահել, որ ինքը սուտ ցուցմունք է գրել իր մանկության ընկերոջ դեմ, որի տանը, ըստ Ալավերդիում տարածված խծոսակցությունների, ինքը մեծացել է:
Երեկվա դատական նիստի ժամանակ Աբգարյանի նոր փաստաբանը՝ Դավիթ Գյուրջյանը /նախկինում Ալավերդցուն պաշտպանում էր Հակոբ Ճարոյանը — Ս.Ս./ միջնորդեց դատարանին ընդհատել ապացույցների հետազոտման փուլը և հարցաքննել Արթուր ՄՆացականյանին: «Նա Հայաստանում չի բնակվում և երկար ժամանակ այստեղ գտնվելու, հիմա ներկայացել է կարճ ժամանակով, այս պահին այստեղ է, — ասաց Գյուրջյանը, — Արթուր Մնացականյանը կապ է հաստատել ինձ հետ ու ցանկացել է արտահերթ կարգով ներյականալ դատարան ու տալ ցուցմունք: Նա բնակվում է արտասահմանում, ու մենք նրան հետո չենք կարող հարցաքննել: Հաշվի առնելով, որ նա առանցքային ցուցմունքներ է տվել, որոնք մեղադրանքի համար կարևոր են, խնդրում եմ հնարավորություն տանք նրան լսելու ու հետո միայն անցնել ապացույցների հետազոտմանը»:
Սակայն դատավոր Սուսաննա Գզոգյանը, որը, հավանաբար, պատրաստ չէր նման շրջադարձի, և չցանկացավ նույն օրը հարցաքննել վկային: Նա ասաց, որ Արթուր Մնացականյանը կհարացքննվի հաջորդ նիստին:
Փիրուզյանի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանը, հավանաբար, ևս անակնկալի էր եկել: Նա նախ, միջնորդեց դուրս անել դահլիճից Արթուր Մնացականյանին, ապա պահանջեց ավարտել ապացույցների հետազոտման փուլը, նոր նրան հարցաքննել, քանի որ հակառակ դեպքում «հարցաքննությունը կլինի ձևական»: «Դատարանը թույլ չի տալու որ հարցեր տանք չհրապարակված ապացույցների վերաբերյալ», — ասաց Լուսինե Սահակյանը:
Արթուր Մնացականյանին դատարանը կհարցաքննի սեպտեմբերի 25-ին, ժամը 16.15-ին: Դատավորը խոստացավ, որ այդ օրը նա կավարտի վկայի հարցաքննությունը:
Դատավորը Արթուր Մնացականյանին դուրս հրավիրեց դատարանի դահլիճից, իսկ Արթուր ՄՆացականյանը ասաց լրագրողներին այն, ինչի մասին եկել էր հայտնելու դատարանին:
1in.am -ին նա ներկայացրեց, թե ինչպես եղավ, որ 2017 թվականին կալանավորվելուց հետո նա ցուցմունքներ գրեց իր հարազատ ընկերոջ դեմ: Ըստ Արթուր Մնացականյանի, իր վրա հոգեբանական ճնշում է գործադրել Աբգարյանի գործի «կուռացիան» ստանձնած քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, ներկայում մարտի 1-ի գործով մեղադրյալ, փախուստի մեջ գտնվող Վահագն Հարությունյանը:
«Երբ առաջին օրը ինձ ձերբակալում են, եղել ա սցենար՝ հանցավոր խումբ, եղել ա զենք, եղել ա պատվեր, արդեն սկզբանական փուլում ամեն ինչ պլանավորված ա եղել:
Իմ դեմ պայմաններ են դրել՝ բերում ես զենք ես հանձնում, որովհետև իրանք զենք չեն գտել, ոչ մեր տանը, ոչ մեքենայում, անգամ պատրոն չեն գտել, հանցավոր խումբն էլ մի քանի հոգու միացրել էին մեզ՝ Գուրգենին, Աշոտին, Գուրգենը տաքսիստ ա, Աշոտը մալյար, ծիծաղելի ա պռոստո, բայց ամենակարևորը որ Վահագն Հարությունյանը մեզ հաթաթա էր տալիս, Սերժ Սարգսյանով էր վախացնում: Ինքը ասում էր, որ Սերժ Սարգսյանի մարդն ա, իրան դաժե Աղվան Հովսեփյանը չի կարա ասի, … մի խոսքով, էս իմ երկիրն ա, ես ոնց որոշեցի տենց անում եմ»: Մնացականյանը պնդում է, որ սուտ ցուցմունք է գրել Աբգարյանի դեմ, մտածելով, որ «թեկուզ մեկ- երկու տարի նստի Վահագը, բայց իրա կյանքին բան չսպառնա»:
Նա վստահեցնում է, որ հարցաքննությունների ժամանակ քննիչների «կաբինետներում » «չգիտեմ ինչու ՀՔԾ ում, կամ ամեն տեղ» տեսել է Լուսունե Սահակյանին, որ Վահագն Հարությունյանը անընդհատ միջամտում էր մյուս քննիչների՝ Աղաբաբյան Գրևորգի և Վաղինակ Ջանազյանի աշխատանքին:
Արթուր Մնացականյանը հարցազրույցում խոստովանում է, որ Վահագն Հարությունյանը պահանջել է իրենից, որ «մի բուկետ գրի» Վահագն Աբգարյանի, Վլադ Դավթյանի, Թաթուլ Շուշանյանի ու կաշառքի գործով անցնող մյուս քննիչների դեմ, բայց ինքը միտք է ունեցել գնալ Հայաստանի հետ դիվանագիտական կապեր չունեցող մի երկիր ու այնտեղից պատմել իրականությունը:
Նա նաև մեղադրում է Վահագն Աբգարյանի շահերը մինչև վերջերս ներկայացնող փաստաբան Հակոբ Ճարոյանին քննիչների հետ համագործակցելու համար:
«Իմ գալու որոշումը կայացել ա, որ ես ճշտել եմ, որ Ճարոյան Հակոբը չի լինելու Վահագի փաստաբանը, — ասում է Մնացականյանը, — որ պահանջում էին, որ սուտ գրեմ, ասում էի՝ սրա տակից դուրս գալ ա պետք, բա Ճարոյանը ի՞նչ կասի, Հարությունյան Վահագը ասում էր՝ Հակոբը մերն է, Հակոբը պրոբլեմ չի»:
Փաստաբան Հակոբ Ճարոյանը այս պնդումները զրպարտություն է համարում: Նա պատրաստվում է դատի տալ Արթուր Մնացականյանին:
«Իմ և Վահագն Աբգարյանի պայմանագրում կար կետ, որ եթե որևէ անձ մանսակցում է նրա պաշտպանությանը, ես հրաժարվում եմ նրա պաշտպանությունից, — ասում է Ճարոյանը, — Քանի որ նա որոշեց, որ այլ անձ էլ է մասնակցելու, ես ինքս հրաժարվեցի պաշտպանությունից: Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի հետ իմ կապերին:
Բացառվում է, որ Վահագ Հարությունյանը նման արտահայտություն աներ: Որևէ անձ երբեք չի կարող հիմնավորել, որ ոչ միայն այս գործով, այլև որևէ այլ գործով, հանկարծ համագործակցել եմ իրավապահ մարմնի հետ ի վնաս իմ պաշտպանյալի: Ես սա զրպարտություն ու սուտ եմ համարում, հայցը արդեն մուտքագրել եմ դատարան: Կամ Արթուր ՄՆացականյանը կապացուցի, որ Վահագն Հարությունյանը նման արտահայտություն է արել, կամ նա ներողություն կհայտնի լրատվամիջոցներով ինձ զրպարտելու համար», — ասաց փաստաբանը Forrights.am-ին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: