Սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 19 համայնքներում: Նոր գյուղապետեր ու ավագանիներ կընտրվեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերում:
Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում առաջին անգամ գյուղի ավագանու ընրություններում կպայքարեն նաև կին թեկնածուներ, որոնց աջակցում է
«ՕքսԵՋեն» հիմանդրամի «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը՝ օգնելով նախընտրական ծրագիր կազմել և կազմակերպել քարոզարշավը: Օրերս Դիլիջանում ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարի ժամանակ հնարավորություն ունեցանք հանդիպելու ու հարցեր ուղղելու կին թեկնածուներից երկուսին:
Սահմանամերձ Սարիգյուղում ավագանու 5 տեղի համար պայքարում են 11 թեկնածուներ, որոնցից 3-ը կանայք են: Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի 44-ամյա բնակիչ Լուիզա Ռևազյանը, որը նաև գյուղի դպրոցի տնօրենն է, Թավշյա հեղափոխությունից հետո է որոշել մասնակցել ընտրություններին ու առաջադրվել: «Մտածեցի, որ երկրում բան է փոխվել, դեպի լավը հույսեր, գաղափարներ կան, ու ոնց որ ես էլ ինքս ինձ համոզեցի, որ մեր սկսած գործը պիտի անավարտ չթողնենք, որոշեցի դառնալ ավագանու թեկնածու»,-պատմեց նա՝ հավելելով. «Սա եզակի դեպք է մեր համայնքում, որ թեկնածուներից 3-ը կին ենք»:
Մեզ հետ հանդիպած գյուղի ավագանու մյուս կին թեկնածու Օֆելյա Ռևազյանը Իջևանի զինկոմիսարիատում հաշվառման գծով տեսուչ է աշխատում: Նա նաև Արցախյան պատերազմում զոհված Համլետ Աթաբեկյանի այրին է, ում անունով է վերջերս անվանակոչվել Սարիգյուղի դպրոցը: «Հարևաններս, զոհվածի այրիները համոզեցին, որ իրենց խնդիրները բարձրացնեմ: Հարցեր կար հարևանության մեջ: Կան հարցեր, որոնք տղամարդիկ ուրիշ ձև են նայում»,-պատմեց նա:
Կին թեկնածուն գյուղապետարանում առաջնահերթ բարձրացնելու է գյուղի երեխաների համար սպորտային ու մշակութային խմբակների ստեղծման հարցը: «Գյուղ ա, բայց իրենք էլ են ուզում իրենց երեխաները ամեն ինչից օգտվեն: Գյուղի երեխեն շատ ա խեղճ մնում: Ո՞վ կարա երեխուն տանի Իջևան ամեն անգամ, 18 կմ է: Հազվագյուտ ծնողներ են կարողանում երեխաներին քաղաք տանել՝ խմբակների մասնակցելու համար»,-գյուղացիների հոգսից կիսվեց ավագանու թեկնածուն:
Մյուս թեկնածուն՝ Լուիզա Ռևազյանն էլ հավելեց, որ պատճառը ոչ միայն ֆինանսական է, այլև կազմակերպչական: Բացի դա, Սարիգյուղը չունի մշակույթի տուն: «Մասամբ կրակոցներից, մասամբ անձրևներից ավերվել է ու մեր երեխաները մշակույթից դուրս են մնում»,-դժգոհեց նա՝ հավելելով, որ ընտրվելու դեպքում բարձրացնելու է նաև գյուղի ուսանողների տրանսպորտի խնդիրը, ինչից զրկված են գյուղի երիտասարդները:
Գյուղի կանայք նաև մի շարք այլ խնդիրներ են գրանցել, որոնց լուծումները պատրաստվում են որոնել ավագանիում:
Ասում են՝ ավագանու տղամարդ թեկնածուները իրենց խեթ չեն նայում, թե կնիկն ինչ գործ ունի գյուղը կառավարելու հարցում, հակառակը, օգնել են գրանցվելու համար Նոյեմբերյան գնալ:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: