Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Անվտանգության խորհրդի երեկվա նիստում կայացած թեժ քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մոտեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հայտնել, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել։
Forrights-ը փորձեց ոստիկանությունից ճշտել ինֆորմացիայի հավաստիությունը, կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունները․
«Ոստիկանության պետին՝ վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը, ուստի խնդրում եմ Կառավարության հետ այդ հարցերը»,-ասաց նա։
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ կապ հաստատեցինք, ով ևս ոչ մի տեղեկություն չուներ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին տեղեկության հավաստիության վերաբերյալ․ «Չեմ հաստատում այդ լուրերը»,-ասաց նա, հավելելով, որ ինֆորմացիային չի տիրապետում։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ոստիկանապետի հրաժարականի մասին լուրերին․ «Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեր այդ հարցը, քանի որ կա հստակ սահմանված օրակարգ՝ ինչի մասին պետք է խոսվի։ Բացառապես հստակ սահմանված օրակարգով է եղել քննարկումները»։
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրներին, այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են մի շարք ներքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը: Խոսվել է նաև ոստիկանության կողմից դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհների բացման անհրաժեշտության մասին, որոնք արգելափակել են բնապահպանները և ակտիվիստները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Օսիպյանը կասկած է հայտնել, որ ճանապարհների բացման գործընթացը հարթ կանցնի, և ներկայացրել է ակտիվիստների դեմ ուժի կիրառման վտանգները:
«Վարչապետը հայտարարել է, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, ապա գործողությունները կղեկավարի ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը, որի թեկնածությունը դիտարկվում է նաև ԱԱԾ տնօրենի պատշոնի համար: Լարված իրավիճակում անցած զրույցը հանգեցրել է նրան, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Համապատասխան հրամանագիրը հրապարակվի վաղը»,- հաղորդում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ ավելի ուշ հանդես գալով հայտարարությամբ և ասելով, որ «իր որոշումը ստեղծված իրավիճակում և հետագա զարգացումների համատեքստում Հայաստանին ծառայելու ամենահիմնավոր տարբերակն է»:
Նրա խոսքով՝ իր հրաժարականը պետք է ազդակ լինի Հայաստանի ղեկավարության համար քաոսային որոշումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: