Խորհրադարանն այսօր առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․
«Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք.
Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին:
Անկեղծ ասած` հուզված եմ:
Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»,-գրել է պատգամավորը։
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ օրենքի նախագիծը․
Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
- Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: - Նույն արարքը, որը կատարվել է
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով,
4) առանձին դաժանությամբ,
5) խուլիգանական դրդումներով,
6) անչափահասի ներկայությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով: - Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: