Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ Աշոտ Ենգիբարյանը Forrights.am-ի խմբագրություն է դիմել՝ ահազանգելով, որ տեղեկություն չունի դատապարտյալ որդուց, քանի որ նրան «Մեղրի» ՔԿՀ-ի բաց ռեժիմից անհայտ պատճառով տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ-ի փակ ռեժիմ ու տարել Երևան:
«Տղուս պետք ա օտպուսկ տային՝ որպես խելոք դատապարտյալ, ես էլ ուրախացել էի, ասեցի՝ կգա, տունը խելքի կբերենք, կկարողանանք նորմալ ապրել, մեկ էլ խաբար եղա, որ Իգնատին տարել են Գորիս ՔԿՀ, ապա «Նուբարաշեն»՝ փակ ռեժիմ ու արդեն քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք»,- օրեր առաջ Forrights.am-ին ահազանգեց դատապարտյալ Իգնատ Ենգիբարյանի հայրը՝ Աշոտ Ենգիբարյանը՝ շարունակելով. «Պատկերացնո՞ւմ եք, բացից միանգամից տարել են փակ։ Մեր համար շատ անսպասելի էր էս որոշումը»:
Ամիսներ առաջ դատապարտյալներ 27-ամյա Իգնատ Ենգիբարյանին և 50-ամյա Առուշան Սարգսյանին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կիսաբաց ռեժիմից լավ վարքի համար տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ-ի բաց ռեժիմ՝ Նռնաձոր գյուղ։ Տեղափոխման դիմում Տեղաբաշխման հանձնաժողով ներկայացրել է հենց «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը, որն օրեր անց բավարարվել էր հանձնաժողովի կողմից։
Սակայն, մեկ ամիս անց, Գլխավոր դատախազությունը բողոքարկում է Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը և պահանջում վերանայել այն։ Դատապարտյալներ Ենգիբարյանին և Սարգսյանին տեղափոխում են նախ Գորիս ՔԿՀ փակ ռեժիմ և պահում այնտեղ շուրջ 15 օր, ապա տեղափոխում «Նուբարաշեն» ՔԿՀ՝ փակ ռեժիմ, որն օրենքի ակնհայտ կոպիտ խախտում է:
«Քրեակատարողական ծառայության համար ևս անսպասելի է եղել Գլխավոր դատախազության որոշումը։ Այս պահին մենք սպասում ենք Տեղաբաշխման հանձնաողովի նիստին, որի ընթացքում կքննարկի դատապարտյալներ Իգնատ Ենգիբարյանի և Առուշան Սարգսյանի պատժի կրման ռեժիմի փոփոխության հարցը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Գլխավոր դատախազությունը՝ մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ որոշումների կայացման համար հիմք է հանդիսացել պատժի կրման ընթացքում ստացած կարգապահական տույժերը։ Մասնավորապես, Սարգսյանը կարգապահական տույժի է ենթարկվել 5 անգամ, Ենգիբարյանը՝ 4:
«Դատապարտյաները պատժի կրման ողջ ընթացքում չեն արժանացել խրախուսանքի, նրանց վարքագիծը գնահատվել է բացասական, իսկ նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձր: Այսինքն, դատապարտյալները չէին կարող բնութագրվել դրական, մինչդեռ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը դատապարտյալներին դրական է բնութագրել։ Որոշումները հակասում են քրեակատարողական օրենսդրությանը և ենթակա են վերանայման»,- Forrights-ին պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Մենք տեղյակ ենք, որ մի անգամ իրեն հեռախոս ունենալու համար կարցեր տարել են, բայց ինքը ընդհանուր առմամբ շատ կարգապահ ա եղել: Առավել ևս, որ դիմել ա վաղաժամկետ ազատման համար ու աշխատում էր ոչ մի չեպե չունենալ»,-դատախազության նշած տույժերի թիվը կասկածի տակ առավ Իգնատի քույրը՝ Գարունիկ Ենգիբարյանը՝ հավելելով, որ վերջերս անգամ իրենց թաղային ոստիկանն է դրական բնութագիր տվել եղբորը:
Իգնատի հայրը՝ Աշոտ Ենգիբարյանը նույնպես տարակուսեց դատախազության պարզաբանումից: «Իմ տղան իրեն խելոք է դրսևորել՝ օրեցօր սպասելով վաղաժամկետ ազատմանը ու հանկարծ սե՞նց: Ինքը բանտում լավ վարք է ունեցել, դրա համար ընդառաջել են, փոխել են ռեժիմը նախ՝ փակ ռեժիմից տեղափոխել են կիսաբաց ռեժիմ, հետո արդեն բաց ռեժիմ են տեղափոխել: Մեղրիում արդեն պետք է պայմանագիր կապեր, հող մշակեր, բայց միանգամից կասեցրել են, բերել են Երևան ու ոչ մի տեղեկություն չեն հայտնել մեզ»,- դժգոհեց հայրը:
Իգնատ Ենգիբարյանը 2012 թ-ին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել բանակում ծառայակցի սպանության համար, երբ 19 տարեկան է եղել: Թեև դատարանում պնդել է, որ ինքը չի կատարել այդ հանցանքը ու որ իրենից բռնությամբ են նախաքննական խոստովանություն կորզել, դատարանը դա հաշվի չի առել:
«Իմ տղան շատ խելոք տղա է եղել, Շամշադինում իր ծառայակցին սպանեցին, բարդեցին տղայիս վրա: Ես վստահ եմ, իմ տղեն կյանքում ոչ մեկին վատություն չի արել: Դա հնարավոր բան չի: Ինքը միամիտ, խեղճ, գյուղի տղա ա, բանակում վախեցել ա, ճնշման տակ մեղքը վերցրել ա իրա վրա: Դատի ժամանակ պնդել ա՝ ես չեմ արել, էս ամեն ինչը սարքած ա, հրաժավել ա նախաքննական ցուցմունքներից, բայց էդ չի ազդել»,-պատմեց Իգնատի հայրը՝ շարունակելով.
«7,5 տարի բանտում է: Փակ ռեժիմից իրեն լավ դրսևորելու համար տեղափոխեցին կիսաբաց ռեժիմ: Մի քանի ամիս առաջ էլ տեղափոխեցին Մեղրի՝ բաց ռեժիմ: Էնտեղ տարբեր գործեր էր անում, բեսեդկա էր սարքել: Ոչ մի չեպե չուներ, մենք էլ սպասում ենք, որ վաղաժամկետ ազատվի, բայց Մեղրիից տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ՝ փակ ռեժիմ, հետո Երևան՝ էլի փակ ռեժիմով»:
Նրա խոսքով՝ տղան որևէ կախվածություն չունի, չի հարում քրեական ենթամշակույթին, սիրում է ձեռքի աշխատանքով զբաղվել, օգնել տարբեր գործերում և պատժի կրման 7 տարիների ընթացքում դրսևորել է լավ վարքագիծ․
«1 տարի 2-3 ամիս ա մնացել, որ դուրս գա, բայց մեր տունն էնքան անմխիթար վիճակում ա գտնվում, որ իրա մի օր առաջ ազատ արձակվելը մեր համար շատ կարևոր ա։ Անձրևների ժամանակ վթարային իրավիճակ ա ստեղծվում տանը, էն որ դուրսը կանգնես ավելի լավ ա, քան՝ մտնես տուն։ Ես էլ կույր եմ, առաջին կարգի հաշմանդամ, թոշակի հույսով ենք ապրում, հույս ունեինք Իգնատս բաց ռեժիմում կաշխատի, հետո էլ պայմանականով ազատ կարձակվի ու կգա մեզ խնամելու»,- իր մտահոգությունների մասին բարձրաձայնեց Աշոտ Ենգիբարյանը։
Իգնատի ծնողներն անգամ գումար չունեն, որ տղային այցելեն բանտում, վերջին անգամ 5 ամիս առաջ են այցելել: Նրանք Իգնատի տատիկի ու երիտասարդ քրոջ հետ ապրում են սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում՝ Իգնատի առաջին կարգի հաշմանդամ կույր հոր ու տատիկի թոշակով: Իգնատի մայրը նույնպես վատառողջ է, սակայն հաշմանդամության կարգ չունի ու թոշակ չի ստանում: Մեր այցելության պահին Հրազդանի Ջրառատ թաղամասի նրանց տունը ողողված էր անձրևաջրերով, իսկ պատերը խոնավությունից բորբոսնել էին:
Անգամ հիմա, երբ աշունը դեռ նոր է սկսվեն, նրանց Հրազդանի տանը արդեն ոչ տանելի ցուրտ էր՝ խոնավության ու շատ վաղուց վերանորոգման երես չտեսնելու պատճառով: Տանը բաղնիք կամ զուգարան չկար: Իգնատենց գոմի տանիքը արդեն փլվել է, ծնողները վախենում են՝ տան տանիքն էլ մի օր փլվի իրենց վրա:
«Գոնե տղես վաղաժամկետ ազատվի, գա, էս ավերակներին տեր կանգնի, մի օր կփլվի վրաներս: Ես ի վիճակի չեմ նորոգել, ոչ ուժ ունեմ, ոչ փող»,-ասաց հաշմանդամ հայրը:
«Մեղրի» ՔԿՀ-ի բաց ռեժիմից տեղափոխված մյուս դատապարտյալ, 50-ամյա Առուշան Սարգսյանի ընտանիքը նույնպես անապահով է: Նա ծնողներ չունի, ունի կին ու 10 տարեկան աղջիկ: Նրա զոքանչը՝ Կարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ էլ տեղյակ չեն՝ ինչու են Առուշանին տեղափոխել բաց ռեժիմից՝ փակ ռեժիմ:
«Մի կերպ գոյատևում ենք: Տույժերից տեղյակ չենք, բայց միթե՞ այդքան տարվա մեջ, որ նստած է, տույժերը չանցան: Չի կարելի մարդկանց իրավունքն էդքան ոտնահարել»,-սրտնեղեց զոքանչը՝ հավելելով. «Վերջերս սրտի խնդիր է ունեցել ու բարձր ճնշում, ասում է՝ էլ չեմ դիմանում: Արդեն երեխան 5-րդ դասարան է, հոր կարոտով է մեծանում: Հույսով սպասում են վաղաժամկետ ազատման: Ինքը շատ լավ պապա է իր բալիկի համար, լավ ամուսին՝ կնոջ համար»:
Բաց ռեժիմից միանգամից փակ ռեժիմ տեղափոխված դատապարտյալները դիմում են ներկայացրել պայմանական վաղամկետ ազատ արձակման համար ու մեծ հույսով սպասում են։ Առուշան Սարգսյանին քրեակատարողական հիմնարկը դրական բնութագիր է ներկայացրել, Պրոբացիոն ծառայությունը՝ բացասական։ Իգնատ Ենգիբարյանի դիմումը դեռևս ընթացքի մեջ է։
Իգնատ Ենգիբարյանի վաղաժամկետ ազատման հարցը քննվելու է եկող շաբաթ:
Այսօր Քրեակատարողական ծառայությունից տեղեկացանք, որ Իգնատ Ենգիբարյանին ու Առուշան Սարգսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, որտեղ նրանք նախկինում պահվել են:
Մանրամասները դիտեք տեսանյությում:
Ռոզա Վարդանյան
Մարինե Խառատյան
Լուսանկարների հեղինակ Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: