Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների պատճառով 9 ամիս առաջ ազատության մեջ հայտնված ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանի բողոքի քննությունը շարունակվում է։
Վերջինս բողոքում է նախկինում հատուկ կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Միրզոյանի որոշման դեմ, ինչպես նաև պահանջում է, որ գործը կրկին քննվի՝ «անօրինությունները բացահայտելու նպատակով»:
Այսօրվա նիստին չէր ներկայացել նախաքննական մարմին ներկայացուցիչ Սմբատ Մխիթարյանը և նախկինում հատուկ կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Միրզոյանը։
Կողմերը չառարկեցին, որ նիստը շարունակվի առանց նախաքննող մարմին ներկայացուցչի։
1993 թվականի դեկտեմբերի 23-ին, Անդրանիկ Միրզոյանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Վահագն Մարուքյանը փախուստի փորձ է կատարել, վնասազերծման հետևանքով վիրավորվել է․
«էս ինչ հեքիաթներ ա, ես չգիտեմ։ Որոշման մասին ես իմացել եմ իմ ազատվելուց մեկ ամիս առաջ՝ Դատախազությունից։ Էդ որոշումն աբսուրդ ա, իրականությանը չի համապատասխանում»,-նախորդ դատական նիստին իր վրդովմունքն էր հայտնել նախկին դատապարտյալը, մանրամասնելով, որ իր քրգործի նյութերի մեջ որևէ խոսք, անգամ որևէ տառ նույնիսկ չկա իր փախուստի մասին։
Ազատության մեջ գտնվելուց հետո, Մարուքյանն արխիվից ստանում է վերոնշյալ որոշումը, որում չկա ծանուցման ժամկետը, արդյունքում Վահագը հետո է իմանում նման որոշման գոյության մասին, ինչի արդյունքում՝ հնարավորություն չի ունենում այն բողոքարկելու։
«Որոշման մասին իմանալուց հետո, ես դիմել եմ դատախազություն, եկել ա քննիչ Մխիթարյանը, արձանագրություն ա կազմել ու գնացել: Որոշ ժամանակ անց քննիչն ինձ իմ բառերով, իմ պատմածներով պատասխանում ա, որ որևէ իրավական հիմք իմ պամախները չեն պարունակում»։
«Այս որոշման մեջ եղած փաստերն աղավաղված ձևով են դատարանին ներկայացվել։ Կան բազմաթիվ անճշտություններ․ որոշումն անհիմն է և կատարվել է ոչ օբյեկտիվ և ոչ բազմակողմանի քննության արդյունքում»,-դատարանին ասաց բողոքաբեր Վահագն Մարուքյանի ներկայացուցիչ Լուսինե Ասլանյանը։
Մեղադրող կողմն անհիմն համարեց բողոքը, կարծիք հայտնելով, որ ենթակա է մերժման։
Նախագահող դատավորը լսելով կողմերին հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: