Զինվորական ծառայության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը Պաշտպանության նախարարությունը սկսեց կիրառել Ապրիլյան պատերազմից հետո՝ հայրենիքի պաշտպանությունը գրավիչ դարձնելու, երիտասարդներին դեպի բանակ բերելու նպատակով: Մասնավորապես, «Ես եմ» ծրագրով ծառայողները 5 ամիս ծառայելուց հետո ամիսը մեկ մի շաբաթով արձակուրդ գնալու իրավունք են ստանում, նաև մոտ 35 հազար դրամ են պետությունից՝ որպես աջակցություն, իսկ 3 տարի ծառայելուց հետո այս ծրագրով ծառայողները պետությունից նպատակային գումար են ստանում՝ 5 մլն դրամ՝ բնակարան գնելու, ֆերմա կառուցելու, կամ ուսման վարձը մուծելու համար:

Բայց արի ու տես՝ լայնորեն գովազդված այս ծրագիրն իրականացվում է խախտումներով: Ծրագրով տրված արտոնությունները զինծառայողների չեն տրվում: Խոստացված արձայուրդը ժամանակին չեն տրամադրում, ցանկության դեպքում  հրամկազմը կարող է ըստ քմահաճույքի դուրս շպրտել նրանց «Ես եմ» ծրագրից, զրկելով խոստացված արտոնություններից:

Այսպես պատահեց  Սպիտակի 19-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Արմեն Պարավյանի հետ: Նա մեկ տարուց ավելի է, «Ես եմ»-ով ծառայում էր Ասկերանի զորամասերից մեկում: Նախ, Արմենին անհայտ պատճառներով ամիսներով զրկում էին տուն գնալու իրավունքից, ապա նաև չէին տրամադրում պատշաճ բուժօգնություն, այն դեպքում, երբ Պարավյանը առողջական խնդիրներ ունեցավ՝ որովայնի ճողվածք, կիստաներ՝ սեռական օրգաններում: Այդ հիվանդությունները հայտնաբերվել են ծառայության հենց առաջին ամիսներին: Նա սուր ցավեր էր ունենում որովայնի շրջանում: Վիրահատությունը անհայտ պատճառներով ձգձգվում էր:

Զինծառայող Արմեն Պարավյանի խնդիրները լուսաբանեցինք հուլիսին մեր ««Ես եմ» ծրագրով զինծառայողը ծանր վիճակում է. նրան չեն բուժում և ապօրինաբար զրկել են ամենամսյա արձակուրդներից» հրապարակման մեջ:

Պաշտպանության նախարարությունն արձահանգեց օպերատիվ կարգով: Արմեն Պարավյանին վիրահատեցին: Նրա արձակուրդ մեկնելու իրավունքը վերականգնվեց, սակայն կարճ ժամանակ անց նրան պարզապես հանեցին «Ես եմ» ծրագրից՝ ցնցող պատճառաբանությամբ: Պարզվում է, զինծառայողը չափից դուրս շատ ժամանակ է անցկացրել հոսպիտալներում, ինչի իրավունքը նա չուներ: Այս մասին Forrights.am -ին հայտնեց Արմեն Պարավյանի մայրը՝ Գայանե Դալլաքյանը:

«Նրան »Ես եմ»-ից հանել են: Զանգեց, ասեց, որ հանել են: Նրան երկար տարել-բերել են, մայիս ամիս չաստի մեջ ա մնացել, մի ամիս էլ հիվանդանոցներում, վերջապես վիրահատեցին Ղարաբաղում, հիմա էլ դուրս են հանել «Ես եմ»-ին», — պատմում է վրդովված մայրը: Նա ծայրահեղ չքավոր է: Անգամ հարմար ապահով տանիք չունի գլխավերևում: Ապրում է կիսաքանդ դոմիկում:

Արմեն Պարավյանի հետ էլ կապվեցինք: Նա մեզ հեռախոսով, Ասկերանից հայտնեց հետևյալը. «Ասում են՝ 15 օր մի հոսպիտալում ես պառկել, 17 օր էլ էն մյուս հոսպիտալում, գումարում ես իրար, 32 ա լինում, ազատականի օրերը լրանում են: Ուրեմն, դու «Ես եմ»-ից դուրս ես գալիս: Բայց չէ որ ես իրենց մեղքով եմ հոսպիտալներում այդքան ժամանակ անցկացրել: Ինձ աննպատակ պահել են, վիրահատությունս ձգձգել են, հիմա իրենց պատճառով ինձ դուրս են հանում»:

Արմեն Պարավյանն արդարանում է հիվանդանոցներում երկար պառկելու համար. «Ես իրենց ասել եմ, որ 15 օր անիմաստ պառկել եմ Խոջալուի հոսպիտալ, այնտեղ ինձ ուղարկել են մեր բուժմասի բժիշկը: Հուլիսին էլ 17 օր ուղարկել են Ստեփանակերտի հոսպիտալ: Հիմա ինձ ասում են՝ օրերդ լրացան, վերջ, «Ես եմ»-ից դուրս ենք հանում: Իրենք օրենքով իրավունք չունեն նման բան անել»:

 Մենք պարզեցինք, որ օրերի թվաբանությունը և զինծառայող Արմեն Պարավյանին »Ես եմ»-ից հանելու գաղափարը Ասկերանի զորամասի մայոր Արո Սարգսյանինն է:

Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Արդյոք օրինական է զինծառայողին «Ես եմ» ծրագրից հանելը այն բանի համար, որ նա, վիրահատվելու ու 32 օր հոսպիտալներում անցկացնելու համար բացակայել է ծառայությունից: Մեր հարցին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Թող զանգի մեր «Թեժ գիծ» ու հայտնի այնտեղ»:

Իրավունքի հարցերով ՊՆ-ում զբաղվում են ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում: Կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը մեզ պատասխանեց, որ հնարավոր է, որ առողջական վիճակի պատճառով, եթե զինծառայողը չի կարողանում ծառայությունն իրականացնել, նրան հանեն ծրագրից: Սակայն խոստացավ ճշտել և նոր միայն պատասխանել մեզ ավելի ուշ: Մեր հարցին՝ եթե  անձը զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվում ու ժամկետից շուտ ծառայությունից արձակվում է, արդյո՞ք օրենքով սահմանված չի, որ նա ստանա պետությունից խոստացված 5 մլն դրամը:

«Պետք է նայենք», — ասաց Ալիկ Ավետիսյանը:

 Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest