Ռոբերտ Քոչարյանի դիմումով Սահմանադրական դատարանի երեկվա որոշման և այլ հարցերի առթիվ Forrights.am-ի հարցերին պատասխանում է «Մարտի 1-ի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, նույն քրեական գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
-Տիկին Սաֆարյան, ի վերջո, ի՞նչ ազդեցություն կունենա ՍԴ երեկվա որոշումը։ Տեսանք, որ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ առաջիկա դատական նիստում, համաձայն ՍԴ որոշման, Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի կալանքից։ Կան նաեւ հակառակ կարծիքներ։
-Ես կարծում եմ, որ այն հարցը, որը քննարկվել է ՍԴ-ում, ի սկզբանե դրա գործառույթներում սահմանված չէ, որովհետև 35 հոդվածը որևէ հակասություն չունի Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հոդվածների՝ 61, 27, 63 հոդվածների հետ որևէ հակասություն չունի։ Անգամ եթե դա փորձենք մեկնաբանել հատուկ կարգավիճակ ունեցող անձի դիրքերից։ Նախ՝ 35 հոդվածը սահմանում է քրգործի վարույթը բացառող հանգամանքները, և որևէ կապ չեմ տեսնում, որովհետև Քոչարյանի գործով վարույթը բացառող հանգամանքներ չկան, որ դրան խանգարող լինի հատուկ կարգավիճակի հետ կապված դրույթը չսահմանելը։ Այսինքն՝ դա իրար հետ չկապված իրավիճակ է։ Քրօրի 35 հոդվածը չի կարող հակասահմանադրական լինել միայն այդ տեսանկյունից։
-Այսինքն՝ ՍԴ անդամները սխա՞լ որոշում են կայացրել։
-ՍԴ անդամները սխալ են այդ գործով, այդ գործառույթն իրենցը չի։ Օրենսդրական փոփոխությունների հարկ լինելու դեպքում, եթե անգամ 35 հոդվածում թերություն կա, որը անձի իրավունքների սահմանափակման մասին ենթադրենք կարող է ինչ որ բան վկայել, դրա համար ՍԴ-ն ընդամենը կարող էր դիմել ԱԺ-ին և ասել, որ այդպիսի խնդիր կա։ ԱԺ-ն ինքը կորոշեր՝ 35 հոդվածում ինչ-որ բան պիտի՞ ավելացվի, թե՞ չավելացվի։ Բայց էս հոդվածը ընդհանուր հոդված է, ընդահանուր սահմանված և որևէ կապ չունի Սահմանադրության մատնանշված հոդվածների հակասահմանադրականության հետ։ Փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ են պատճառաբանելու ՍԴ-ում։ Հիմնավորման մեջ պետք է ներկայացնեն չէ էդ պատճառական կապերը՝ հակասահմանադրականությունն ինչո՞ւ է դրսևորովել, ես չեմ կարողանում հասկանել, թե անձի դատարան դիմելու իրավունքն ինչով է սահմանափակվել 35 հոդվածում հատուկ կարգավիճակ ունեցող անձի գործառույթային անձեռնմխելիության վերաբերյալ դրույթը չնշելով։ Այս ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչրյանն ակտիվորեն օգտվել է իր դատական վիճարկումների իրավունքից, անգամ Եվրոպական դատարան գործ է ներկայացրել։ Դատարան դիմելու նրա ո՞ր իրավունքն է խախտվել։ Ես էդտեղ խախտումներ ընդհանրապես չեմ տեսնում։
-Ասել է թե՝ կարծում եք՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը չի՞ խախտվել։
-Իհարկե, չի խախտվել։ Ազատության իրավունքը չի խախտվել, որովհետև սահմանափակվել է օրինական կերպով։ Անձին առաջադրվել է մեղադրանք։ Մեղադրանք առաջադրված անձի նկատմամբ պետք է կիրառվի խափանման միջոց, ինչը արվել է և սա իրավաչափ սահմանափակում է։ Անձնական ազատության իրավունքը չի խախտվել։ Կխախտվեր, եթե հիմնավոր կասկած չլիներ, մարդուն տանեին դատարան և անհիմն դատապարտեին։ Կխախտվեր, եթե հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայության պարագայում իսկապես խափանման միջոց ընտրվեր դրա իրավաչափության հետ կապված, կամ ձերբակալեին ապօրինի, պահերի ոստիկանության մեկուսարանում կամ բաժնում։ Էս կարգի խախտումներ լինելու դեպքում կարող էինք ասել, որ անձնական ազատության սահմանափակում եղել է։ Բայց օրինաչափ գործողությունների արդյունքում փորձել արձանագրել, որ ազատության իրավունքը սահմանափակվել է, ուղղակի հասկանալի չէ, թե ինչ է նկատի ունեցել ՍԴ-ն նմանատիպ հանգամանք արձանագրելով։ Ես էլ եմ սպասում, որ էդ որոշումը կհրապարակվի և մանրամասնության ականատես կլինենք։ Նաև հերթական շեդևր է ՍԴ-ի կողմից, որովհետև ամբողջ էս ընթացքում ՍԴ-ն լարվածության մեջ է պահել բոլորին։ Անգամ երբ Վերաքննիչ դատարանը ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու հիմքերի պարագան արձանագրեց իր որոշման մեջ, որոշեցին մեկ այլ եղանակով խոցելի դարձնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքների սահմանադրականությունը։
— Փաստ է նաեւ, որ ՍԴ որոշումները այլ ատյաններում բեկանման ենթակա չեն։ Ի վերջո, ի՞նչ է սպասվելու Քոչարյանի գործով առաջիկա դատական նիստում։
— Կարծում եմ, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում այդ որոշումից վերցնելու են իրենց ձեռնտու մեկնաբանությունները և փորձելու են դրանք տեղափոխել քրեական իրավունքի դաշտ։ Թե ինչպես կտեղափոխեն, դա արդեն պաշտպանական կողմի խնդիրն է, բայց ես կարծում եմ, որ դրանք անօգտագործելի գնահատականներ են և չեն կարող որևէ կերպ ազդել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վրա և հակառակի մասին վկայել, որ այո, ՍԴ-ն այնպիսի արձանագրումներ է արել, որ դատարանի կողմից ընտրված խափանման միջոցի հիմքերը խարխլվել են։ Այդպիսի իրավիճակ կարծում եմ, որ չի ստեղծվի։ Եվ էս առումով, չեմ կարծում, որ որևէ ազդեցություն կարողանա գործել։
-Ասել էթե՝ դատարանը կարող է չփոխե՞լ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը, չնայած ՍԴ որոշմանը։
-Եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխման ենթակա լիներ, դատարանը նախապատրաստական փուլում դա կփոխեր։ ՍԴ որոշումից հետո էլ ստեղծված իրավիճակը ի օգուտ խափանման միջոցը փոխելու չի գործելու։ Չի կարող գործել, որովհետև բացարձակ կապ չկա խափանման միջոցի հիմքերի հետ։
-Այսօր շատերը նաեւ ասում են, որ ՍԴ կազմը պետք է փոխված լիներ, քանի որ մեծ մասը նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Ի վերջո, ինչ պետք է աներ ՀՀ նոր իշխանությունը, որ չի արել։
— ՀՀ նոր իշխանությունն անմիջապես հեղափոխությունից հետո պետք է կիրառեր հեղափոխության կանոնները, ոչ թե հանգիստ, հանդարտ ժամանակ տրամադրեր, որ նորանոր հակաօրինական ակտեր ծնվեին։ Արագ պետք է ռեֆորմներ իրականացվեին դատական ոլորտում գոնե, եթե հեղափոխական կանոն չէր կիրառվում։ Որոշ դատավորների պետք է հնարավորություն տային, որ իրենց հին տերերից ազատվեին ու արդար դատարան ձևավորվեր՝ արդարության բոլոր կանոններով և էդ դատավորներն էլ իրենց նախկին նշանակողներից որևէ կախվածություն չունենային։ ․․․Բայց այս պարագայում նույն ՍԴ դատավորները, ովքեր կամ աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ նախագահականում, կամ ԱԺ-ում Մարտի 1-ին մասնակցել են արտակարգ դրության հաստատմանը, կամ անգամ արտակարգ դրության հրամանագիրը փորձաքննության են ենթարկել և իրենք ՍԴ-ում դատավոր են աշխատում։ Կան մարդիկ, որոնց անցյալ վերաբերյալ ես հանել եմ ու կենսագրության հետ միասին ներկայացրել եմ ՍԴ և խնդրել եմ՝ այդ 6-7 դատավորներին անհամատեղելի դիտել Ռոբերտ Քոչարյանի գործի լսումների համար՝ Խաչատրյան, Ալվինա Գյուլումյան, Արևիկ Պետրոսյան, Թունյան, Նազարյան։ Գրեթե գերակշռող մասը խոցելի է տարբեր հարցերի հետ կապված։ ․․․ Ես ավելի վատ որոշում էի սպասում ՍԴ-ից։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյությում։
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: