23 տարի անազատության մեջ գտվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը կշարունակի իր պատիժը կրել «Արմավիր» ՔԿՀ-ի պատերի ներսում։ Դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, մերժեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահին:

Դատական ակտի հրապարակումից հետո Forrights-ը փորձեց խոսել դատապարտյալի հետ, սակայն Աշոտը չկարողացավ բառ փոխանակել։ Չկարողացան խոսել նաև դատապարտյալի ծնողներն ու հարազատները․ նրանք շատ հուզված էին։

«Վերաքննիչ ենք բողոքելու, մինչև Եվրոդատարան հասնելու ենք»,- ասաց դատապարտյալի մայրը։

Պետությունը չներեց ցմահ դատապարտյալին, այնինչ տուժող կողմի ծնողները Աշոտին վաղուց են ներել: Չնայած նախորդող նիստերին դատական նիստին չէին ներկայացել, սակայն նոտարական հայտարարություն էին ներկայացրել դատարան, որտեղ նշել էին՝ դեմ չեն, որ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի.

«Թող կյանքի մնացած մասը դրսում անցկացնի»,- ամիսներ առաջ իր խոսքում ասել էր սպանված զինծառայողներից մեկի մայրը՝ տիկին Օսիպյանը:

Քրեակատարողական ծառայությունը դրական էր բնութագրել Աշոտ Մանուկյանին: Նախորդ նիստին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանը ցմահ դատապարտյալի մասին խոսելիս նշել էր, որ դատապարտյալն ուղղվել է և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը նրա մոտ գրեթե բացակայում է:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել էին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ:

Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է գտնվում 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել էր երեք զինծառայողի սպանության համար, որոնցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձևով, պատժի նմանատիպ կիրառումը, սակայն, 2003 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, մահապատիժը փոխարիվեց ցմահ ազատազրկմամբ։

Անազատության մեջ գտնվող դատապարտյալը ձեռքերը ծալած չի նստել։ Այսօր Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս։ Ազատ արձակվելուց հետո նա ապահովվելու է աշխատանքով։ Պատժի կրման տարիներին ամուսնացել է:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest