Սպիտակցի Սոնիկը՝ փակ դռների առաջ. «Տղադ բանակում չի մահացել, եկել ա տուն, նոր ա մահացել»

0
2155

Սպիտակցի Սոնիկ Ղազարյանը ՊՆ աշխատակազմի մշտական հաճախորդներից է, այն սևազգեստ մայրերից մեկը, ովքեր որդի են կորցրել և տարիներ շարունակ զոհված երեխեքի նկարները դոշին՝ նախարարության պաշտոնյաների դռներն են ընկնում, արդարություն որոնելով։

Սոնիկի դեպքում արդարությունը որդու՝ Խաչիկ Բարսեղյանի մահվան հարցում ՊՆ մեղքը ապացուցելն է և որդու գերեզմանը սարքելը։ Զինվորի  մոր համար երկուսն էլ գրեթե անլուծելի խնդիրներ են:

Խաչիկը ծառայության ընթացքում էր մահացու հիվանդություն ստացել, և Սոնիկ Ղազարյանը փոխհատուցում է պահանջում, քանի որ գտնում է, որ որդու մահացու հիվանդության կապված է զինվորական ծառայության հետ։ Զորակոչվելու շրջանում Խաչիկ Բարսեղյանի ոտքի երակի հիվանդություն են հայտնաբերել, բայց կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը որոշել է, որ այն  համատեղելի է ծառայության հետ:

2014 թվականին Խաչիկը զորակոչվել է, իսկ վեց ամիս հետո վերադարձել է հյուծված, ոսկրի քաղցկեղից մաշված ոտքը քարշ տալով։ Մահացել է երկու տարուց։ Հրամանատարը՝ Գևորգ Մկրտչյանը, դաժան ծեծի էր ենթարկել Խաչիկին այն բանի համար, որ նա հրաժարվել է քայլելուց, ասելով, որ ոտքը ցավում է։ Սոնյան համոզված է, որ այս դեպքն արագացրել է որդու հիվանդությունը։ ՊՆ-ում համարում են, որ կապն այս ապացուցված չէ։ «Տղադ բանակում չի մահացել, եկել ա տուն, նոր ա մահացել», — ասել են նրան։

Որդու շիրիմը բարեկարգելը Սոնիկի կյանքի երկրորդ կարևոր գործն է դարձել: Դրա համար պետք է մոտ 1 մլն դրամ՝ աստղաբաշխական գումար ծայրահեղ աղքատության մեջ ապրող կնոջ համար: Նա, ինչպես ինքն է վստահեցնում, անգամ տուն չունի և վարձով է մնում։ 

Բարեսիրտ մարդկանց օգնությամբ երեք տարում կարողացել է 900 հազար հավաքել: Մնացել է վերջին 130 հազարը, բայց բարերարների հետ հարաբերությունները միշտ չէ, որ  հաջողվում են:

«Զինտաքսի» և «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական ընկերությունների ղեկավար Արսեն Մարգարյանը, ըստ Սոնյայի, խոստացել էր օգնել նրան։

«Ասեց՝ մենք քեզ կօգնենք, ես էլ ասեցի՝ շնորհակալ կլինեմ։ Մի որոշ ժամանակ անց, որ զանգեցի՝ ասեց, Սոնա ջան, Քելբաջար եմ, ստեղեմ, ընդեղ եմ։ Անցան ամիսներ։ Մայիսին նորից զանգեցի, ինձ ասեց՝ կգաք։ Ես գնացի, բայց էդ օրը ինքը փախավ։ Ես տեղյակ չեմ, ինչ հաշվեհամար են բացել, ինչ են արել։ Ինձ ասեցին, 13 հազար դրամ է ինձ համար հավաքվել։ Թող փող չտան, մենակ թե սուտ չխոսան»,-  պատմում է Սոնյա Ղազարյանը, կասկածով, որ բարեգործական կազմակերպությունն իրեն խաբում է:

Մենք զանգահարեցինք Արսեն Մարգարյանին։ Նա հերքեց, թե փախել է Սոնյայից, կամ որ նրան ինչ-որ բան է խոստացել։ «Մենք չենք խոստացել զինվորի համար գերեզման կառուցել, մենք ոչ պետություն ենք, ոչ օգնող ունենք, ոչ ոք էլ իրավունք չունի ինձանից պահանջել, թեկուզ ասած ու չարած լինեմ, — պատասխանեց մեզ «Զինվորի քավոր Մարգարյան» կազմակերպության ղեկավար Արսեն Մարգարյանը,- ես անում եմ պատերազմի հերոսների համար, որոնք իրոք օգնության կարիք ունեն, որոնց կարելի է փրկել, Սոնյայի որդու գերեզմանի համար ես գումար չեմ հատկացնի, թող հույսը կտրի»։

Արսեն Մարգարյանը Սոնյայի որդու հարցը բարեգործական կազմակերպության նիստին է դրել Սոսե Մայրիկ հիմնադրամի աշխատակիցների խնդրաքով։ Նիստը որոշել է գրանցել Սոնյային idram.am առցանց վճարումների համակարգում, անձնական համար տալ նրան: Բայց Սոնյային օգնողները շատ չեն եղել: Ընդամենը 13 հազար դրամ են փոխանցել Խաչիկի շիրիմի  համար: Սոնյան վիրավորված է, չի հավատում, լացում է:

Սյուզան  Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here