Պետությունը «կների՞» ցմահ դատապարտյալին

0
1062

«Պատժի կրման հենց առաջին տարիներից զղջացել եմ կատարածս հանցանքի, անդառնալի  հետևանքների համար…»:

23 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը կրկին դատարանում է: Այսօր նա եկել է ապացուցելու, որ արժանի է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր ավարտվեց Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման բողոքի քննությունը: Վաղը 11:45-ին դատարանը՝ Վահե Խալաթյանի նախագահությամբ, կկայացնի դատական ակտ. պետությունը կների ցմահին, թե՞ ոչ, պարզ կլինի վաղը:

Այնինչ տուժող կողմի ծնողները Աշոտին վաղուց են ներել: Չնայած դատական նիստին չէին ներկայացել, սակայն նոտարական հայտարարություն էին ներկայացրել դատարան, որտեղ նշել էին՝ դեմ չեն, որ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի.

«Թող կյանքի մնացած մասը դրսում անցկացնի»,- ամիսներ առաջ իր խոսքում ասել էր սպանված զինծառայողներից մեկի մայրը՝ տիկին Օսիպյանը:

Քրեակատարողական ծառայությունը դրական էր բնութագրել Աշոտ Մանուկյանին: Նախորդ նիստին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանը ցմահ դատապարտյալի մասին խոսելիս նշել էր, որ դատապարտյալն ուղղվել է և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը նրա մոտ գրեթե բացակայում է․ 

«Դատապարտյալի մոտ նկատելի է պետական մտածելակերպ, նա ցանկանում է, որ երկիրը բարգավաճի։ Պետական ռեսուրսների նկատմամբ անտարբեր չի։ Ունի կառուցողական մտածելակերպ: Բացասական դիրքորոշում ունի քրեական ենթամշակույթի հանդեպ: Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը բազմաթիվ երիտասարդների, ովքեր դարձել են հանցագործ և դատապարտվել, ուղղորդել է, որ վերափոխվեն և կյանքի նոր սկիզբ դնեն»,- իր խոսքում ասել էր հոգեբանը։

Գրիգորյանն իր հետ դատարան էր բերել Մանուկյանի հեղինակած «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» անունը կրող գրքույկը, որում ցմահ դատապարտյալը պատմում է 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևանքով ցմահ ազատազրկված լինելու և իր զղջման մասին, երիտասարդներին հորդորելով՝ չկրկնել իր սխալը:

Նորայր Գրիգորյանը գրքույկը հանձնել էր դատավոր Վահե Խալաթյանին՝ հավատացնելով, որ այն վառ ապացույցն է Աշոտ Մանուկյանի՝ ուղղված լինելու և կատարած արարքում զղջալու մասին:

Պրոբացիոն ծառայությունն իր հերթին ևս դրական էր բնութագրել դատապարտյալին, նշել, որ պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, մասնակցել մշակութային և սպորտային միջոցառումներին, ակտիվ ինտեգրվել սոցիալ-հոգեբանական աշխատանքներին, սակայն ինչպես Պրոբացիան, այնպես էլ Քրեակատարողական ծառայությունը նշել էր՝ դատապարտյալի մոտ դեռևս բարձր է նոր հանցագործություն կատարելու ռիսկը: Դատախազ Բրուտյանը ևս համակարծիք էր վերջիններիս հետ: Այս հանգամանքը վրդովեցրեց Աշոտ Մանուկյանի փաստաբան Միհրան Պողոսյանին:

Նա փորձեց հստակեցնել՝ ի՞նչն է հիմք հանդիսացել կասկածի, որ ազատության մեջ գտնվելով, Մանուկյանը նոր հանցանք կկատարի: Քրեակատարողական ծառայության աշխատակիցը նշեց՝ կատարած հանցանքի ծանր լինելը.

«Փաստորեն, ստացվում է, որ ցանկացած ծանր հանցանք կատարած անձ ենթակա՞ չի պատժից վաղաժամկետ ազատ արձակման: Ամեն ինչ պետք է գնահատվի գործի հանգամանքների շրջանակներում: Չի կարող միայն ծանր հանցագործություն կատարած լինելը համարվել պատժից վաղաժամկետ ազատ արձակման մերժման հիմք»,- առարկեց փաստաբանը:

Դատախազ Բրուտյանը հավելեց՝ դատապարտյալն ունի 5 կարգապահական տույժ՝ հեռախոս պահելու համար: Փաստաբանը կրկին առարկեց՝ հեռախոս պահելը չի կարող հիմք հանդիսանալ նոր հանցագործության:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ցմահ դատապարտյալներից: Ուզում ենք, որ նրանք երբևիցե հասարակություն վերադառնալու հնաավորություն չունենա՞ն, թե՞ պետությունը ջանք է գործադրում, ուղղում տվյալ անձանց ու վերադարձնում հասարակություն՝ որպես պիտանի մարդ»,- հավելեց փաստաբանը:

Լսելով դատավարական կողմերին և նրանց ներկայացրած դիրքորոշումները, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ:

Աշոտ Մանուկյանն անազատության մեջ էր գտնվում 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել էր երեք զինծառայողի սպանության համար, որոնցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձևով, պատժի նմանատիպ կիրառումը, սակայն, 2003 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, մահապատիժը փոխարիվեց ցմահ ազատազրկմամբ։

Անազատության մեջ գտնվող դատապարտյալը ձեռքերը ծալած չի նստել։ Այսօր Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս։ Ազատ արձակվելուց հետո նա ապահովվելու է աշխատանքով։ Պատժի կրման տարիներին ամուսնացել է:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here