Մատաղիսի զորամասում հուլիսին զենքի գողություն է տեղի ունեցել: Այս մասին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ին հայտնեց զորամասի մեր աղբյուրը: Միջադեպի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվում: Սակայն, օգտվելով մեր աղբյուրներից, պարզեցինք, որ անհետացած զենքը ԱԿՄ տեսակի ինքնաձիգ է և դեպքով զբաղվում են իրավապահները:
Հետաքրքիր է, որ զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը ևս որոշել է բռնել գողին: Նա կասկածներ է ունեցել, որ զենքը գողացել է ժամկետային զինծառայող, ներկայում զորացրված Ս.Մ-ն:
Հրամանատարը որոշել է պատժել զինվորին, կիրառելով ստրկատիրական ժամանակներում ընդունված պատժամիջոց: Երիտասարդին հրամայել են նստել զորամասի շտաբի առաջ՝ նստարանի վրա, զրկելով սնվելու և գիշերը քնելու հնարավորությունից: Ս.Մ-ն նստարանի վրա անցկացրել է 3 օր, մինչդեռ նրա զորացրման ժամկետը ավարտվել էր: Փաստորեն, այդ 3 օրը Ս.Մ-ին ապօրինաբար պահել են ծառայության վայրում:
Զորամասի մեր աղբյուրից ստացված այս տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Ս.Մ-ի հետ: Նա Լոռու մարզից է, իսկ մինչև բանակում ծառայելը բնակվել է Գերմանիայում, Մակդեբուրգ քաղաքում:
Ս.Մ-ն տհաճությամբ է հիշում հրամանատարի պատժի մասին: Նա չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մանրամասները չցանկացավ հայտնել: Նա ասաց միայն, որ իրեն ոչ թե 3, այլ 7 օր ուշ են տուն թողել:
Ս.Մ-ի շահերը ներկայացնող Արցախի Հանրապետության փաստաբան Արման Բաղրյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ զենքի գողության դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Իր պաշտպանյալ Ս. Մ-ին մեղադրանք է առաջադրվել: Այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց:
Հարցին, թե ինչու է հրամանատարը մի քանի օր Ս.Մ-ին պահել նստարանի վրա, նա պատասպանեց. «Ես դրա մասին տեղեկություն չունեմ: Ես զենքի գողության դեպքով եմ նրան պաշտպանում: Ես կասկածում եմ, որ ոչ թե զորամասի հրամանատարն իրեն բաց չի թողել, այլ, քանի որ քրեական գործ է եղել հարուցված զենքի հետ կապված և իրեն կարգավիճակ չէին տվել, դրա համար են մի քանի օրով հետաձգել նրա զորցրվելը, որպեսզի մինչ այդ նրան կարգավիճակ տրվի և որոշվի խափանման միջոցի հարցը: Այս պահին նա ներգրավված է որպես մեղադրյալ», — ասաց փաստաբան Բաղրյանը:
Նա չմանրամասնեց, թե երբ է տեղի ունեցել գողությունը, ինչ զենքի մասին է խոսքը:
Ձեր պաշտպանյալը գողությունը կատարե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցին փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, նա գողացել է, թե ոչ, դա պարզ կլինի նախաքննության ավարտից հետո»: Այսինքն, հնարավո՞ր է, որ ձեր պաշտպանյալն իրոք զենք է գողացել: Այս հարցին եղավ Բաղրյանի հետևյալ պատասխանը. «Ես Ձեզ չեմ կարող ասել, եղել է նման դեպք, թե ոչ: Այս պահի դրությամբ ես նրա կողմից տեղեկացված եմ, որ նման բան չի եղել»:
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց հետևյալը․ «ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Մխոյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով / «Զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքել հափշտակելը կամ շորթելը»/ և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» վաշտի զինանոցից ԱԿՄ տեսակի ինքնաձիգ հափշտակելու, այն ապօրինի կերպով փոխադրելու և ապօրինի պահելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:
Մատաղիսի զորամասում տեղի ունեցած հանցագործությունների, քրեական դեպքերի վերաբերյալ մեր հետաքննությունը՝ «Զինվորին գցել են գետնին ու ոտքերով ծեծել են» և «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով» հրապարակումները, զայրացրել է պաշտպանության նախարարության պաշտոնյաներին: Փոխանակ ներքին ուսումնասիրություններ սկսեին այս զորամասում, Forrights.am-ի դեմ ֆեյքերի պատերազմ սկսվեց համացանցում, հերքումների տարափ տեղաց, և նույնիսկ ցուցադրական այցելություն կազմակերպվեց Մատաղիսի զորամաս, որի ժամանակ լրագրողներին կերցրեցին-խմեցրեցին ու հնարավորություն տվեցին հրամկազմի ինքնագովեստի խոսքերն ու ակնհայտ կեղծ հերքումները լսել, արձանագր ել և տարածել:
Օրինակ, հարցազրույցներից մեկում զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը պնդում էր, որ իր տեղակալ մայոր Արթուր Ֆահրադյանը, որի մասին գրել էինք, որ նա մեկ տարի առաջ զինվորներին պառկեցրել է գետնին և քայլել նրանց վրայով, իրականում նման բան չի արել: «Ես հերքում եմ դա. այն, ինչի մասին նշված է հոդվածում (զինվորների վրայով քայլել, –խմբ․), չի եղել։ Այնտեղ ամեն ինչ աղավաղված է ներկայացված։ Ֆահրադյանը փորձել է ձեռք բարձրացնել զինվորի վրա ու պատիժ է կրել դրա համար», — ասել է Գյոզալյանը armeniasputnik.am պարբերականին:
Մինչդեռ, ըստ Datalex դատական որոնողական համակարգի տվյալների, Ֆայրադյանը զինծառայողներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով, պատճառելով մարմնական վնասվածքներ»: Այս մասին մայորը խոստովանական ցուցմունք է տվել դատարանում, ուստի նրա գործով դատաքննությունը ընթացել է արագացված ընթացակարգով:
Կարծես, նոր ապացույցներ են հայտնվել նաև Մատաղիսի զորամասում տեղի ունեցած բռնության մեկ այլ քրեական գործով, որը հարուցվել է ս.թ. փետրվարի 10-ին:
Հայտնվել է ականատես վկա, որը ցուցմունք է տվել, որ տեսել է, թե ինչպես են այդ օրը զորամասի սպաներ Էրիկ Խամփերյանը, Գառնիկ Խաչատրյանը, Հարություն Մինասյանը և Ալբերտ Խաչատրյանը դաժան ծեծի ենթարկել ժամկետային զինծառայող, ներկայում զորագրված Ա. Խ-ին:
Վերջինս մեզ տեղեկացրել է, որ գումարտակի սպաներն իրեն «բռնացրել» են սիգարետը ձեռքին, ծխարանի մոտ, իսկ երբ ինքը փորձել է արդարանալ, սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն և զորքի առաջ կամաչացնեն: Զինվորը հակադարձել է իր ծնողին վիրավորող սպաներին և նրանց կողմից ենթարկվել է ինքնադատաստանի: Սակայն ապացույցներ նա չուներ, քանի որ գործով հարցաքննված Ա-ի ծառայակիցերը սկզբում գրել էին նրան ծեծի ենթարկելու մասին, ապա ինչ-ինչ հանգամանքներից ելնելով փոխել էին իրենց նախնական ցուցմունքները, պնդելով, որ Ա. Խ-ն ևս հարվածել է զորամասի սպաներին: Արդյունքում ծեծված զինծառայողն ինչպես և սպաները, մեղադրյալի կարգավիճակ ստացավ:
Այժմ ականատես վկայի հայտնվելուց հետո նախաքննությունն այլ ընթացք կստանա:
Քրեական գործը, հիշեցնենք, հարուցված է փոխադարձ միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու փաստի առթիվ: ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /ստորադասի նկատմամբ բռի գործողություններ կատարելը, կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից /358 հոդվածի 1-ին մասով/ Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության հետ/ և 358.1 հոդվածի 2-րդ մասով /զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը/: Ըստ դատախազության, գործով 5 մեղադրյալ կա:
Պատասխանելով «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության հնչեցրած գնահատականներին, թե Մատաղիսի զորամասը հանցագործության որջ է, որտեղ սպաները տարիներ շարունակ զինվորների բռնության են ենթարկում և մնում են անպատիժ, հրամանատար Գյոզալյանը ասել է.
«Ինչ վերաբերում է սադիզմի մեջ մեղադրելուն ու զորամասը «հանցավորության որջ» ու բոլորին «սադիստ» անվանելուն, ապա դրանք միայն վարկաբեկող խոսքեր են մարտական հերթապահություն իրականացնող զորամասի նկատմամբ։ Այստեղ սադիստ չկա»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: