Մատաղիսի զորամասում զինվորներին ծեծի ենթարկելը մի բաժակ ջուր խմելու նման մի բան է, ձեռքի սովորություն, բնականոն երևույթ:  Հրամանատարական կազմի մի մասը դատված է, մյուսների դեմ քրեական գործեր են քննվում:

2018 թվականի մարտի 7-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արագացված քննությամբ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի բնակիչ, կոչումով մայոր Էրիկ Խամփերյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման: Դատավոր Դավիթ Սարգսյանը, որը հայտնի է զորամասերի հրամկազմին հաճո դատավճիռներով, որոշեց նշված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով: Խամփերյանը  մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով՝ իշխանության անգործություն ցուցաբերելու համար: Իսկ դեպքը հետևյալն էր:

2017 թվականի սեպտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 21.00-ին մոտ ավագ լեյտենանտ Տարոն Հարությունյան ու շարքային Գագիկ Հովհաննիսյանը վիճաբանությունից հետո իրար ծեծել էին, մայոր Էրիկ Խամփերյանն էլ, որը ուսումնական գումարտակի հրամանատարն է, այդ մասին չէր զեկուցել զորամասի հրամանատարությանը, կամ իրավապահներին, այլ քաշվել էր մի կողմ:  Շարքայինի ու վերադասի վիճաբանությունը ծագել է բանակում տարածված մի երևույթից ՝քֆուր դնելուց, կամ իրավական լեզվով ասած՝ ընդհանրական հայհոյանք սահմանելու շուրջ:

Դեպքի մանրամասները, «քֆուրի առարկան» ու բովանադակությունը, նույնիսկ գործողությունների հերթականությունը դատավոր Դավիթ Սարգսյանի կայացրած դատավճռում հստակ նշված չեն: Սա արդեն կասկած է հարուցում դատավորի արդարամտության առումով: Չի բացառվում, որ դատավորը միտումնավոր է կցկտուր դատավճիռ կազմել, և շարքայինն ընդհանրապես չի հարվածել սպային, այլ իր վրա է վերցրել հանցանքը պայմանական պատիժ ստանալու խոստման դիմաց: Նկատենք, Մատաղիսի զորամասին վերաբերող գործերը հիմնականում քննում են նույն դատավորը՝ Դավիթ Սարգսյանը, և  նույն դատախազը՝ երրորդ կայազորայինից Բարիս Բախշիյանը, որը վերջերս դատավոր է նշանակվել: 

Դատավճռից հասկացվում է սակայն, որ ընդհանրական հայհոյանք սահմանողը  ավագ լեյտենանտն է եղել, որ շարքային Հովհաննիսյանը սեղանին դրված ապակին վերցնելով հարվածել է լեյտենատնի գլխին, առաջացնելով ճակատի վերք, իսկ ավագ լեյտենանտ Հարությունյանը բռունցքով հարվածել է շարքային Հովհաննիսյանի դեմքին: Նրանց համար ևս դատարանը պայմանական պատիժներ է սահմանել՝ շարքայինի նկատմամբ՝ 4 տարվա և նրա վերադասի՝ մեկ տարվա ազատազրկման:

Նկատենք, որ համեմատաբար խիստ պատիժը դատավորը սահմանվել է շարքայինի նկատմամբ: Դեկտեմբերին Էրիկ Խամփերյանին համաներմամբ  ազատեցին պատժի կրումից:

Երկու ամիս անց սակայն զորամասում զինվորի նկատմամբ բռնության ծեծի նոր դեպք արձանագրվեց ուսումնական գումարտակի շտաբի պետ Էրիկ Խամփերյանի և այլ սպաների կատարմամբ:

Ունենք տեղեկություն, որ այս պահին քննիչները, որոնք զբաղվում են այս գործով, վկա են փնտրում, մեկի, ով կհամարձակվի պատմել դեպքի մասին:

Սակայն զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանի կողմից լռելու  հրահանգ կա:

Զորամասին  մոտ աղբյուրից հաջողվեց պարզել, որ ծեծված զինծառայողը Ա-ն, սերժանտ է, Արարատի մարզից: Զորացրվել է հուլիսի  վերջին: Ա-ին դաժանորեն ծեծել են մի քանի սպաներով: Նրան գցել են գետնին և 4 հոգով ոտքերով հարվածներ են հասցրել: Պատճառն այն է, որ վերջինիս ուսումնական գումարտակի սպաները «բռնացրել» են սիգարետը ձեռքին, ծխարանի մոտ: Զինծառայողը չի հասցրել մտնել ծխասենյակ: Երբ զինծառայողը փորձել է արդարանալ, սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն: Զինվորը պաշտպանել է ծնողին, ինչը նրան չի ներվել:

Սպաները ուժ կիրառելով, ինքնադատաստանի են նրան ենթարկել: Մեկ ականատես վկայի ցուցմունք կարող է վճռական լինել, սակայն մարդիկ վախենում են խոսել: 4 զինծառայողներ, Ա-ի ծառայակիցները քննիչներին պատմել են, թե ինչպես է եղել դեպքը: Հետագայում սակայն հրամանատար Արմեն Գյոզալյանի և մյուսների ճնշման տակ նրանք փոխել են ցուցմունքները, գրել են, որ Ա-ն ևս հարվածել է  վերադասերին: Նրան ևս մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործը հարուցվել է փետրվարի 10-ին: Այս մասին Forrights.am-ին  հայտնեցին դատախազությունից, հաստատելով, որ Ա-ն ունի ոչ թե տուժողի, այլ մեղադրյալի կարգավիճակ:

«Քրեական գործը հարուցվել է փոխադարձ միմյանց նկատմամբ բռնի  գործողություններ կատարելու փաստի առթիվ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալ չեմ կարող հայտնել, — հաղորդեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, — քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /ստորադասի նկատմամբ բռի գործողություններ կատարելը, կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից /358 հոդվածի 1-ին մասով/ Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության հետ/ և 358.1 հոդվածի 2-րդ մասով /զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը/: Մեղադրյալ է ներգրավվել 5 անձ»:

Մայոր Էրիկ Խամփերյանից բացի այս գործով որպես մեղադրյալ անցնում են Մատաղիսի զորամասի սպաներ՝ Գառնիկ Խաչատրյանը, Հարություն Մինասյանը և Ալբերտ Խաչատրյանը: Այս մասին հայտնեց տեղեկացված աղբյուրը իրավապահ համակարգից: Պաշտպանության նախարարությունից և գլխավոր դատախազությունից հրաժարվում են ճշտել անունները: Այնուամենայնիվ ակնկալում ենք պաշտպանության նախարարի և Մատաղիսի զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանի արձագանքը այնտեղ տիրող հոգեբարոյական իրավիճակի և սպաների հանցավոր վարքի վերաբերյալ: Շարունակում ենք մնալ մեր կարծիքի, որ Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել, հանցագործների խումբ, որը օգտվելով իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության  հովանավորությունից, մնում է անպատիժ:

Հ.Գ. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր այս կարծիքը չի կիսում: Մեր նախորդ հրապարակումից հետո ՊՆ-ն լրագրողների ցուցադրական այց էր կազմակերպել Մատաղիսի զորամաս: Այցից առաջ տարածքը մաքրել-փայլեցրել են, ժամկետային զինծառայողների հետ հատուկ բացատրական աշխատանքներ են տարել, որ բերանները փակ պահեն, տարածքից հեռացրել են մեր նախորդ հրապարակման հերոսին՝ գումարտակի շտաբի պետի տեղակալ Արթուր Ֆահրադյանին, որը սիրում է զինվորներին նվաստացնող, դաժան պատիժների ենթարկել, մի քանի օրով արձակուրդ են տրամադրել, որ լրագրողների աչքին չընկնի: Լրագրողների ուղեկցել է գումարտակի շտաբի պետ Էրիկ Խամփերյանը:

Սյուզան Սիմոնյան

Լուսանկարում զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանն է

Pin It on Pinterest