Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը և քննչական կոմիտեի երրորդ կայազորային բաժինը Մարտակերտի N զորամասի զինվոր բռնաբարության գործով փակուղու մեջ են: Վերջին դատական նիստն այդ գործով տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին: Կարելի է ասել, արդեն մոտ մեկ տարի է, նիստեր չեն նշանակվում:

Այս ընթացքում զինծառայողը սթրեսներ է տարել, առողջական ծանր խնդիրներ է ունեցել: Օրերս նրան 30 օրյա արձակուրդ է տրամադրվել, որից հետո Կ-ն օրենքով սահմանված կարգով կզորացրվի: Բժշկական հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ուղղակի ապացուցում են ծեծի ու բռնաբարության  վերաբերյալ Ստեփանակերտի դատարանին տված Կ-ի ցուցմունքները՝ որ կապիտան Թ-ն իրեն ծեծի է ենթարկել, ապա նաև սեռական բռնության է ենթարկել: 

Հիշեցնենք, որ աղմկահարույց այս դեպքը բացահայտվել է 2018 թվականի հունվարին, երբ Կ-ի մայրը մեկնել էր Մարտակերտի զորամաս, որդու զինվորական երդմնակալությանը ներկա գտնվելու: Որդին պատմել է մորը, որ իր անմիջական հրամանատար կապիտան Թ-ն իրեն «ադյալի» մեջ փաթաթել է, ծեծել է, մի քանի օրից էլ կրկին բռնության է ենթարկել և բռնաբարել է:

Բռնությունները պարբերական բար բնույթ են կրել: Կ-ի մայրը  որդու պատմածը փոխանցել է զորամասի հրամկազմին, որից հետո հարուցվեց քրեական գործ  սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: Հետագայում սակայն զինծառայողին մեղադրեցին սուտ մատնության մեջ: Նրան ամիսներ շարունակ պահում էին ռազմական ոստիկանությունում: Հոգեբանական ճնշումների ենթարկելով, զինծառայողին ստիպեցին ինքնախոստովանական ցուցմունքներ գրել, սակայն դատարանում նա պատմեց իր հետ կատարվածը և պնդեց նախնական ցուցմունքները:

2018 թվականի հոկտեմբերի 4-ին դատարանը փոխեց զինծառայող Կ-ի խափանման միջոցը: Նրան տեղափոխեցին այլ զորամաս, այնուհետև  առողջական խնդիրներով պայմանավորված տարան Կանազի հոսպիտալ:

Կ-ն անընդհատ գանգատվում էր, որ  սրտի շրջանում ցավեր ունի: Նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը հաղորդեց Forrights.am, որ ռենգեն- հետազոտությունը ցույց է տվել՝ Կ-ն կողերի կոտրվածք ունի:

«Նա կողերի սերտաճող կոտրվածք ունի: Պարզվեց, որ դա էր ցավերի պատճառը: Ըստ դատաբժշկի, ցավերը կարող են իմ վստահորդի նկատմամբ 2018 թվականի հունվարին կիրառված բռնության հետևանքը լինել: Վնասվածքը հայտնաբերելուց հետո ռազմական ոստիկանությունից աշխատակիցները եկան և արձանագրեցին այն», — ասում է փաստաբանը:

Հարուցվել է քրեական գործ, որով զինծառայողը տուժող է ճանաչվել, իսկ սպան մեղադրվում է Քր․ Օր-ի 358.1-րդ հոդվածով՝ «Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որն անզգուշությամբ պատճառել է առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ» /3 մաս, 4 կետ/:

Forrights.am-ի  հետ զրույցում սպան հերքել է, որ բռնաբարություն է կատարել, պնդելով, որ իրեն բանսարկում են:

Կ-ն արդեն բացատրություն է տվել, առերես հարցաքննվել է ՌՈ աշխատակիցների, զորամասի հոգեբանի և զորամասի իրավաբան Ռոմեո Ավետիսյանի հետ: Բայց առերեսումները հարթ չեն անցնում:

Օգոստոսի 27-ի առերես հարցաքննության ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել զորամասի իրավաբան Ռոմեո Ավետիսյանի և Կ-ի փաստաբան Հայարփի Սարգսյանի միջև: Փաստաբանը պատմում է, որ զորամասի իրավաբանը անհարգալից արտահայտություններ էր անում իր և վստահորդի հասցեին, ասելով՝ «դուք նստեք և լսեք», կամ՝ «սրա նման զինվորները», կամ՝ «ձեր նմանները»:

Այս մասին նա գրել է նաև առերես հարցաքննության արձանագրային մասում:

«Իրավաբանը հեգնում էր ՀՀ հպարտ քաղաքացիներին, ասում էր՝ գիտե՞ք, հիմա ինչ ժամանակներ են, ճանճը տզզում է, զինվորը բողոք է գրում: Եթե նման մարդկանց ձեռքում են մեր զինվորները, ես մտավախություն ունեմ այն զինվորների համար, որոնք ծառայում են այդ զորամասում, որովհետև եթե որևէ զիծառայող խնդիր ունենա այդ զորամասում, նա չի  կարողանա ոչ մեկից իրավական օգնություն ստանալ», — ասում է փաստաբան Հայարփի Սարգսյանը: Նա պատրաստվում է պահանջել, վստահորդի լրացուցիչ հարցաքննությունը տեղի ունենա Հայաստանում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest