«Աննա Հակոբյանի աշխատող ներկայացած անձը՝ Նանան, երկուշաբթի զանգել ա ինձ, ասում է՝ գիտե՞ք, Աննա Հակոբյանը ձեզ չի կարող ընդունել, քանի որ ինքը քաղաքում չի և 2 շաբաթ հետո նոր գալու ա, բացի դրանից ինքն այդ հարցերով չի զբաղվում, ֆինանսականով՝ ևս։ Ես էլ դիմումս եմ ցույց տալիս, ասում եմ՝ մի հատ նայեք, լսեք, մենք ֆինանսականի մասին բա՞ն ենք ասել»։
Այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացրին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք վրդովված նշեցին, որ դեռ օգոստոսի 15-ին են նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին և հանդիպում խնդրել, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել մինչ օրս։ Պարզվում է, իրենց ներկայացրած դիմումն անգամ չի էլ հասել հասցեատիրոջը, դրան պատասխանել է Աննա Հակոբյանի օգնական ներկայացած անձը․
«Ինքն ընդունել է Քառօրյա պատերազմի, Մարտի 1–ի զոհերի ծնողներին ու հիմա ինձ համար զարմանալի ա այս անուշադրությունը մեր նկատմամբ։ Գոնե կանգներ ասեր՝ ես գիտեմ, հասկանում եմ ձեր ցավը, ես էլ որդի ունեմ բանակում։ Մեզ ասում են՝ Աննա Հակոբյանը քաղաքում չի, մեկ էլ իրիկունը տեսնում ենք Կարապի լճից լայվ ա մտել»,- վրդովված նշում է սպանված զինծառայող Վալերիյ Մուրադյանի մայրը։
Սևազգեստ մայրերը շեշտում են՝ չնայած հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունել է, սակայն նախկին իշխանության նման ոչ մի առաջընթաց չի արձանագրվել իրենց որդիների քրեական գործերում։
«Մենք նոր իշխանությունից սպասելիքներ ունեինք շատ մեծ, մենք մտածում էինք վերջապես կհասկանան՝ եթե էս ծնողները դեռ կանգնած են այստեղ, ուրեմն ոչ մի հարց չի լուծվել, բայց ամեն ինչ նույն ա մնացել։ Բանակում սպանություններն էսօր էլ շարունակվում են շատ մեծ հոսքով»,- փաստում են նրանք։
Անդրադառնալով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մոնիթորինգային խմբի ստեղծմանը, որը պետք է զբաղվեր գործերի վերանայմամբ, ծնողները նշում են՝ որևէ արդյունք չի արձանագրվել, զրո է։
«Հանրության աչքերին թոզ փչելու համար էր, բայց մեր աչքերին չեն կարող թոզ փչել։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք, մեր երեխեքին սպանողները մինչև իրենց արժանի պատիժը չստանան, մենք չենք հանգստանալու»,- հայտարարում են նրանք։
Տիգրան Օհանջանյանի մայրը՝ տիկին Գոհարը նշեց, որ իրենց հույսը վարչապետի նկատմամբ կամաց-կամաց մարում է և այսօրվա իշխանությունն իր քայլերով շատ չի տարբերվում նախորդներից։
«Իշխանությունը փոխվեց, հեղափոխություն եղավ, էս աթոռներին նստեցին։ Բայց մենք չպայքարեցինք, որ իրենք գան նստեն ու մեզ քարկոծեն, տշեն։ 2011 թվականին Սերժ Սարգսյանը մոտեցավ, ճաղերի հետևից խոստումներ տվեց, բայց ոչ մի բան չարեց։ Հիմա փաստորեն շարունակվո՞ւմ ա էս ամենը»,- նշում են նրանք։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: