Այրում խոշորացված համայնքի Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը, պատճառը՝ խմելու ջրի բացակայությունն է:
«Մարդիկ ջուր չունեն, ջուր են ուզում ունենալ, հույսները կտրված վիճակ է, իրոք խայտառակ վիճակ է, գյուղը սնուցող աղբյուրները ցամաքել են, մարդիկ այստեղից–այնտեղից սեփական ավտոմեքենաներով են ջուր տանում։ Կողքի գյուղերից ենք ջուր բերում, մի աղբյուր կա այնտեղ, որից օգտվում ենք, բայց չգիտենք՝ այդ ջուրը խմելու համար պիտանի՞ է, թե՞ ոչ։ Մենք հուլիսի 1-ին էլ էինք փակել ճանապարհը, հետո մարզպետարանից եկան, չափագրումներ արեցին, եռամսյակ ուզեցին, որ հասկանան՝ կառավարության բյուջեն կարողանո՞ւմ է ֆինանսավորել ջրի խնդրի համար: »,- ասաց Արճիս համայնքի բնակիչներից մեկը:
Արճիսցիները նախատեսում էին փակ պահել ճանապարհը այնքան ժամանակ, մինչև կառավարությունից արձագանք լինի՝ խնդրին տրվի ժամանակավոր լուծում՝ մինչև հիմնական լուծումը կլինի։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այցելեց Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատված, որտեղ էլ ասաց, որ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվել է, և հենց այսօր էլ աշխատանքները կսկսվեն և ջուր կբերվի համայնք։
Հայկ Չոբանյանը դժգոհեց համայնքապետից և ավագանուց, որ չեն եկել մարզպետարան հարցը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար. «Պետությունը, կառավարությունը ֆունդամենտալ խնդիրը լուծում է, այս փոքր խնդիրը համայնքի մակարդակում պետք է լուծվեր, եթե ի վիճակի չէր համայնքը լուծել, համայնքապետը ավագանու հետ միասին պետք է գային մեզ մոտ, քննարկեինք, ասեինք՝ ո՞նց լուծենք, պարտադիր պիտի գանք, 100 հոգի մարդ հավաքեք, այս մարդկանց գործից գցե՞ք»։
Բնակիչները հետաքրքվեցին՝ ինչո՞ւ, օրինակ, մեկ ամիս առաջ ջրի խնդիրը չէին լուծում, որին մարզպետը պատասխանեց. ««Վեոլիա ջրի» գծի մասին մերոնք են պարզել 5 օր առաջ, ուրբաթ օրը համայնքի ղեկավարը սահմանված կարգով ՀԾԿՀ նամակ է ուղարկել, այսօր էլ խնդիրը լուծել ենք»։
Դիտարկմանը, թե համայնքի ղեկավարը բարձրաձայնել է, սակայն ոչ ոք չի արձագանքել, մարզպետն ասաց. «Ուրեմն այն մարդուն չի տեղեկացրել, ով պետք է արձագանքի»։ Արդյունքում արճիսցիները բացեցին ճանապարհը, պայմանով՝ խնդիրը լուծում կստանա։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: