Զինծառայող Յուրիկ Բրոյանի մեկ տարի տևած չարչարանքներն ավարտվեցին․ նա արդեն տանն է

0
2426

Պաշտպանության նախարարության կողմից «սիմուլյանտ» հայտարարված 20-ամյա եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանի 1 տարի տևած չարչարանքներն ավարտված են․ նա արդեն տանն է։

Օգոստոսի 20-ին վերջապես տեղի ունեցավ Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստ, որին ներկայացվեց նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը: Նիստի ժամանակ Յուրիկ Բրոյանին զորացրելու մասին որոշում է կայացվել, որի մասին իրեն բանավոր կարգով հայտնել են։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը։

«30 օր ժամկետով  նրան տրամադրվել է արձակուրդ․այս պահին դուրս է գրվել Կանազի հոսպիտալից, գտնվում է տանը, մեկ ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով կիրականացվի փաստաթղթավորում, որից հետո արդեն նա վերջնականապես կզորացրվի»,-հայտնեց փաստաբանը։

Շուրջ 8 ամիս «Լրագրողներ հանուն մարդու իրավունքներ»-ի ՀԿ-ն հետևում է զինծառայող Յուրիկ Բրոյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանրության ուշադրության կենտրոնում պահելով զինծառայողի առողջական վիճակի հետ կապված խնդիրները և վերջապես «սայլը տեղից շարժվեց»։

Դատահոգեբուժական փորձաքննությունները հաստատեցին, որ զինծառայողը սիմուլյանտ չէ, որ նա իրոք առողջական լրջագույն խնդիրներ ունի: Բացի այդ Յուրիկը զորակոչվելուց 10 օր հետո բռնության էր ենթարկվել հրամանատաի կողմից և առողջական-հոգեբանական վիճակն ավելի էր սրվել:

Հիշեցնենք, զինծառայողը բանակ էր զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ և ահա նրա շուրջ ստեղծված իրավիճակը Պաշտպանության նախարարությանը ստիպեց հանդես գալ նախաձեռնությամբ, որի համաձայն մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք պետք է ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։  Կառավարությունը հավանություն է տվել նախագծին և այն արդեն օրենքի ուժ է ստացել:

Ավելի քան 1 ամիս գտնվելով Կանազի հոսպիտալում՝  հուլիսի 19-ից, Յուրիկ Բրոյանին  վերջնական եզրակացություն է տրվել ըստ որի՝  նա պիտանի չէ ծառայության համար, սակայն վերջնական այս թղթաբանությունը կկարգավորվի միայն  մեկ ամսից։

Forrights –ը բազմիցս անդրադարձել է Յուրիկ Բրոյանի առողջական վիճակին, որ նա ունի անհրաժեշտ բուժման կարիք, ինչպես նաև այն հանգամանքին, որ նա երկար ժամանակ ապօրինի կերպով էր պահվում Ռազմական ոստիկանությունում, ինչը նպաստում էր Բրոյանի առողջական վիճակի վատթարացմանը։

20-ամյա զինծառայող Յուրիկ Բրոյանը նյարդային համակարգի հետ կապված   հիվանդություն ունի, որը բժիշկները չեն կարողանում ոչ ախտորոշել, ոչ բուժել․ «Այս պահին էլ դժվարությամբ է տեղաշարժվում, անընդհատ ցնցումների մեջ է»,-պատմում է մայրը՝ Մարինե Բրոյանը։

Յուրիկը դպրոց չի հաճախել, գրել-կարդալ չգիտի, մանկուց հոգեկան խնդիրներ է ունեցել, հաղորդակցման բարդություններ, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում՝ հիվանդագին վիճակներ, որոնք բանակում ավելի արտահայտիչ են դարձել. «Ես որդի եմ ուղարկել բանակ, որ ծառայի, ոչ թե ավելի վատ առողջական վիճակի մեջ ընկի՝ կես մարդ դարձած բերել եմ»,-հուզմունքը չկարողացավ զսպել մայրը,-

«Ես էլ իր հետ կես մարդ դարձա էս մի տարվա ընթացքում, բայց ծնողի համար կարևորը իր զավակի առողջությունն ա՝ երեխես բուժվի, կարևորն էդ ա»։

Անցյալ տարվա օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշելով, Յուրիկին պիտանի է ճանաչել սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել է բանակ:

Մարտակերտի զորամասում, որտեղ հաշվառված է շարքային Բրոյանը, նա չի կարողացել անգամ շարային քայլը յուրացնել, քանի որ ոտքերը քայլելիս թուլանում էին։ Արդյունքում, զորամասի հրամկազմը որոշել է, որ տղան «սիմուլյանտ» է:

Ծառայություն անցնելուց տասն օր հետո նրան ծեծի է ենթարկել գումարտակի հրամանատարը, երեք օր Բրոյանին փակել են «կապտյորկայում», նա փորձել էր ինքնավնասում կատարել, հետո տեղափոխել էին Կանազի հոսպիտալ, ինչ-որ ներարկումներ էին արել և նա կորցրել էր խոսելու ունակությունը, արդյուքնում՝  ցնցումների մեջ էր ընկել։

5 ամիս խոսելու ունակությունը կորցրած Յուրիկը ոչ-ոքի չէր կարողանում պատմել իրեն ծեծի ենթարկու մանրամասների մասին։ Սակայն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի և փաստաբան Հայարփի Սարգսյանի երկարատև և համառ պայքարի արդյունքում Յուրիկը ստացավ համապատասխան բոժօգնություն և վերջապես խոսեց:

Յուրիկ Բրոյանի վիճակն այս պահին էլ շարունակում է մնալ նույնը՝ գլխի ցնցումները շարունակվում են, լրացուցիչ բուժման կարիք կա, սակայն Հայաստանում նման բուժում հնարավոր չէ ստանալ։ Մոր Մարինեի խոսքով՝ որդու զուրացրելու փաստաթղթերը ստանալուց հետո կաշխատի արդեն բուժման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here