Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Այս մասին նրա փաստաբանական թիմից հայտնում է Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը նշել է, որ քրեական գործի նյութերը նոր են տրամադրվում կողմերին` ծանոթանալու համար։ Ուստի իրենք միջնորդել են 20 օր ժամանակ տրամադրել դրա համար։ Միայն նյութերին ծանոթանալուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
ՊՎԾ նախկին պետը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ասենք ավելին, վստահեցնում է, որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է․ «Այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանկութը, խոստանում եմ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Դավիթ Սանասարյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: