Օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանը: Հաղորդագրությունում ասվում է.
«Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.
2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՍԴ–ն որոշել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: