Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ստեփանակերտի նստավայրում դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ շարունակվել է Մարտակերտի զորամասի պահեստում ականի պայթյունից մահացած ժամկետային զինծառայող, դիպուկահար, Ապրիլյան պատերազմի հերոս Հրանտ Մանգասարյանի մահվան գործով դատական նիստը։
2017-ի նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի նախաքննությունը տևել է շուրջ 1 տարի, իսկ գործը դատարան է մտել միայն սույն թվականի հունվարի 16-ին։Արդեն 8 ամիս անց, կարելի է ասել, որ մի քանի դատական նիստ է տեղի ունեցել։ Երեկ արդեն, դատարանը մտավ դատաքննության փուլ, որոշեց ապացույցների հետազոտման հերթականությունը՝ սկզբում անհրաժեշտ համարհելով 2 տուժողների հարցաքննությունները։
Եվ քանի որ երկու տոժողները նախորդ նիստերին չէին ներկայացել՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը, դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի 2 տոժողներին՝ Սերգեյ Ալումյանին և Մելսիկ Մարգարյանին բերման ենթարկեն։ Մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ, արդյունքում, դատավոր Գնել Գասպարյանը որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը։
Մահվան ելքով ողբերգական դեպքն այսպես է տեղի ունեցել․ Նոյեմբերի 4-ին պահեստ են մուտք գործել շարքային զինծառայողներ Հրանտ Մանգասարյանը և Սերգեյ Ալումյանը, պահեստում է եղել նաև պահեստապետ Գևորգ Հյուսնունցը։ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վիրավորումներից Հրանտ Մանգասարյանը տեղում մահացել է:
Հակատանկային նռնակը պայթել է Հրանտին շատ մոտ․
«Երեխեն կռացած վիճակով ա եղել, պայթյունի ուժն իրա վրայա վերցրել, ընկերները ասկոլկեքից են վիրավորվել։ Ձեռքերի, երեսի ու մարմնի ստորին հատվածների վնասվածքները դրան են տանում․․․ Եթե Հրանտը չնետվեր ու մարմնով չփակեր նռնակը, հօդս կցնդեր զենքի ողջ պահեստը, կունենայինք մարդկային մեծ կորուստներ»,- պատմում է մայրը։
Հրանտը Երևանի ուսումնական զորամասում դիպուկահարի դասեր էր առնում, երբ Արցախում պայթեցին պատերազմի առաջին փամփուշտները։ Առաջնագիծը հմուտ դիպուկահարների կարիք ուներ, ու նա ծառայակիցների հետ տեղափոխվում է Արցախ։ Պատերազմում կրած տառապանքներով ու դժվարություններով երիտասարդը հարազատների հետ չի կիսվել, ինքն իր արիության շնորհիվ կարողանում էր հաղթահարել կյանքի ցանկացած փորձություն, բայց ավաղ՝ ղեկավարության անփութության պատճառով հմուտ դիպուկահարը մահացավ տուն վերադառնալուց 2 ամիս առաջ։
Հրանտը Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է առաջնագծում և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար պարգևատրվել է պատվոգրով, Բանակի գերազանցիկ և Քաջարի մարտիկ մեդալներով։
Հետագայում, դեպից 3 ամիս անց՝ 2018 թվականի հունվարի 28-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի կազմավորման 26-րդ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանը հետմահու պարգևատրեց Մարտական ծառայության մեդալով:
Հրանտ Մանգասարյանի ողբերգական մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Արմեն Գրիգորյանին և պահեստապետ Գևորգ Հյուսնունցին, այն բանի համար, որ նրանք տևականորեն ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Forrights—ը բազմիցս անդրադարձել է Հրանտ Մանգասարյանի մահվան հանգամանքներին, ինչպես նաև նրա մոր՝ Նունե Հակոբյանի այն մտավախություններին, որ հնարավոր է՝ փորձ է արվում նռնակի պայթյունի մեղքը գցել Հրանտի վրա, սակայն ինչպես երևում է՝ գործը դատարանում է, իսկ մեղադրյալի աթոռին սպայական կազմի երկու ներկայացուցիչներն են։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: