Վարչապետն անտեսեց սպառնացող վտանգներն ու հայտարարեց՝ Ալումսարի հանքը կշահագործվի

«Վարչապետի ելույթը ոչ թե տարբեր եզրակացությունների վրա հիմնավորված խոսք էր, այլ քաղաքական ելույթ։ Մենք պարբերաբար լսում ենք իշխանության կողմից՝ եկեք չքաղաքականացնենք հարցը, սակայն արդյունքում հենց իրենք են անում հնարավոր ամեն ինչ, որ քաղաքական երանգ հաղորդեն խնդրին ։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ նորմալ փորձագիտական ընթացք տրվի Ամուլսարին, տարբեր կողմերից ուսումնասիրվեն ռիսկերը։ Պետք է մի կողմ դրվի քաղաքական շահն ու նորմալ գնահատական տրվի»,- նշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ Ամուլսարի հանքը կշահագործվի։ 1 ժամ 25 րոպե տևողությամբ եթերում նա փորձեց բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել, սակայն, օգտատերերի մեկնաբանություններն ու փորձագետների հետագա կարծիքները ցույց տվեցին, որ մարդկանց մեծամասնությունը դեմ է վարչապետի նման որոշմանը։

Ազգային ժողովի մյուս երկու ֆրակցիաները՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են հանքի շահագործմանը և պատրաստ են կանգնել բնապահպաննների կողքին․

«Առանց ժողովրդի ցանկության և որոշման հանքը չի կարող շահագործվել և վերջ»,- նշեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ամուլսարից՝ հանք

Բնապահանները դեռ 2010 թվականից են բարձրաձայնում, որ Ամուլսարը որպես հանք օգտագործելն անթույլատրելի է։ Նրանք բացատրում են, որ տեղումների և ձնհալքների արդյունքում առաջացած ամբողջ ջրերը կաղտոտվեն, կդառնան շատ լուրջ վտանգավոր և ռեակտիվ ջրեր, իսկ դրանց կողքով անցնող Որոտան-Արփա-Սևան թունելի կառուցվածքները կքայքայվեն շատ ակտիվ նյութերից, կվնասեն բետոնային պատնեշները և կխառնվեն հոսող ջրերին՝ թունելով հասնելով Սևանա լիճ:

«Արդյունքում, երբ անհրաժեշտություն կծագի լրացուցիչ ջուր տեղափոխել Սևանա լիճ, դա անհնար կլինի առանց լճի էկոհամակարգերին լուրջ վնաս հասցնելու և ջրի որակը կորցնելու»,- ահազանգում է հանքաբան Արմեն Սաղաթելյանը։

Չնայած բնապահպանների առաջ քաշած բազմաթիվ փաստարկներին, ահազանգերին, հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա»-ն շարունակում էր սարի շուրջ շինարարական աշխատանքները։ Հանքի բացման դեմ բողոքի ալիքը բորբոքվեց, երբ ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվեց Գնդեվազ գյուղ տանող խմելու ջրագիծը, հարակից բնակավայրերը սկսեցին պատվել հանքավայրից տարածվող փոշու շերտով, արձանագրվեցին շինարարության հետևանքով ջրային ռեսուրսների վրա ազդեցություն:

Բնապահպանների ու Ամուլսարի հարակից գյուղերի բնակիչների կողմից փակվեցին դեպի հանք տանող ճանապարհները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կոչ արեց դադարեցնել անհնազանդության միջոցառումները և հնարավորություն տալ կառավարությանն աշխատել։

Կազմակերպվեց եռակողմ հանդիպում, խնդրի լուծման համար վարչապետը ժամանակ խնդրեց․․․

Փորձաքննության արդյունքները՝ մանիպուլացիա

Ամուլսարի թեման կրկին «պայթեց» մեկ տարի անց, երբ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությունը, որը կատարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների կողմից։

«Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, բացի այդ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցետրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կետչուտ ջրամբարի միջոցով Սևանի ավազան, բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանի ավազանի ծավալներում աննշան կլինի»,- Կառավարության նիստին վարչապետին զեկուցեց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։

Բնապահպաններն ու Ամուլսարի հարակից գյուղերի բնակիչները հրատապ հանդիպման հրավիրեց Փաշինյանին։ Նրանք, «մանիպուլացիա» որակելով փորձաքննության արդյունքները, խնդրեցին վարչապետին կատարել իր նախընտրական խոստումը և հանդիպել իրենց հետ՝ խնդրի լուծման համար։

Փաշինյանը համաձայնեց հանդիպմանը, անգամ ժամ նշանակվեց, սակայն վարչապետն այդպես էլ Ջերմուկ չգնաց։ Փոխարենը նա բնապահպաններին և բնակիչներին հրավիրեց Բաղրամյան 26՝ խնդիրը բազմակողմանի քննարկելու։

Երեկ առավոտյան ջերմուկցիներն ավտոերթով եկան նախագահական նստավայր, որտեղ Ամուլսարի հարցով քննարկում տեղի ունեցավ Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող 5 քաղաքացու միջև:

Ոստիկանական կոշտ դիմադրություն և անհամաչափ գործողություններ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ

Վարչապետի հետ հանդիպման գնացած բնապահպաններ Անի Խաչատրյանը և Աննա Շահնազարյանը Բաղրամյան 26-ի շուրջ հավաքված մարդկանց երկար սպասեցնել չտվեցին։ Նրանք մոտ 15 րոպե անց բոյկետեցին հանդիպումը և դուրս եկան նախագահականից, հայտարարելով՝ հանդիպումն արդյունավետ չէր․

«Որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, այլ տեսա միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակն այլ կերպ էր ներկայացվում։ Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Աննան։

Բնապահպանները լրագրողներին հայտնեցին, որ վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը պիտի շահագործվի, հետևաբար` իրենք որոշել են շարունակել պայքարը:

«Ամուլսարի պայքարը շարունակվում է։ Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար է ապրելու մաքուր միջավայրում, էս մեր երկրի պայքարն է ու մենք մինչև վերջ պայքարելու ենք, Ամուլսարը սար է մնալու, ու թող բոլորը դա ականջներին օղ անեն»,- ասաց բնապահպան Անի Խաչատրյանը:

Ակտիվիստները հայտարարեցին որ այս պահին հանրային քննարկում կլինի, որի ընթացքում կխոսեն իրենց հետագա անելիքների մասին։ Հանդիպման վայրն ընտրվեց Ազգային ժողովի այգին, սակայն այստեղ ցուցարարները ոստիկանական պատի հանդիպեցին։ Ոստիկանները հայտարարեցին, որ այգու դռները փակ են նրանց առաջ և դա Ազգային ժողովի նախագահի հրամանն է։

Ակցիայի մասնակիցները՝ ի նշան բողոքի, որոշեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն հանդիպեցին ոստիկանների կոշտ դիմադրությանը։ Ցուցարարների թվին եռակի անգամ գերազանցող ոստիկաններն ուղղակի տապալում էին ցուցարարներին և բռնի ուժով նստեցնում ոստիկանական մեքենաները։ Բաժին տարվեց 6 քաղաքացի, որից մեկին՝ Գեղամ Ադյանին, տեղափոխեցին հիվանդանոց։

Ակցիայի մասնակիցների մեջ էր նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ում ոստիկանները հրել գցել էին գետնին։ Forrights-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ոստիկանական ուժերն անհամաչափ էին կիրառվել․

«Ոստիկանությունն իշխանության ձեռքին ուղղակի գործիք է, ուստի խնդիրն ավելի շատ համակարգային մոտեցման մեջ է։ Ամուլսարի հետ կապված խնդիրը կոնկրետ Կառավարության համար բավականին լուրջ խոչընդոտ է, այդ պատճառով ոստիկանությանը հրանագվել էր դիմադրություն ցույց տալ և կոշտ ձևով քաղաքացիներին ճնշել՝ ցանկացած բռնություն կիրառելով։ Որևէ մեկը ցանկություն չուներ գործողություն կատարել փողոցում։ Եթե նախկին իշխանությունը վախ ուներ ցուցարարներից, ապա այսօրվա մասնակիցներին վարչապետն ու իր թիմակիցները շատ լավ են ճանաչում, այդ ճանապարհը միասին են անցել»,- նշեց Հովհաննիսյանը։

Ոստիկանական ուժին հանդիպած ցուցարարների քննարկումն ի վերջո տեղի ունեցավ Սարյանի այգում, որտեղ որոշում կայացվեց հանդիպել հաջորդ օրը և իրենց բողոքի ձայնը կրկին բարձրացնել։

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավարն ու քաղաքագետը բարձրաձայնում են կոռուպցիոն ռիսկերի մասին

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր։

«Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,- գրում է նա։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի և դրանում ոչ մի կասկած այլևս լինել չի կարող․

Այսօր առավոտյան Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ Գրիգորյանի և Մարտիրոսյանի՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով։

Այս պահին ջերմուկցիները շարունակում են իրենց պայքարը։ Քիչ առաջ նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել Ամուլսար տանող ճանապարհը։ Իրավիճակը դեռևս խաղաղ է։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest