Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ «Լիդիան Արմենիան» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կիրառել «Էլարդ» ընկերության սահմանած 16 միջոցառումներըմ այսինքն՝ նախապես բավարարվելու են այդ փորձաքննությամբ դրված պայմանները։ Այս մասին վարչապետն ասաց ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ:
«Ես հիմա ինչ ասում եմ, ասում եմ այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության հիման վրա։ Հիմա հանրային քննարկում է լինելու, որ մի քանի օրվա ընթացքում ի հայտ կգա փաստ կամ փաստարկ, որոնք մենք հաշվի չենք առել։ Եթե նման փաստ կամ փաստարկ ի հայտ գա, Կառավարությունը որևէ բանով կաշկանդված չէ։ Մենք կասենք՝ OK, եկեք դիտարկենք այդ փաստը և տեսնենք, թե այդ նոր փաստի դիտարկումը մեզ նոր եզրակացության բերո՞ւմ է, թե՞ ոչ։
Հետևաբար՝ այն, ինչ ասում եմ, ասում եմ մեր ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա»,- ասաց վարչապետը։ Անդրադառնալով Բաղրամյան 26-ում տեղի ունեցած քննարկմանը՝ վարչապետն ասաց, որ այսօր մարդիկ ընթերցում էին տեքստեր, որոնք ինքը լսել է դեռևս մեկ տարի առաջ։
«Այսօր Բաղրամյան 26-ում մարդիկ բերում էին տեքստեր, ես այդ մարդկանց ասում էի՝ դրանք մեկ տարի առաջ եմ լսել։ Ասել եմ՝ այս բոլոր փաստարկներն են, որ դարձել են քրեական գործի նյութ»,- նշեց Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ մենք պետք է հնարավորություն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի։ «Մենք պետք է մեր քվեն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի։ Եթե տեսականորեն ի հայտ կգա նոր տեղեկատվություն, որ այս ամենը գլխիվայր կշրջի, մենք կաշկանդված չենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: