Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին չի մասնակցում ջերմուկցիների հետ քննարկմանը․ նա փակ հանդիպում է ունենում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Այսօր վաղ առավոտից Ջերմուկից ավտոերթ մեկնարկեց դեպի Բաղրամյան 26, որտեղ Ամուլսարի հարցով քննարկում տեղի ունեցավ Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող 5 քաղաքացու հետ:
«Ամուլսարի հանքի շահագործումը մեր երկրի համար ռազմավարական մակարդակի վտանգ է ներկայացնում: Հանքի շահագործման արդյունքում կարող են աղտոտվել թե՛ Ջերմուկի, թե՛ Սևանա լճի ջրերը, իսկ մենք գիտենք, որ Սևանը թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Եթե մենք թունավորեցինք Սևանը, այս տարածաշրջանում ապրել այլևս չի լինի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Վերջինս անդրադարձավ նաև ՔԿ-ի հրապարակած փորձագիտական հետազոտության արդյունքներին՝ նշելով՝ ՔԿ-ն փորձում է մանիպուլյացիա անել.
«Ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ հանքի փորձաքննություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել փաստաթղթի փորձաքննություն, այսինքն՝ ՇՄԱԳ-ի փորձաքննություն: Սրա արդյունքում՝ այդ ընկերությունը ֆիքսել է, որ ինքը չի կարող երաշխիքներ տալ, որ Ջերմուկի ու Սևանի ջրերը չեն աղտոտվի, քանի որ առկա փաստաթղթում չկան համապատասխան տվյալներ: Այսինքն՝ փորձագետները, ըստ էության, ասում են՝ 50-50 է հավանականությունը՝ կաղտոտվեն ջրերը, կամ՝ ոչ»:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ պետությունը պետք է կայացնի քաղաքական որոշում՝ պետական և ազգային շահերից ելնելով. «Այստեղ հարցը բացառապես քաղաքական է, այլ հարց չկա»:
Բնապահպան Աննա Շահնազարյանը բոյկոտեց վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկավ դահլիճից, հայտարարելով, որ հանդիպումն արդյունավետ չէ․
«Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում։ Վարչապետի հետ հանդիպմանն այս պահին մասնակցում է մոտ 60-70 հոգի: Այնտեղ կան Ջերմուկի բնակիչներ, Ջերմուկի ավագանու անդամներ, կային մարդիկ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, սակայն նրանք ներկայանում էին որպես տեղի բնակիչներ։ Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Աննան։
Բնապահպանները լրագրողներին հայտնեցին, որ վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը պիտի շահագործվի, հետևաբար` իրենք որոշել են շարունակել պայքարը:
«Ամուլսարի պայքարը շարունակվում է։ Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար է ապրելու մաքուր միջավայրում, էս մեր երկրի պայքարն է ու մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, Ամուլսարը սար է մնալու, ու թող բոլորը դա ականջներին օղ անեն»,- ասաց բնապահպան Անի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:
Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։
Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության հինգ ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էին վարչապետի առաջարկն ու Ջերմուկից ավտոերթով եկել Երևան:
Բաղրամյան 26-ում տեղի ունեցող հանդիպմանը զուգահեռ նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: