Երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 12-ի սահմաններում, Ֆիզուլիի ուղղությամբ առաջնագծում ձերբակալվել է հայ զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը, ով ըստ ադրբեջանական մամուլի՝ փախել է հայկական կողմից և հանձնվել ադրբեջանցիներին։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը հաստատեց Ադրբեջանում հայ քաղաքացի լինելու փաստը․
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,-գրել էր նա։
Ադրբեջանում հայտված 19–ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Արայիկ Ղազարյանը հարցաքննության ընթացքում ասել է՝ ինքը փախել է, քանի որ հայկական զորամասում չի կարողացել դիմակայել իր հրամանատարների և զինակիցների կողմից բռնություններին և անմարդկային վերաբերմունքին․
«Երկար ժամանակ նրան ծեծում էին իր հրամանատարները և ծառայակիցները,ինչի մասին են վկայում գլխի վրա հեմատոմաները և մարմնի վրա եղած բազմաթիվ վերքերը: Մատները այրվել են նաև ծխախոտով: Ներկայումս Արայիկ Ղազարյանը բժշկական օգնություն է ստանում»,-այս մասին գրում է ադրբեջանական մամուլը, հրապարակելով նաև համապատասխան լուսանկարներ Արայիկ Ղազարյանից։
Հայկական կողմն էլ իր հերթին 19-ամյա Արայիկ Ղազարյանի ծառայակիցների կողմից խոշտանգվելու հանգամանքի մասին դեռ լռում է, նշելով․ «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:
Այսօր արդեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն
տարածեց, որ Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Արման Թաթոյանը խոսել է Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան
պատվիրակության ղեկավարի հետ․
«Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման
հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Վերջինս տեղեկացրել
է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն
իրենց ուշադրության կենտրոնում է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին»,-ասված է հաղորդագրության մեջ ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: