«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) մտնելիս պարզորոշ զգացվում է սովետական ռեժիմի շունչը: Հենց մուտքի որոշ տեսարաններ կհամոզեն, որ Խորհրդային միությունից հետո այնտեղ շատ բան չի փոխվել: Հաշմանդամների սայլակներով տեղաշարժի, զբոսանքի մասին հարցն անգամ ավելորդ է, թեև ՔԿՀ-ում վստահեցրին, որ սայլակով տեղաշարժվող դատապարտյալ չունեն, իսկ բժշկական օգնության կարիք ունեցողները բուժկետում են պահվում:
«Վարդաշեն» ՔԿՀ-ն նախատեսված է իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների և օտարերկրացիների պահման համար: Այստեղ ներկայումս պահվում է հաշմանդամություն ունեցող 7 դատապարտյալ: Նրանցից երկուսը համաձայնեցին զրուցել մեզ հետ: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալների հետ մեր զրույցն ընթանում էր հսկիչների ներկայությամբ՝ վերջիններիս պնդմամբ:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը 3-րդ կարգի հաշմանդամ էր՝ ոտքի թաթն անդամահատվել էր ցրտահարության հետեւանքով: Պահման պայմաններից նա առանձնապես դժգոհ չէր: Զրուցակիցս դատապարտվել էր ավազակային հարձակման համար, արդեն 5,5 տարի բանտում էր:
Նա 40 տարեկան էր, ներքին զորքերի ծառայող է եղել նախկինում: Ասաց, թե առաջին անգամ բանտում հայտնվել էր «երեխության պատճառով»: Պարանոցի հատվածում վնասվածքի հետքեր ուներ: Ասաց, որ ձերբակալվելուց հետո քաղմասում ծեծի էր ենթարկվել ու ինքնավնասման փորձ արել: «Չարածս բանի համար բռնել էին, չէի կարում ապացուցել, որ ես չեմ, ստիպված ինքս ինձ վնասեցի: Հիվանդանոց են տարել քաղմասից: Էն ժամանակ ծեծ-ջարդ կար քաղմասում»,-պատմեց դատապարտյալը:
Հաշմանդամ դատապարտյալը, ի դեպ, տեղյակ չէր, որ հաշմանդամության թոշակն ավելացել է, այլևս 16 հազար դրամ չէ: Ասաց, որ թեև հաշմանդամ է, բայց մշտական դեղորայքի կարիք չունի: Երբեմն դեղերը տնից է ուզում: «Ջերմ իջեցնող և ճնշման դեղեր ՔԿՀ-ն տալիս է, բայց եղել է դեպք, որ բժիշկը գրել է, ՔԿՀ-ն չի ունեցել դեղը, որ ներարկեն»,- պատմեց նա:
Նա հայտնեց, որ ՔԿՀ-ում սայլակով կալանավորներ չկան: Փոխարենը տեսել էր առողջական վիճակի պատճառով մահվան դեպքեր: «Ինֆարկտ եղել է, մինչև շտապօգնությունը եկավ, մահացել էր: Եղել է, որ կախվել է»,- պատմեց զրուցակիցս:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում մեզ հետ զրուցած մյուս դատապարտյալը նույնպես 3-րդ կարգի հաշմանդամ էր, մոտ 5 տարի էր բանտում: Աջ ոտքի սրունքի հատվածում փտախտի զարգացման վտանգ կար, քանի որ Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորվել էր ու բարդություններ էին առաջացել: «Ոտքիս երկու անցք կա, երբ մրսացնում եմ կամ չարաշահում, թարախ է գալիս»,- պատմեց նա: Պարբերաբար դեղ էր խմում, որը սակայն տանից էր ուզում, քանի որ ՔԿՀ-ն «տենդերով չէր շահել» այդ դեղը:
Բանտում վարակվել է Հեպատիտ C-ով, բայց տեղյակ չի եղել
2004 թ.-ին սպանության համար ցմահ դատապարտվածը «Դատապարտյալների հիվանդանոցում» մոտ մեկ տարի բուժվում է միզապարկի քաղցկեղի դեմ: 14 տարի 7 ամիս բանտում գտնվող տղամարդն այստեղ հեպատիտ C-ով է վարակվել, նաև ունի երիկամային անբավարարություն ու ճողվածքներ: Հիմնականում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մեկ տարի առաջ տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ, այնուհետեւ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»:
Թե որ ՔԿՀ-ում էր վարակվել Հեպատիտ C-ով՝ չկարողացավ ասել. «Ես էստեղ հետազոտվելուց հետո եմ իմացել, որ հեպատիտ C ունեմ, մինչև էդ տեղյակ չեմ եղել»,-նշեց նա:
Ի դեպ, արդարադատության նախարարությունից Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) տեղեկացրել են, որ 2018-ին քրեակատարողական հիմնարկներում արձանագրված 18 մահվան դեպքերի հիմնական պատճառները եղել են տարբեր հիվանդությունները՝ այդ թվում 5-ը Հեպատիտ C-ից:
Դատապարտյալն ասաց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պետպատվերով է վիրահատվել քաղցկեղի դեմ և անհրաժեշտ դեղորայքն ստանում է: «Արմավիրում» չէր ասի՝ էդքան գերազանցա: Հնարավորության դեպքում ինչ կարողանում՝ անում են»:
Չնայած առկա հիվանդություններին ու երկարատև բուժմանը ցմահ ազատազրկվածը հաշմանդամության կարգ չունի:
1-ին կարգի հաշմանդամ անտուն թոշակառուն երազում է դուրս գալ բանտից
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում զրուցեցինք նաև դատապարտյալ Հովհաննես Կարապետյանի հետ: Նա 1-ին կարգի հաշմանդամ է, ձախ ոտքը ՔԿՀ-ում անդամահատել են, ինսուլտ է տարել, ձախ ձեռքը չի աշխատում, սիրտ-անոթային անբավարավածություն ունի: «Բժիշկներն ինձ էստեղ ամեն ինչով օգնում են, բուժում են, գոհ եմ»,- ասաց նա:
Հովհաննես Կարապետյանը դրսում՝ բաց երկնքի տակ է ապրել, անգամ գերեզմանոցում: Թմրամոլ է, սակայն պնդեց, թե բանտում չի օգտագործել, կարողացել է առանց թմրանյութի ապրել: Իր ասելով՝ դատապարտվել է «թմրանյութ հյուրասիրելու համար», դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Շուրջ 1,5 տարի դատապարտյալների հիվանդանոցում է պահվում:
Չնայած նրան, որ դրսում տանիք ու ընտանիք չունի, բայց ուզում է օր առաջ դուրս գալ բանտից: Դիմել է վաղաժամկետ ազատման համար, սակայն դատարանը օրերս մերժել է նրա դիմումը՝ հաշվի չառնելով, որ առաջին կարգի հաշմանդամ է: «Եթե առաջին կարգի հաշմանդամին չեն ազատում, բա ո՞ւմ պիտի ազատեն, ուրեմն կաշառք են վերցնում դատավորները»,- հայտարարեց նա:
Առաջին կարգի հաշմանդամը գոհ չէ «Արմավիր» ՔԿՀ-ից: ««Արմավիր»-ում փակ ռեժիմով էր, պետք ա դուռը ջարդես, որ դեղորայք տան: Ցավազրկող դեղ ենք ուզում՝ ոտքի դեղ են տալիս, ոտքի համար ենք դեղ ուզում, սրտի դեղ են տալիս: Էնտեղ բժիշկ չկա, որ օգնեն, դեղորայք տան: Դիմում գրեցի, տեղափոխվեցի էստեղ»,- ասաց դատապարտյալը:
ՔԿՀ-ում թոշակը գումարի տեսքով չի ստանում. «Չոր փող չեն տալիս, բայց ինչ-որ պետք է, պապիրոս բան՝ տալիս են»:
Հաշմանդամների համար տրամադրվել են զուգարանակոնքեր
Հայաստանյան ՔԿՀ-ներում հաշմանդամություն ունեցող բանտարկյալների համար առկա են մի շարք դժվարություններ, որոնք արձանագրել են քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:
2018-ի աշնանը «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ դիտորդները հանդիպել են ցմահ ազատազրկման դատապարտված Ա.Ի.-ին: Վերջինս ունեցել է 2-րդ կարգի զինվորական հաշմանդամություն, ինչպես նաև առողջության հետ կապված մի շարք խնդիրներ: Մեկ ոտքն անդամահատված է եղել, սակայն սկսել է ցավեր զգալ նաև առողջ ոտքում, նույնիսկ դժվարացել է կանգնել այդ ոտքի վրա: Դիտորդներին պատմել է, որ բազմիցս խնդրել է ռենտգեն հետազոտություն կատարել, նույնիսկ իր անձնական միջոցների հաշվին, սակայն միշտ մերժվել է: Ա.Ի.-ն բողոքել էր նաև խցի պայմաններից, քանի որ խուցը, նույնիսկ սանհանգույցը, հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Զուգարանից օգտվելիս օգնում է խցակիցը:
Մեր հարցմանն ի պատասխան ՔԿԾ-ից պատասխանել են, որ «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների համար արված նախագծա-նախահաշվային աշխատանքներում ներառված են հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար սանհանգույցներում հատուկ պայմաններ ստեղծելը: «Նուբարաշենում» ընթանում են վերանորոգման աշխատաքններ, բուժկետում 3 հարմարեցված են հիվանդանոցի մասնաշենքում, 3-ը՝մեկուսարանում:
Քրեակատարողական մյուս հիմնարկներում, ըստ ՔԿԾ-ի, տրամադրվել են զուգարանակոնքեր՝ մասնակի լուծում տալու հենաշարժողական խնդիր ունեցող դատապարտյալների ու կալանավորների խնդրին: Բժշկական սայլակի կարիք ունեցողներն ապահովված են սայլակներով:
Անկողնային հիվանդ դատապարտյալի տակդիրը փոխել է խցակիցը
Արդարադատության նախարարությունից 2018-ին ՄԻՊ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ ՔԿՀ-ում չկան այլ անձի կողմից մշտական խնամքի կարիք ունեցող դատապարտյալներ: «Դատապարտյալների հիվանդանող», «Արթիկ», «Վանաձոր», «Արմավիր» ՔԿՀ-ում միասին պահվում են 5 դատապարտյալներ, որոնք այլ անձի մասնակի խնամքի կարիք ունեն, ինչը կազմակերպվում է բժշկական անձնակազմի ուժերով:
Մինչդեռ ՄԻՊ-ին հասցեագրված դիմումներից մեկով, դատապարտյալը տառապել է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ՝ թոքի քաղցկեղով (IV ստադիա), ուղեկցվել է ուռուցքային ինտոքսիկացիայով, հյուծումով, և ազատությունից զրկված անձն ինքնուրույն չի կարողացել տեղաշարժվել:
Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի՝ վերջինս գամված է եղել անկողնում և կարիք է ունեցել խնամքի, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատշաճ խնամքը չի կազմակերպվել՝ խնամքն իրականացվել է այլ դատապարտյալների կողմից և ոչ բավարար ծավալով: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ ՔԿՀ-ում ազատությունից զրկված վերոնշյալ անձին խնամել է համապատասխան գիտելիքներ չունեցող մեկ այլ դատապարտյալ: Այսպես, դատապարտյալի տակդիրը փոխել է այլ ազատությունից զրկված անձ, չեն տրամադրվել նաև բավարար չափով անկողնային պարագաներ:
Բաղնիքը՝ շաբաթը մեկ՝ 15 րոպեով
2018 թ.-ի զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է որոշ ՔԿՀ-ների անմխիթար ու անընդունելի պայմաններին: Մասնավորապես՝ «Նուբարաշեն»-ի առաջին մասնաշենքի լոգարանը ՄԻՊ աշխատակիցների այցի պահին գտնվել է անընդունելի վիճակում:
Լոգանքի համար նախատեսված մետաղապլաստե խողովակներին ցուղներ չեն եղել, ջուրը հոսել է շիթով: Կոյուղաջրերի հեռացման համակարգի խցանումների և անսարքության պատճառով հանդերձարանում և լոգասենյակում տիրել է անտանելի գարշահոտություն: Հանդերձարանի պատին փակցված հայտարարության համաձայն՝ «1 անձին բաղնիք տրամադրվում է 15 րոպեով»: Ազատությունից զրկված անձինք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ լոգանք ընդունում են շաբաթը մեկ անգամ:
Բանտում հիմնականում մահանում են հիվանդությունների պատճառով
Արդարադատության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 18 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն: Մահերի մեծ մասը եղել է հիվանդությունների պատճառով:
Մահվան 18 դեպքերից 3-ը տեղի են ունեցել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, 1-ը՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, 1-ը՝ թոքաբորբի, 5-ը՝ Հեպատիտ C-ի, լյարդի ցիռոզի, 3-ը՝ նորագոյացությունների, 2-ը՝ ինքնասպանության, 3-ը՝այլ հիվանդությունների հետևանքով:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: