«Նախորդ իշխանությունների ժամանակ կատարված անօրեն վճիռները պետք է նոր քննության ենթարկվեն»
Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց մի շարք իրավապաշտպանների հետ՝ քննարկելու 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձություններով դատապարտված քաղաքական բանտարկյալների գործերի վերանայման հարցը։ Հանդիպման համար առանցքային դեր էր կատարել Մարտի 1-ի գործով դատապարտված Արամ Բարեղամյանի և Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործերով նոր երևան եկած հանգամանքների ուսումնասիրությունն ու նոր զարգացումները:
Զրույցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ի կայացված դատավճիռների բողոքարկման գործընթացը, եթե դրանցում առկա լինեն նոր երևան եկած հանգամանքներ կամ առերևույթ պարունակեն ոչ ճշգրիտ վճիռներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հանձն առան աջակցել և Դատախազությանը տրամադրել թեմային վերաբերվող՝ իրենց ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը։
Չնայած հանդիպումը նախաձեռնել էին իրավապաշտպաննները, սակայն նրանք բավականին գոհ են հեռացել Դատախազությունից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղբանտարկյալների գործերի ուսումնասիրությունը սկսել Մարտի 1-ով և շարունակել մինչև մեր օրեր։
Հանդիպմանը ներկա իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պարզաբանում է՝ Մարտի 1-ն առաջահերթություն են ներկայացրել, քանի որ գործի հետ կապված առկա են արդեն իսկ պատրաստի փաթեթներ և ցուցակներ․
«Անկախ Հայաստանը միշտ ունեցել է քաղբանտարկյալներ, դատական համակարգն այդ խնդրի առաջ կանգնած է եղել։ Չնայած այն հանգամանքին, որ այսօր մենք քաղբանտարկյալներ և քաղաքական դրդապատճառներով դատապարտված անձիք չունենք, այնուամենայնիվ նախորդ իշխանությունների ժամանակ կատարված անօրեն վճիռները պետք է նոր քննության ենթարկվեն և անմեղ մարդիկ արդարացվեն։ Սկսելու ենք Մարտի 1-ից, բայց նաև հետ ենք գնալու։ Պետք է հիմքը դնենք, մնացածն ինքստինքյան կգնա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։
«Մենք այսօր օրինական ճանապարհ ենք փնտրում Մարտի 1-ի գործով կատարված ապօրինությունները վերացնելու համար»
ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, ով ևս ներկա էր Գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, արդյունավետ աշխատանքի համար երեք տարբերակ առաջարկեց: Նա առանձնացրեց Մուշեղ Սաղաթելյանի և Արամ Բարեղամյանի նախադեպերը, նշելով՝ դատական սխալի հիմքով հնարավոր է բողոքարկել քրեական գործի վարույթները և փուլ առ փուլ հասցնել Վճռաբեկ դատարան.
«Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը հնարավորություն է տալիս առանց ժամկետի սահմանափակման վերաբացել գործը, եթե քննության ընթացքում խաթարվել է արդարադատության բուն էությունը և խախտվել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարությունը։ Այս դեպքում օրենքը և իրավունքը հնարավորություն են տալիս արդեն ուժի մեջ մտած դատական ակտերին անդրադառնալ։
Հարյուրավոր մարդկանց ապօրինի բռնել են, ձերբակալել, դատապարտել, և մենք այսօր օրինական ճանապարհ ենք փնտրում այդ ապօրինությունը վերացնելու համար։ Տրամաբանական աբսուրդը կա այստեղ»,- ասում է Խաչատրյանը:
Իրավաբանը փաստում է, որ իրավունքի գերակայության մասով Հայաստանը կունենան մի շարք նախադեպեր դատական համակարգում: Նրա խոսքով, Կառավարությունը կարող էր քաղաքական որոշում կայացնել և այդ գործով բոլոր մարդկանց «անմեղ» հայտարարել, բայց կարևոր համարեց դրան հասնել օրենքի և օրինականության ճանապարհով.
«Սա հենց անցումային արդարադատության գործիքներից մեկն է, որովհետև նախորդ իշխանությունների կողմից կոռումպացված դատական համակարգի պայմաններում բազմաթիվ ապօրինի գործեր են քննվել, որոշումներ են կայացվել և մենք այսօր ստանում ենք մի նախադեպային գործիք, որն ասում է՝ եթե արդարադատության չարաշահում է տեղի ունեցել, ապա անկախ ժամկետից անձը կարող է դիմել դատարանին։ Այս տարիների ընթացքում մենք որևէ արդարացված քաղբանտարկյալ չունենք, ուստի կարծում եմ որ այդ բողոքարկված գործերի մասով ձեռքբերում ենք ունենալու»։
Արամ Բարեղամյանի և Մուշեղ Սաղաթելյանի գործերի վերանայումը կարող է նախադեպ լինեն դատական համակարգում
Քաղաքական գործունեության, ընտրություններին ակտիվ մասնակցության ցուցաբերելու, ընդդիմադիր թեկնածուի գրասենյակներում աշխատելու կամ նրանց կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար, 2008 թվականին մոտ 110 մարդ հայտնվեց կալանավայրերում, դատապարտվեց մեծ պատժաչափով և ծանր հոդվածով։ Նրանց թվում էր 2008 թվականին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Արամ Բարեղամյանը և Մուշեղ Սաղաթելյանը:
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Գլխավոր դատախազությունը Մարտի 1֊-ի՝ ուժի մեջ մտած և կատարված դատավճիռների գործերով առաջին անգամ վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացրեց․ պատճառը նոր երևան եկած հանգամանքներն էին: Մարտի 1-ի գործով դատապարտված Արամ Բարեղամյանի գործով միակ և առանցքային տուժողը՝ Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Քամալյանը, 10 տարի անց կրկին ցուցմունք էր տվել: Նա Հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն ինչ-ինչ պատճառներով հաստատել է այդ փաստը:
«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Ոստիկանը, եթե նույնիսկ ցուցմունքը չփոխեր, միևնույն է՝ ուղղակի հրամանով ես դատվելու էի: Առաջ Դատախազություն ընդհանրապես գոյություն չուներ, միայն հրաման էր կատարում Բաղրամյան 26-ից։ Հեղափոխությունից հետո Դատախազությունն էլ ամբողջությամբ մտել է իրավական դաշտ և ես դրական եմ գնահատում այդ հանգամանքը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Բարեղամյանը:
Նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Արամ Բարեղամյանի գործն արդեն իսկ Վճռաբեկ դատարանում է, փաստաբանի կարիք չի զգում, ասում է՝ հավատով է սպասում արդարությանը:
Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը երկար մարտնչեց հայաստանյան դատական համակարգում, սակայն, արդյունքի չհասնելով, դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ գործը լսվեց 10 տարի: 2018 թվականի սեպտեմբերին, ՄԻԵԴ-ը ճանաչեց փաստաբանների կողմից արձանագրած բոլոր խախտումները՝ Կոնվեցիայի 3-րդ հոդված՝ խոշտանգում, 5-րդ հոդված՝ անձեռնամխելիության սկզբունքի խախտում, 6-րդ հոդված՝ արդար դատաքննության սկզբունքի խախտում և հանրահավաքների ազատութան, իրավական պաշտպանության արդյունավետ մեթոդի խախտում:
ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ մտավ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը՝ հիմք ընդունելով որպես նոր հանգամանք, ՀՀ գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով երկրորդ վճռաբեկ բողոքը ներկայացրեց, որը բավարարվեց Վճռաբեկ դատարանի կողմից:
Այս պահին նոր երևան եկած հանգամանքներով միայն Բարեղամյանի և Սաղաթելյանի գործն է ուղարկվել նոր քննության: Ինչպես Forrights-ին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումների լույսի ներքո այս պահին ուսումնասիրություններ են կատարվում, որոնց վերաբերյալ կկայացվեն համապատասխան դատական որոշումներ:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: