Մեր նախորդ հրապարակումը հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանի հանցավոր վարքագծի մասին, մեկնաբանությունների ալիք է բարձրացրել: Մեզ գրում են Մատաղիսում ծառայած զինվորները, նաև մարդիկ, որոնք անտարբեր չեն հայկական բանակի իրական վարկանիշի նկատմամբ, նոր քրեական դեպքեր են բացահայտում: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ, իսկ առայժմ զուտ պաշտոնական արձագանքների մասին:
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գտնում է, որ ժամկետային զինծառայողները, որոնք «Քուն» հրամանից հետո չեն գնում քնելու, այլ հաց են ուտում ննջասենյակում, պետք է դաժանորեն պատժվեն, քանի որ «անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելն առնվազն հանցանք է ու հանցանքի բուն»:
Իհարկե, Արծրուն Հովհաննիսյանը չի կարող բացահայտ գրել՝ լավ է արել հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որ զինվորներին պառկեցրել է ու շարային քայլով անցել է նրանց վրայով, բայց հրապարակավ արդարացնելով ապօրինությունը, նա խրախուսում է հանցավոր բարքերն ու բեսպրեդելը շարքայինների նկատմամբ:
2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Արթուր Ֆահրադյանը օրակարգը խախտելու համար ծեծել է մի քանի զինծառայողների, ապա նրանցից 7-ին պառկացրել է գետնին ու քայլել է նրանց վրայով: Այս արարքի համար նա պայմանական պատիժ է ստացել: Այնուհետև բացահայտվել է ծեծի ևս մի դեպք Ֆահրադյանի մասնակցությամբ: Այս անգամ տուժողը շարքային Բ. Հովհաննիսյանն է եղել, և կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն մեկուսացրել: ՀՀ Գլխավոր դատախազությունը մեր հրապարակման առիթով փորձեց պարզաբանել մայոր Արթուր Ֆահրադյանի վերաբերյալ վերաբերյալ կայացված դատավարական որոշումների տրամաբանությունը:
«Խափանման միջոցի հարց լուծում է նախաքննական մարմինը. զինդատախազությունը մեղադրանք է պաշտպանում և առաջին դատական քննության ընթացքում դատախազությունն այդ անձի համար ռեալ պատիժ է պահանջել. դատարանն է որոշել պայմանական չկիրառել պատիժը: Երկրորդ դեպքը, ինչպես ասեցի, ավելի ուշ է պարզվել: Այսինքն այն ժամանակ, երբ քննվել է առաջին գործով, այն ժամանակ երկրորդի մասին տեղեկություն չի եղել: Նաև, որքան տեղյակ եմ, անգամ տուժողը չի բողոքել, — Forrights-ի հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը,- Երկրորդ հանցագործությունը կատարվել է գրեթե նույն ժամանակահատվածում, այլ ոչ թե պատիժը նշանակելուց հետո, որը կարող էր հիմք լինել՝ կալանավորումն ընտրելու համար: Իսկ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջարդված եղել, մինչև հինգ տարի ժամկետով է պատիժ նախատեսում, որի դեպքում, եթե հիմքերն առկա չեն, կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվում: Եթե պարզվի, որ պայմանականի մեջ գտնվելով առերևույթ նոր հանցագործություն է կատարել ու կա դրա հիմնավոր կասկածը, այդ դեպքում խափանման միջոցի հետ կապված այլ մոտեցում կարող է կիրառվել»:
Այնուամենայնիվ փաստ է, որ օրինազանց մայոր Արթուր Ֆահրադյանը շարունակում է է մնալ ազատության մեջ և աշխատել շարքային զինվորների հետ, որոնց իրավունք ունի ասել՝ մեկը բողոքեց, ինչ՞ի հասավ, այ նպես որ ձայններցդ կտրեք»:
Արթուր Ֆահրադյանին մեր հրապարակումը վիրավորել է: Մեր որակումները նա համարում է անպարկեշտ: Հիշեցնում է, որ հայկական բանակի սպայի հետ գործ ունենք և հորդորում է պարկեշտություն ցուցաբերել և հարգանք հայկական բանակի սպայի հանդեպ:
«Ես ոչ մեկին չեմ ծեծել, ես հոգատար ու սիրված հրամանատար եմ, իսկ դուք անտեղի, անհիմն մեղադրող», — ասում է Ֆահրադյանը, թեև դատարանում արագացված դատաքննության ընթացքում խոստովանել էր, որ ծեծել է զինվորներին և քայլել է նրանց վրայով:
Մատաղիսի զորամասում մեր հրապարակումից հետո աժիոտաժ է տիրում: Ապացուցելու համար, որ մեր հրապարակումը իրականությանը չի համապատասխանում և որ մենք սխալվում ենք, պնդելով, որ այն հանցավորության որջ է, այնտեղ են հրավիրվել լրագրողները: Այժմ զորամասում «գեներալնի ուբորկա» է:
Մեր տեղեկություններով զինվորներին հրահանգել են փակել բերանները, ոչինչ չպատմել լրագրողներին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: