Դաժան դատավորներին պատժելու իրավական պրակտիկա Հայաստանում չկա. հայ-ռուսական զուգահեռներ

1351

Կրասնոդարի մարզի դատավորների որակավորման կոլեգիայի հանձնաժողովը կասեցրել է շրջանային դատավոր Նատալիա Կալիտայի լիազորությունները քաղցկեղով ծանր հիվանդին կալանավորելու համար: Այս իրադարձությունը մեծ արձագանք է գտել ռուսական մամուլում։

 Ծանր հիվանդը հասարակ քաղաքացի չէր, այլ Կորենովսկի շրջանի նախկին ղեկավար Վլադիմիր Ռուդնիկն էր, որը 2012 թվականին ազատման դիմում էր գրել ծանր հիվանդության պատճառով։

Դատավոր Նատալիա Կալիտայի որոշմամբ նա կալանավորվել էր այս տարվա փետրվարին։ Կալանքի հարցով դատական նիստին Ռուդնիկը մասնակցել է պառկած վիճակում: Նրան դատարան էին բերել հարկադրաբար, իսկ նիստից հետո նրան տարել են ոչ թե մեկուսարան, այլ հիվանդանոց: Մարտին էքսգուբերնատորը մահացել է քաղցկեղից։ Կալիտան կալանքի սանկցիան, փաստորեն, կիրառել է մահացու հիվանդի նկատմամբ: Արդեն Ռուդնիկի մահից հետո Կալիտան նրան մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Կալիտայի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը որակավորման կոլեգիայի հանձնաժողովն ընդունել է հուլիսի 26-ի նիստի ժամանակ, քննելով փաստաբանի միջնորդությունը:

Փաստորեն, նույնիսկ Ռուսաստանի նման ավտորիտար և հակադեմոկրատական երկրներում դատավորների դաժան վերաբերմունքը մահացու հիվանդ քաղաքացիների նկատմամբ պատժվում է:

Զուգահեռները մեր իրականության հետ ակնհայտ են։

Քաղցկեղով հիվանդ, հյուծված գեներալ Մանվել Գրիգորյանին արդեն երկու տարուց ավելի է, պահում են բանտում։ Վերջին դատական նիստից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց, իսկ նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը պարբերաբար բարձրաձայնում է այն մասին, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի այս վերաբերմունքը խոշտանգում է։ Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն անդրդվելի է։ Հուլիսի 2-ին գեներալի կալանքի ժամկետը նրա որոշմամբ կրկին երկարաձգվեց։  Նրան լսող չկա։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է իր դաժան վարքով։ Դեպք է եղել, երբ նա մերժել է ոտքերն ու ձեռքը կտրած դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելու միջնորդությունը։ 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և բազմաթիվ միջնորդություններից հետո պատժի հետագա կրումից ազատվեց ցմահ դատապարտյալ, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը, որը 20 տարի ապրելէր բերդում։ Մի քանի օր ազատության մեջ անցկացնելուց հետո նա մահացավ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան ազղատության մեջ մահանալու իրավունք տվեց։

Բանտի, դատարանի ու հիվանդանոցի արանքում է նաեւ Բաղդասարյանի մյուս պաշտպանյալը’ Արթուր Վարդանյանը։ Նա արդեն 4 տարիէ, կալանքի տակ է։ Ունի անբուժելի Կրոնի հիվանդություն։ Վերջին մեկ տարում նրա առողջությունը կտրուկ վատթարացել է։ Մարմինը պատված է թարախային բշտերով, որովայնի ցավերը չեն դադարում, սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանը հրաժարվում է նրան ազատել կալանքից։ Հուլիսի 29-ի ասուլիսի ժամանակ Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտտարարեց, որ դիմելու է ՄԻԵԴ իր պաշտպանյալի նկատմամբ դաժան վերաբերումնքի հարցով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը 2017 թվականին հրաժարվում էր կալանքից ազատել ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին։ Հունիսի 23-ին դատավորը միջանցքում վիրավորել էր սայլակին գամված տարեց Վահան Շիրխանյանին։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը պատմել էր Forrights.am-ին, որ դատական նիստերի դահլիճից դուրս դատավորը բարձր գոռալով հարձակվել է Շիրխանյանի վրա ասելով՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես, որ ես ինչ-որ մի բան չեմ հասկանում: Բեկթաշյանին պատասխանատվության չեն ենթարկել։ Այսօր նա շարունակում է դաժան, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել ամբաստանյալների նկատմամբ։

Ցավոք, դաժան դատավորներին պատժելու իրավական պրակտիկա Հայաստանում չկա։ Դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը թե նախկին, թե ներկա իշխանությունների օրոք զուտ քաղաքական ենթատեքստ ունի։

Սյուզան Սիմոնյան