Վայքի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Վարդանյանին հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում գտել են սպանված, ճակատի շրջանում հրազենային վերքով։ Տղան նստած է եղել սեփական սաղավարտի վրա, պատին հենված վիճակում։ Նրա հարազատները վստահ են, որ Համիկին սպանել են, ապա ծաղրի ենթարկելով, նստեցրել են զինվորական գլխարկի վրա, ինքնասպանություն բեմադրելով։
«Պահանջում ենք, որ մեր երեխու սպանողին գտնեն», — ասում են Համիկի հարազատները։ Նրանք չեն ցանկանում քննարկել անգամ ինքնասպանության վարկածը։ Քննիչներին ոչ դիակի դիրքը, ոչ էլ այն հանգամանքը, որ ոչ մի ինքնասպան ավտոմատով ինքն իր ճակատին չի կրակում, կասկածելի չեն թվացել։ Նրանք անմիջապես որոշել են, որ շարքային Վարդանյանն ինքն է վերջ տվել իր կյանքին և քրեական գործ են հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Ինքնասպանության վարկածը նույն րոպեին տարածվել է ԶԼՄ-ներով։ Թաղման օրը՝ հուլիսի 25-ին, Վայքից Արմավիր գնացած զորամասի սպաները ոչ մի բառ չեն պատասխանել տղայի տատին՝ Նյուրա Կարապետյանին, որը հարձակվել է տղամարդկանց վրա, աղաղակելով․ «Ո՞վ է սպանել իմ երեխուն»։
«Մոտեցա, ասեցի՝ ես տատիկն եմ, Ամերիկայից եմ եկել, ուզում եմ իմանամ իմ մինուճարին ո՞վ ա խփել, իմ երեխեն էդ չէր անի, ո՞վ ա սպանել իմ երեխուն։ Ուլի նման, գլուխները կախած ինձ էին նայում։ Իմ քյորփա երեխի դիակը զալում դրած, մտան, գլխարկները մի հատ չհանեցին», — պատմում է Նյուրա Կարապետյանը։
Նա Հայաստանից մեկնել է 90-ականներին։ Ասում է, որ այն ժամանակ Հոկտեմբերյանի ապակյա տարաների գործարանում էր աշխատում, ամեն օր տուն էր գալիս վերքերով։ Հետագայում մեկնել է ԱՄՆ և այնտեղ վաստակած գումարներով պահել է գործազուրկ աղջկան, եղբայրներին։ Թոռնիկը՝ Համիկը, նրա ուրախությունն է եղել։
Համիկ Վարդանյանը կյանքի վերջին 12 տարիները ապօրինի բնակվել է Ռուսաստանում՝ հոր մոտ, որը արտագնա աշխատանքների է։ «Նրան փաստաթուղթ էր պետք, դիմել է դեսպանատուն, այնտեղ նրան ասել են, որ պետք է գնա ծառայության», — պատմում է մայրը՝ Ռուզաննա Վարդանյանը։ Հետագայում տղային դուր է եկել բանակային ծառայությունը։ Այնուամենայնիվ, բազմաթիվ դեպքեր կան, երբ ՌԴ-ում բնակվող երիտասարդները, ի սկզբանե այլ մտածողություն ունենալով, զորակոչվելով հայկական բանակ, չեն կարողանում ընտելանալ մեր զորամասերում տիրող «գողական» բարքերին։
Հունվարի 27-ին Արցախի «Եղնիկներ» զորամասում ճակատին արձակած կրակոցից զոհվեց 20-ամյա Հովսեփ Գրիգորյանը։ Նա ծնունդով Սպիտակից էր, և եկել էր Հայաստան ծառայելու։ Ըստ պաշտոնական վարկածի, նա խախտվել են զենքի հետ վարվելու կանոնները: Մենք պարզեցինք սակայն, որ երիտասարդը լարված հարաբերություններ ուներ զորամասի հրամանատարի հետ, որը գիշերով արթնացնում էր տղային և ստիպում էր, որ քնի հաշվին ԶՈւ կանոնագրքեր կարդար, քաննի որ նա հայերեն վատ էր կարդում։
Ռուսաստանի բնակիչ էր նաև 2017 թվականին սպանված Նարեկ Ադիբեկյանը։ Նա ռուսական բանակում մեկ տարի ծառայելուց հետո հայկական բանակից և զորակոչի հրաման ստանալով, անմիջապես հայրենիք է վերադարձել, ծնողներին ասել, որ չի ուզում իրեն բանակից ազատեն։ Նարեկը ծառայում էր «Եղնիկներ» զորամասում։ Ըստ պաշտոնական վարկածի, նրան սպանել է նրա ծառայակիցը, որին Նարեկը պարբերաբար ստորացրել է, սակայն գործում կան բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են, որ այս վարկածը քննիչները հորինել են իրական հանցագործությունը կոծկելու համար։
«Փաշինյանը ասում ա՝ եկեք ծառայեք, մինուճարս Ռուսաստանում էր ապրում, եկավ Հայաստան, որ Հայաստանի համար ծառայի, բա սե՞նց են անում։ Սպանում են, տալիս են ձեռքնե՞րս։ Երեխես Հայաստանում չապրեց, բայց Հայաստանի համար զոհվեց։ Ինչո՞ւ ոչ մի օլիգարխի, ոչ մի պաշտոնյայի երեխու հետ վատ բան չի կատարվում։ Մենակ էս երեխեքն են տուժում բանակում», — թախանձագին լալիս է Նյուռա տատը։
Համիկ Վարդանյանի հարազատներին զորամասից ասել են, որ իրենց որդին աղջկա ապատճառով է իրեն սպանել, որ նա ինչ-որ վիրտուալ «ծանոթուհի» ուներ ռուսաստանում, որին զանգում էր։ Բայց նրա ծառայակիցներից մեկն է զանգել է այդ աղջկան, Համիկը բարկացել է, ինչն էլ ինքնասպանության պատճառ է դարձել։ Մյուս «լեգենդն» էլ կապում են բջջային հեռախոսի հետ։
Համիկը թանկարժեք հեռախոս է ունեցել՝ «սմարթֆոն», որը հրամանատարը խլել է։ «Փորձում են ներկայացնել, թե իբրև էդ հեռախոսի պատճառով ա նեղվել, բայց իմ երեխեն ամեն ինչին հանգիստ էր նայում, նա սառը մարդ էր, ու աղջիկներին էլ էր հանգիստ վերաբերվում, երբեք նման բան աղջկա համար չէր անի», — վստահեցնում է Համիկի մայրը։
Նա տարօրինակ հանգամանքներ է նկատել։ Նախ՝ ճակատից բացի, վերքեր են եղել նաև որդու աչքերի տակ՝ այտերի շրջանում, ինչի պատճառով դեմքի վերին հատվածը փակ վիճակում են նրան հուղարկավորել։ Երկորդ՝ հարազատներից մեկը, որը եղել է դիահերձարանում, վստահեցնում է, որ Համիկի գլխին ծոծրակի կողմից վնասվածք է եղել։
Եւ վերջապես, ընտանիքին շատ կասկածելի է թվում այն հանգամանքը, որ Համիկ Վարդանյանը պարբերաբար գումար է պահանջել.«4 հազար, 7 հազար փող էր ուզում, ինչ էր անում նա այդ գումարը բանակում, չգիտենք», — պատմում է զոհվածի մայրը։ Մահից մոտ երկու շաբաթ առաջ նա տուն է եկել, Արմավիր։ Ասում են, տրամադրությունը բարձր է եղել, անհամբեր սպասել է, թե երբ է գնալու հետ, զորամաս։ Հարազատները սպասում են, որ բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական եզրակացությունը։ Նրանք փաստաբան են փնտրում և մտադիր են մինչև վերջ պահանջել, որ Համիկի սպանությունը բացահայտվի։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: