Սպիտակի 19-ամյա բնակիչ, ժամկետային ծինծառայող Արմեն Պարավյանին, որը ծառայությունն անցնում է  «Ես եմ» ծրագրով Ասկերանում, զորամասի հրամանատարությունը երեկ վերջապես տրամադրեց ամենամսյա արձակուրդը և ուղարկեց տուն: Ավելի վաղ գրել էինք, որ Արմեն Պարավյանը ապօրինի կերպով զրկված է «Ես եմ» ծրագրի կարևոր արտոնությունից՝ ամենամսյա արձակուրդից, որը տևում է մեկ շաբաթ:

Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով 5-ամսյա զինպատրաստություն անցնելուց հետո զինծառայողին ամեն ամիս տրվում է 7-օրյա արձակուրդ, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը: Զինծառայողները ամեն ամիս դրամական ապահովություն են ստանում ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով՝ մոտ 35 հազար դրամ, որը ներառում է նրա սնունդի և տուն գնալ-գալու ծախսը: Իսկ երեք տարին լրանալուց հետո այս զինծառայողները ստանում են 5 մլն դրամ բիզնես ստեղծելու, ուսման վարձի, կամ էլ բնակարանային պայմանները բարելավելու համար:

Նրա մայրը՝ Գայանե Դալլաքյանը, պատմել էր Forrighst.am-ին, որ որդուն արդեն երեք ամիս է, տուն չեն թողնում, որ նա  վատառողջ է: «Նա կուչ եկած է, շատ թույլ, անընդհատ պառկում է», — գանգատվում էր կինը:

Զորամաս մեկնելուց հետո մոտ մեկ ամիս անց բժիշկները Պարավյանի մոտ որովայնի ճողվածք են հայտնաբերել և ողնաշարի կիստա:

Վերջերս նրա վիճակը ավելի էր վատացել, և մայրը դիմել էր Forrighst.am-ին, խնդրելով պաշտպանել Արմենին: Նրան ոչ հետազոտում էին, ոչ բուժում էին, ոչ էլ տուն էին թողնում: Մայրը տպավորություն ուներ, որ որդին խեղճավցած է, ընկճված, և իրեն չի պատմում ողջ ճշմարտությունը:

Երեկ մենք զրուցեցինք զինծառայողի հետ: Նա Forrighst.am-ին պատմեց, որ իրեն առաջին անգամ մայիսին, զրկել են «Ես եմ» ծրագրով նախատեսված արտոնությունից՝ մեկ շաբաթյա արձակուրդից, այն պատճառով, որ հիվանդ է եղել ու ժամանակից շուտ է իջել «պոստերից»:

«Առաջին «օտպուսկը», որ պետք է գայի, ցավեր ունեի ուժեղ, իջա պոստերից, ասեցին՝ չես  բարձրացել պոստեր, դրա համար տուն չենք ուղարկում: Բայց Խոջալուի հոսպիտալ էլ չտարան: Ասեցին, տեղ չկա», — պատմում է Արմեն Պարավյանը:  

Վերջապես զինծառայողին ուղարկում են հոսպիտալ, խոստանում են, որ ճողվածքը վիրահատելու են:

Սակայն վիրահաություն չի կատարվում: Որովայնի սուր ցավերով Արմենին հետ են ուղարկում զորամաս:

Ինչո՞ւ: «Ասեցին, ծխել ես, դրա համար: Ոնց որ գիշերվա տասից մինչև ցերեկվա չորսը չպետք է ծխեի, հաց ուտեի ու ջուր խմեի, որ վիրահատեին: Ես ժամին չէի նայել, քնած տեղից զարթներցի ու ծխեցի, բայց ժամին չէի նայել: Ինձ բժիշկները ասեցին՝ ինչո՞ւ ես ծխել, ուրեմն, չենք վիրահատի: Մյուս անգամ նորից կհերթագրվես, կգաս»:

Արմեն Պարավյանը հույս ունի, որ Երևանում վերջապես կանոնավոր հետազոտություն կանցնի ու կվիրահատվի:

«Ցավեր ունեմ: Որ պառկում եմ, չի զգացվում, բայց որ կանգնում եմ, սկսումա ուժեղ  ցավել: Երեք սանտիմետր ա կիստան, ռեալ խանգարում ա ծառայությանը: Եթե պարզվի, որ չեմ կարող ծառայել, թող ազատեն, եթե գտնեն, որ պիտանի եմ, կգնամ, կծառայեմ, բայց թող ինձ բուժեն», — ասում է նա:

Գայանե Պարավյանն էլ հույս ունի, որ Մուրացանի հոսպիտալում վերջապես որդուն ոտքի կկանգնեցնեն:

Նա իր երեք անչափահաս երեխաների հետ ապրում է ծանր պայմաններում: Քաղցկեղ ունի: Իտալական «դոմիկը», որտեղ  մնում է ընտանիքը, կիսախարխուլ, ժամկետն անցած շինութուն է, և ամեն վարկյան կարող է քանդվել: Գայանեն հույս ունի, որ կգտնվեն բարի մարդիկ, որոնք կօգնեն իրեն և երեխաներին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest