«16 տարի առաջ անխելք…միամիտ…երևի ավելի ինքնավստահ էի, քանի հիմա եմ, որովհետև էն ժամանակ մտածում էի՝ ո՞նց կարող ա անմեղ մարդուն դատեն: Հետո ինչ, որ ստիպել էին ասեմ՝ իբր ես եմ արել, վերջիվերջո դատարան գոյություն ունի, որ կփաստի անմեղությունս: Միամիտ էի…»:

34-ամյա Էմիլ Չիվչյանին հանդիպեցինք «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանում: Իր խոսքերով՝ առաջ շատ էր կարդում, սակայն հիմա տեսողական խնդիրների պատճառով չի կարողանում, փոխարենը պակասը լրացնում է մարդկային շփումներով.

«Մարդկային շփումն ու միջավայրն իրականությունն են տալիս, գիրքը՝ պահում ռոմանտիկան»:

«Ասում էին՝ մեկ ա, ընդունես-չընդունես, դու արդեն կարաս համարես, որ դատապարտված ես»

2003 թվականի օգոստոս ամսին Վանաձորի ՊՆ N զորամասում սպանվում են կրտսեր սերժանտ Արման Դավթյանը և եղբայրներ Լևոն ու Համլետ Բարսեղյանները։ Սպանության մեջ մեղադրանք է առաջադրվում երկու անձի, որոնցից մեկը 18-ամյա Էմիլ Չիվչյանն էր, շարքային զինծառայող, ով այդ ժամանակ ընդամնեը 40-օրյա նորակոչիկ էր:

«Դեպքից հետո ամեն օր Դատախազությունից գնում-գալիս էին, նոր մարդկանց էին տանում-բերում: Մի սովորական առավոտ էլ եկան ու ինձ տարան, ասում էին՝ իբր ես գումարային հարցեր եմ ունեցել սպանվածներից Արման Դավթյանի հետ ու գնացել իրեն սպանել եմ, մյուս երկու եղբայրներին էլ սպանել եմ, որ թաքցնեմ կատարածս սպանությունը: Ու ի՞նչ, ու կինոն սկսվեց…Քնած տեղից հանեցին ու բերեցին ցմահ դատապարտեցին»,- տարիներ առաջ տեղի ունեցածն այսօր էլ ձեռքերի տեսանելի դողով է պատմում Էմիլը:

Նախաքննական մարմինն անտեսում է 27 վկաների ցուցմունքն այն մասին, որ դեպքի պահին Չիվչյանը քնած է եղել, փոխարենը կարողանում է իր համար ցանկալի ցուցմունքը կորզել ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներով: Հենց դրանց ազդեցության տակ է Էմիլը խոստովանում «չկատարած հանցանքը».

«Օրը մի քանի անգամ ֆիզիկական բռնության էի ենթարկվում, բայց հոգեբանականն ավելի շատ էր: Քննիչների մոտ շատ լավ էր ստացվում դա, ավելի կոնկրետ՝ քննիչ Խաչիկ Ղալթախջյանի ու Արմեն Հակոբյանի: Ասում էին՝ մեկ ա, ընդունես-չընդունես, դու արդեն կարաս համարես, որ դատապարտված ես: Օգտվեցին իմ անփորձությունից ու անխելքությունից էլի»:

Մեծ հակասություններ են առաջանում Էմիլի ցուցմունքի և փորձագիտական եզրակացությունների միջև, «օգնության է հասնում» մի անձ, ում ով լինելն Էմիլը Forrights-ի հետ զրույցում փորձեց շրջանցել: Ըստ նրա, բաղձալի ցուցմունքը եղել է անմարդկային ծեծուջարդի ու անգամ ոտքերի տակ կրակելու «շնորհիվ»: Էմիլը չի մեղադրում նրան՝ ով էլ լիներ, հաստատ իրենց ուզածի տակ կստորագրեր:

«Գործով դրդապատճառն իբր 50 դոլլարն ա եղել, որն ինձնից վերցրել ա Արման Դավթյանը: Ու ըստ իրենց, ես էդ չնչին գումարի համար պետք ա մա՞րդ սպանեի: Իմ վրա են դրել էն դեպքում, երբ ես ու սպանվողները մոտ ենք եղել, մի թաղից ենք եղել, ընդհանուր ընկերներ ու հարազատներ ենք ունեցել: Ես իրենց ասում էի, ապացուցում էի, որ ես չեմ եղել, չէին հավատում…Մինչ օրս էլ չգիտեմ, թե ով ա սպանել, եթե իմանայի՝ ինչի համար, մոտավոր կհասկանայի, թե ով ա արել»:

Այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանն Էմիլին այցելում է միայն մեկ անգամ: Վերջինս մի դանակ է բերում Էմիլի մոտ ու հայտարարում, որ նա այդ դանակը պահել է ինչ-որ մեկի վրա, որ իբր կատարած սպանության մասին ոչ մեկին չասի: Հետո տեսնելով, որ դանակը որևէ ձևով չի տեղավորվում գործի շրջանակներում, «կորցնում է»:

Մի քանի ամիս անց սկսվում է դատաքննության փուլը՝ դատավոր Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ…

Էմիլ Չիվչյան

Սպանված զինվորի հայրը դատարանում  հայտարարում է, որ հավատում է Էմիլի անմեղությանը

«Դատարանում մենք բացարձակ ոչ մի բան չկարողացանք անել: Մեր դատերին մենք ընդամենը ֆիզիկական ներկայություն էինք ապահովում: Մեր բոլոր միջնորդությունները մերժվում էին, փոխարենը՝ դատախազության ցանկացած միջնորդություն՝ ընդունվում: Նույնիսկ վկա էինք ուզում հրավիրել, բայց էդ էլ իբր չկարողացան կազմակերպել: Գոնե ձև տային, որ ուզում են մեզ լսել…»:

Դատական նիստերից մեկի ժամանակ սպանված զինծառայողներից Արման Դավթյանի հայրը բոլորի մոտ հայտարարում է, որ հավատում է Չիվչյանի անմեղությանը: Նա խնդրում է Էմիլից հայտնել իր որդու մահվան մեղավորների անունները.

«Ասեց՝ տղա ջան, գիտենք, որ դու չես արել, անիմաստ դատվում ես, գոնե ասա՝ ով ա արել, որ կարողանանք մի բան անենք: Բայց ախր ես չգիտեի, թե ով ա արել, ի՞նչ ասեի»:

Դատաքննության փուլն ընդամենը մի քանի ամիս է տևում: Հատկանշական է, որ վերջին նիստերն դատարանում չեն անցկացվում. դատախազն իր մեղադրական ճառը կարդում է սպանության դեպքի վայրից որոշ հեռավորություն վրա, իսկ դատավճիռն ընթերցվում է սպայի տանը:

Էմիլ Չիվչյանն ու գործով մյուս մեղադրյալ Արման Հովսեփյանը դատապարտվում են ցմահ ազատազրկման: Օրեր անց նախաքննական մարմինը ոչնչացնում է գործով անցնում ապացույցները, իսկ դեպքի վայրը քանդվում է:

«Աղվան Հովսեփյանն եկավ ասեց՝ գտի՛, թե ով ա արել, քեզ արդարացնեմ»

Մինչ օրս Էմիլը հայտարարում է, որ իր դատապարտվելը ոչ թե սխալի արդյունք է եղել, այլ՝ հրահանգի:

«Իրական մեղավորին պառտկելու ձև էր: Կոնկրետ վերևից էին հրահանգում: Դե Զինվորական դատախազությունը միշտ էլ մսաղացի դեր ա կատարել: Էն ժամանակ, երբ դատախազը Գագիկ Ջահանգիրյանն էր, ինքը միանշանակ էդ դերն ա տարել: Ոչ տարիք են հաշվի առել, ոչ հոգեբանական վիճակ…ոչ մի բան»:

Տարիներ անց այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այցելում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ բոլորի ներկայությամբ հայտարարում է.

«Գտի՛, թե ով ա արել, քեզ արդարացնեմ: Հա-հա, առանց ամաչելու, դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ ասեց: Եթե Գլխավոր դատախազն ա նման բան ասում, ես էլ ի՞նչ ասեմ»:

Դատապարտյալի համար բավականին ցավալի է այն հանգամանքը, որ Գագիկ Ջահանգիրյանի անունն այսօր շրջանառվում է զինդատախազի պաշտոնի շուրջ: Ըստ նրա, Ջահանգիրյանն անգամ ամենափոքր պաշտոնը չպետք է զբաղեցնի, քանի որ դրանով կվտանգվի շատ մարդկանց կյանքը:

«90 տոկոսով չեմ ուզում, որ էդ պաշտոնը զբաղեցնի, որ երեխեքի կյանքը վարի չտա, բայց 10 տոկոսով էլ՝ կցանկանամ պաշտոն ունենա: Պաշտոնյա որ դարձավ, ավելի խոցելի ու ձեռնամխելի կլինի, ավելի խիստ կպատժվի»,- պարզաբանում է ցմահ դատապարտյալը:

«Ոչ մեկից ոչ մի պահանջ չունեմ, ընդամենը՝ արդարություն: Վստահ եմ, որ լինելու ա, բայց…շատ ա ուշանում»:

Այսօր Էմիլը շարունակում է պայքարել իր բաժին արդարության համար: Ամիսներ առաջ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, որտեղ ներկայացրել է տարիներ առաջ քննիչների կողմից իր խոշտանգվելու փաստը: 5 օր առաջ Չիվչյանը ճանաչվել է տուժող:

«Էն ժամանակ հանրության համար եռոտանի ժանիքներով, պոզերով, մեծ ատամներով հրեշներ էինք, հիմա կամաց-կամաց ընդունում են, որ մենք էլ ենք նորմալ մարդիկ,- ծիծաղում է Էմիլն ու ավելացնում,- ինձ համար անարդարության հաղթահարելն եղել ա որպես գործոն, չի թողել հոգեկան խանգարումներ լինեն, որովհետև էս տարիների ընթացքում անընդհատ եղել ա պայքար»:

Չիչյանն օրեր առաջ օգտվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից և դիմել պատժի կրման փակ ռեժիմից կիսափակի անցնելու համար: Պատասխան դեռ չունի, սակայն հույսով է սպասում: Դատապարտյալն ազատազրկման տարիներին կազմել է իր ընտանիքը, ամուսնացել է: Նա նշում է՝ չնայած կորցրած տարիները հետ բերել հնարավոր չի լինի, բայց գոնե արդարության կհասնի:

«Ոչ մեկից ոչ մի պահանջ չունեմ, ընդամենը՝ արդարություն: Վստահ եմ, որ լինելու ա, բայց…շատ ա ուշանում»:

Ռոզա Վարդանյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Անի Գևորգյանի

Pin It on Pinterest