Խորհդրդային շրջանում մեծացած երեխա եմ եղել, իրականությունից կտրված, ռոմանտիկ գրքերով դաստիարակված: Մի անգամ հորս ձեռքը բռնած տուն գնալուց տեսանք, թե ինչպես էին հարևան շենքի տղաները քարերով հալածում շանը: Խեղճը փակուղում էր՝ երկու ավտոտնակների արանքում: Փախչելու տեղ չուներ ու ստիպված դիմանում էր ցավին՝ հուսահատ հաչալով:
Հայրս, իհարկե, բարկացավ տղաների վրա, քշեց նրանց: Հաջորդ օրը նրան հարցրի՝ ի՞նչ եղավ շնիկը, փախա՞վ: Հայրս հեքիաթ հորինեց, թե առավոտյան գործի գնալուց տեսել է, թե ինչպես շան տերը եկավ, շնիկին գրկեց ու տարավ տուն: Ես չհավատացի: Արդեն գիտեի, որ իրական աշխարհը դաժան է, քանի որ կով ու գառ մորթողներին ոչ ոք բանտ չի տանում, բայց շատ էի ուզում սխալված լինեի: Գնացի «գարաժներ», հորս խոսքը ստուգելու:
Գտա «գարաժների» արանքում իմ շնիկին՝ սատկած, մռութը ձգած, ատամները երևում էին, ոնց որ ժպտար, ուրախանար, որ գտավ փակուղուց ելքը: Հորս չհարցրի, թե ինչու է ինձ խաբել, որ շարունակի կարծել, թե ես հեքիաթներին հավատացող փոքրիկ աղջիկ եմ: Ես այն ժամանակ արդեն գիտեի, որ չիմացողն է երջանիկ: Այս ամենը մտաբերեցի՝ կենդանասեր ընկերներիս ֆեյսբուքյան էջերին տեսնելով Էջմիածնում օրերս տեղի ունեցած շների սպանդի նկարները: Ըստ քաղաքի բնակիչների, շներին սկսել են կրակել հուլիսի 17-ից մինչև 20-ը:
«Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ի համակարգող Գոհար Մանուշակյանը ահազանգել էր, որ 7-8 սատկած շուն են գտել հրազենային վնասվածքներով: Մեկին տարել են կլինիկա և փորձում են փրկել: Կրակողներն անհայտ են:
Սպանված շների լուսանկարներն աղմուկ բարձրացրեցին համացանցում: Հիմնականում կարեկցանք ու վրդովմունք արտահայտող գրառումներ են արվում լուսանկարների տակ: Միաժամանակ կան այնպիսի օգտատերեր, որոնք գտնում են, որ դաժանությունն անհրաժեշտ է.
«Կատաղած շների կողմից իրականացվող հարձակումներից ու տեռորից հարցնողներ ու հետաքրքրվողներ չկա՞ն, դա ավելի հեշտ ֆիքսվող բան ա», — գրում է ֆեյսբուքյան օգտատեր Գ. Ա-ն: Գոհար Մանուշակյանը, որը հաճախ է մոտենում փողոցային շներին, մեկնաբանում է Forrights.am-ի համար:
«Նախ, շները կատաղած չեն, կատաղությունն ինֆեկցիոն հիվանդություն է, և եթե շունը վարակված լինի, ապա 15 օրից կմահանա: Երկրորդ էլ, մեզ վրա ո՞նց է, որ չեն հարձակվում, այն էլ այն դեպքում, երբ ոհմակների հետ գործ ունենք հաճախ: Ոչ մի շուն՝ անգամ ոհմակից, պարզապես կողքով անցնող մարդու վրա չի հարձակվի, եթե այդ մարդը քարով չխփի, փայտով չվախեցնի, կամ չսկսի վազել ու գոռալ»:
Բնապահպան Մարիամ Սուխուդյանը շներից վախեցող մարդկանց էլ է հասկանում: «Բայց հիմա կան քաղաքակիրթ ու նուրբ մեթոդներ, որոնք կիրառելի են ու կիրառվում են մեր հանրության կողմից, անպայման չի կրակել, ոչնչացնել: Դա հարցի լուծում չի, լավ կլինի էդ ոլորտի կամավորների, մասնագետների, պատասխանատուների հետ հարցը քննարկեն ու տեսնեն, թե օրինակ, Երևանում ինչ են անում, ինչպես են լուծում հարցը, ինչ ռեսուրներ են պետք, ինչ ուժեր, ու մայրաքաղաքում քիչ թե շատ արդեն կյանքի կոչված մեթոդները փոխանցել այլ մարզեր: Ավելի շատ համագործակության միջոցով եմ տեսնում հարցի լուծումը, մեկ էլ շների սերը, նվիրվածությունը ցուցադրող տեսանյութեր է պետք տարածել: Մարդկանց պետք է բացատրել, որ շունը սեր է, եթե սիրով ես վերաբերվում, ինչպես ամեն ինչը մեր կյանքում», — ասում է Մարիամը:
Ապրիլին, երբ ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկեց քրեականացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, համապատասխան նախագիծը դնելով շրջանառության մեջ, մեր հեղափոխական կառավարությունը չընդունեց այն:
Հիշեցնենք, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված է ընդամենը տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 80-100-ապատիկի չափով: Այս հոդվածով, ըստ Արդարադատության նախարարության տվյալների, ոչ մի անգամ ոչ ոք չի կիրառվել: Այս փաստն ինքնին բավարար է ընկալելու համար, թե ինչպիսի անտարբերություն է տիրում հայերիս շրջանում «մեր փոքր եղբայրների» նկատմամբ: Ինքնին այս եզրույթը՝ մեր փոքր եղբայրներ, որը ծնվել է Ռուսաստանում, հայերենին օտար է: Այն տարօրինակ, անհասկանալի, նույնիսկ ծիծաղելի է հնչում մեր լեզվով:
Նախագծով կենդանի ոչնչացնելու,խեղելու, խոշտանգելու համար պատիժ է սահմանվում նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով տուգանքի, կամ առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկման տեսքով:
«Նույն արարքը, որը կատարվել է
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով,
4) առանձին դաժանությամբ,
5) խուլիգանական դրդումներով,
6) անչափահասի ներկայությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով», — գրված է փաստաթղթում, իսկ ԶԼՄ-ներում կամ համացանցում սպանված կենդանի ցուցադրելու համար՝ անմիջապես հիշում ենք Քոչարյանի Աֆրիկայում խփած առյուծը, սահմանված էր մինչև երկու տարի ազատազրկում:
Եթե այս օրենքն ընդունած լինեինք, այսօր շուն սպանողներին հանգիստ կարելի կլիներ ուղարկել ճաղավանդակից այն կողմ: Սա դաս կլիներ մյուսներին, և դաժանությունը կենդանիների նկատմամբ մեր փոքրիկ երկրում անշուշտ կնվազեր:
Սպասվում էր, որ հեղափոխական կառավարությունը, որը առավոտից երեկո բարձր արժեքներից է խոսում, արագընթաց տեմպերով ընդունելու է օրինագիծը: Մայիսի 7-ին այն դրվեց քվերկության և ստացավ 37 կողմ ու 65 դեմ ձայն: Փաշինյանի կառավարությունը տապալեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը: Ըստ էության, ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման օրը պարզ էր, որ այն, ինչպես և մյուս օրինագծերի դեպքում, որոնց վերաբերյալ Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, չի ընդունվելու «Իմ քայլ»-ականների կողմից: Փաշինյանն իր վերաբերմունքը մինչ այդ արտահայտել էր կառավարության նիստի ժամանակ, ասելով. «Չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ մարդն իր բակում իր ծննդյան առիթով գառ է մորթի, մենք քրեական գործ հարուցենք»:
Առհասարակ, կառավարության այդ նիստը ծափ-ծիծաղով անցավ. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անմիջապես վախեցավ որսորդների համար: «Իսկ որսը արգելվելո՞ւ է», — հարցրեց նա, ու Փաշինյանը, որը շատ է սիրում խորոված և այլ մսային ուտեստներ, ուրախ հակադարձեց: «Բա դա եմ ասում»: «Որսը չի արգելվում, մատաղ անելն էլ չի արգելվում, ի՞նչն ա մնում տակը՝ որ անչափահասը կատվին սեղմում ա՞», — շարունակեց Մհեր Գրիգորյանը և ներկաները ուրախ տրամադրության մեջ ընկան:
Նիկոլ Փաշինյանն էլ հասկանալով, որ ամոթ է կատակել նման ողբերգական թեմայով, ընդունեց, որ հարցը լուրջ է ու հիշեց, թե ինչպես էին քրեակատարողական հիմնարկում կատու տանջում ու ինքը մի կերպ փրկեց կատվին:
Ի վերջո, կառավարության անդամները որոշեցին, որ ԲՀԿ առաջարկած օրինագիծը պետք չի ու լսեցին շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, որն էլ խոստացավ, որ համապարփակ օրենք կընդունվի: «Համապարփակ օրեսնդրական փաթեթ է նախատեսվում», — ասաց նախարարը:
Անցավ 3 ամիս, ոչինչ չարվեց: Եղավ շների սպանդ, որի պատասխանատուներն այդ օրը կառավարության նիստի ժամանակ մեր կառավարության ուրախ ծլվլացող անդամներն էին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: