«Մեկ զինծառայողի, մեկ գործընկերոջ մահը անվերականգնելի է ու բարոյապես բոլորիս վրա ազդում է: Ունենք որոշակի նվազում, բայց ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը»,- այսօր անդրադառնալով զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան դեպքին լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, զինծառայող Համիկ Վարդանյանի դին հուլիսի 20-ին հայտնաբերվել է մարտական դիրքում: Նախարարն ընդունեց, որ իրենց աշխատանքում կան որոշակի թերություններ, որոնք թույլ չեն տվել նախապես բացահայտել զինծառայողի հոգեվիճակը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության 2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Forrights-ին փոխանցեց՝ նախաքննության շրջանակներում դեռ ձերբակալվածներ չկան։
Մեր տեղեկություններով Համիկ Վարդանյանը Ռուսաստանից Հայաստան էր եկել ՀՀ Զինված ուժերում ծառայելու նպատակով, բայց նա հասցրեց ծառայել ընդամենը 6 ամիս: 19 ամյա Համիկ Վարդանյանը ընտանիքի միակ զավակն էր:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: