Զառա Հարությունյանը ռուսաստանաբնակ հոգեբան է, ով մասնագիտացված է ընտանեկան բռնության ոլորտում։ Նրան շատերը սկսեցին ճանաչել Խաչատուրյան քույրերին սատարող ակցիաներից, որոնց միջոցով Զառան նաև իրազեկում է մարդկանց բռնության մասին։ Forrights.am-ը զրուցել է հոգեբանի հետ Հայաստանում բռնության մշակույթի, դրա ընկալման ու երեխաների դաստիարակության հայկական ձևերի մասին։

-Ինչո՞ւ է բռնությունը հայ հասարակությունում ընկալվում կամ որպես նորմա կամ որպես հորինված ինչ-որ երևույթ։

-Բռնությունը, ընդհանրապես, շատ նորմալ երևույթ է մարդու համար, մենք բոլորս մեր ներսում հակված ենք բռնության, բոլորս էլ ինչ-որ երևույթներից ավելի ագրեսիվ ենք դառնում։ Բայց ինչպես ցանկացած բնազդային վարք, այնպես էլ ագրեսիան, պետք է կառավարել, հենց դրանով էլ մարդը տարբերվում է կենդանիներից՝ նրանով, որ բանականություն ունի։

Շատ կարևոր է, որ մարդիկ տարանջատեն վաղեմի ավանդույթներն ու սովորույթները առօրեական շփումից և հարաբերություններից։ Այսօր հայ հասարակությունը կարծես չի տարանջատում դրանք։ Երբ մայրը երեխային փողոցում ծեծում ու վիրավորում է, դա ազգային մշակույթ կամ ավանդույթ չէ, ու երեխան էլ դրանից հետո լավ մարդ չի մեծանալու։

Երբ մարդը սկսում է բացահայտել իր համար սարսափելի իրողություններ, պաշտպանողական ռեֆլեքսները չեն թողնում որպեսզի մարդ ընկալի ու հասկանա դրանք։ Մարդկանց մեծ մասը չի էլ ցանկանում իմանալ հասարակությունում առկա վատ երևույթների մասին ու գերադասում է ապրել իր հարմարավետ քառակուսու մեջ։ Այս առումով պապերից ժառանգած ավանդույթների գաղափարը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր վախենում են զարգանալ ու նոր իրողությունների հետ առերեսվել։

«Մեր մեծերն այսպես են արել, ուրեմն դա ճիշտ է»,- այսպես են մտածում այդ մարդիկ, իսկ ուրիշները մտածում են՝ արդյո՞ք իրենք պապերն ու ծնողները դաստիարակության ճիշտ մոդել են կիրառել ու սկսում են մտածել՝ այդ ավանդույթները ճիշտ էին, թե՞ ոչ։

-Իսկ ինչո՞ւ Հայաստանում չկա այդ սոցիալական վերահսկողության ձևը, ինչո՞ւ է հասարակությունը լուռ համաձայնություն տալիս բռնության տարբեր դրսևորումներին, փոխարենը մերժելու ու պայքարելու դրանց դեմ։

-Ես ունեմ մի քանի բացատրություն, որոնք սակայն ավելի շատ գնում են դեպի անթրոպոլոգիայի և սոցիոլոգիայի դաշտեր և շատ քիչ են առնչվում հոգեբանության հետ, քանի որ հասարակության կառուցվածքը շատ ավելի դժվար է քան մեկ մարդու հոգեբանությունը։

Մեզ միշտ սովորեցնում են, որ չի կարելի հակառակվել ծնողներին ու մեծերին, հղում են անում ավանդույթներին ու նման շատ այլ հիերարխիկ մոդելների, որոնց պատճառով բռնության ենթարկվող անձը ճնշված է մնում։ Երեխաներին փոքրուց զրկում են կամքից ու որոշումներ կայացնելու ունակությունից և հետո զարմանում, երբ պարզվում է, որ մոտ ազգականներից մեկը սեռական բռնության է ենթարկել երեխային։ Մեծերին լսելը բացարձակ ճշմարտություն դարձնելով այսօր տեսնում ենք դրա հակառակ կողմը՝ բազմաթիվ սեռական բռնության դեպքեր հենց ընտանիքի ներսում, ինչը սրասափելի է։

-Կարծիք կա, որ բռնությունն առավելապես առկա է սոցիալապես անապահով ընտանիքներում։

-Այս «տեսությունը» ես արժանահավատ չեմ համարում, քանի որ հստակ տվյալներ ու վիճակագրություն չկա։ Բայց ես իմ փորձից ելնելով հակված եմ համարել, որ սոցիալական դրությունը ընդհանրապես կապ չունի, այստեղ զուտ հարաբերությունների, մարդու ունեցած օրինակի ու փորձի հարցն է։ Եթե մարդը սովոր է բռնության կամ կարծում է, որ իր կինը կամ երեխան իր սեփականությունն են, ապա նա կդիմի բռնության ամեն պարագայում և կապ չունի այդ մարդը հարուստ է, թե աղքատ։ Կարծում եմ՝ հանրությանը հայտնի բազմաթիվ դեպքեր կան, երբ շատ հարուստ ու հաջողակ մարդիկ բռնարարներ են եղել։

-Երեխաների հանդեպ բռնությունը որպես դաստիարակության ձև դեռևս կիրառություն ունի, ի՞նչ կասեք սրա մասին։

-Երեխաների հանդեպ բռնությունն ամենավատ երևույթն է, որը վնասում է ոչ միայն տվյալ երեխային, այլև հասարակությանն ու երկրին, քանի որ ճնշված, ստորացված ու բազմաթիվ տրավմաներ ունեցող երեխան հոգեպես առողջ մեծանալ չի կարող։

Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում հաղթահարել մանկության տրավմաներն ու այդպես էլ մեծանում են՝ մնալով անինքնավստահ ու վախեցած։ Պատկերացրեք, թե ինչ հասարակություն է ձևավորվում, երբ այդ հասարակությունում շատ են նման մարդիկ։

Ես՝ որպես 3 երեխաների մայր, վստահաբար ասում եմ՝ շատ դժվար է երեխա մեծացել առանց բռնության, քանի որ ավելի հեշտ է հարվածել ու գոռալ երեխայի վրա, քան նրան բացատրել։ Սակայն բացատրելով երեխային, մենք զարգացնում ենք նրա քննադատական մտածողությունը, կարճ ասած սովորեցնում ենք մտածել։ Ցավոք, ծնողները հաճախ գերադասում են ժամանակ չծախսել բացատրական զրույցների վրա, միանգամից բռնություն կիրառել ու վերջ։ Կան դեպքեր երբ իրոք այլ ելք չի մնում քան գոռալը, բայց դրանք հազվադեպ ու էքստրեմալ իրավիճակներ են, որոնք շատ քիչ են լինում։

-Հայ ծնողները կարծում են, թե երեխան իրենց սեփականությունն է։

-Ոչ միայն հայ ծնողները։ Ռուսաստանում ևս ծնողները չեն ցանկանում մասնագիտական օգնություն ստանալ երեխայի դաստիարակության հարցում։ Ինձ բազմիցս հարցնում են՝ իսկ դուք ինչ է, ավելի լավ գիտե՞ք, թե ինչպես դաստիարակեմ իմ երեխային, ու ես ասում եմ՝ այո, ես մասնագետ եմ ու դրա համար էլ ավելի լավ գիտեմ։ Նրանք կարծում են, որ երեխան միայն իրենցն է, հետևաբար պետք է վարվեն երեխայի հետ ինչպես կուզեն։ Այդ սեփականության զգացումն է, որ ծնողներին ստիպում է երեխայի հետ վարվել այնպես ինչպես ուզում են, բայց չէ որ երեխան ևս մարդ է, ում պետք է հարգել։

-Դուք բազմիցս հորդորում եք հայտնի մարդկանց, որպեսզի նրանք կարծիք հայտնեն այս երևույթների մասին, կարծում եք դա կօգնի՞ փոխել հասարակության մոտեցումը։

-Առաջին հերթին մարդիկ պետք է պաշտպանված լինեն օրենքով, բայց ոչ թե ուղղակի գրված, այլ աշխատող օրենքով։ Այս հարցում մեր պետությունը անելիք շատ ունի։ Առհասարակ մարդկանց պետք է բացատրել, թե ինչու է կարևոր մարդու իրավունքների, մասնավորապես խոցելի խմբերի պաշտպանությունը։ Ես ինքս արդեն մի քանի տարի շարունակ դասախոսություններ եմ կարդում դրա մասին, փորձելով մարդկանց հասցնել այն, որ բռնությունը չարիք է, որը հետագայում կարող է անկառավարելի դառնալ։ Հիշենք 2-րդ համաշխարհային պատերազմը, որը սկսվեց ֆաշիստական Գերմանիայում հերաների, գնչուների ու ԼԳԲՏ անձանց հետապնդումներից, իսկ հետո վերաճեց համաշխարհային կոնֆլիկտի։ Ի տարբերություն մեր նախնիների՝ հիմա մենք ունենք բոլոր անհրաժեշտ մեխանիզմները բռնությունը կանխարգելելու համար։

Հայտնի մարդկանց, այսպես ասած կարծիք ձևավորողների մասնակցությունը չափազանց կարևոր եմ համարում։ Շատ մարդիկ իրոք պատկերացում չունեն բռնության և շատ այլ երևույթների մասին և հետևաբար կարծիք են ձևավորում տեղեկատվության տարբեր աղբյուրներից ու մարդկանցից։ Ահա թե ինչու է կարևոր որպեսզի կարծիք ձևավորող մարդիկ ևս խոսեն ու իրազեկեն մարդկանց։ Այս առումով չեմ կարող չգնահատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քայլը, որով նա ցույց տվեց իր վերաբերունքը բռնության նկատմամբ ու կոչ արեց զրոյացնել բռնությունը, կարծում եմ նրա օրինակին պետք է շատերը հետևեն։

-Մենք շատ ենք խոսում բռնարարների մասին, իսկ ի՞նչ պետք է անեն բռնության զոհերը ըստ ձեզ։

-Ես կարծում եմ, որ զոհերը ոչինչ չեն կարող անել, բացի հոգեբանի դիմելուց, այդ տրավմաներն ու սթրեսը հաղթահարելուց և բնականոն կյանք վերադառնալուց։

Ինձ հաճախ են հարցնում, թե որպես հոգեբան ես անձամբ քանի՞ բռնության դեպքի մասին եմ հաղորդում տվել ոստիկանությանը, ու ես ասում եմ՝ ոչ մի։ Քանի որ բռնության զոհին չպետք է կրկնակի տրավմայի ենթարկել։ Երբ զոհը գնում է ոստիկանություն՝ ստիպված է լինում մի քանի անգամ ևս վերապրել իր հանդեպ կատարված բռնությունը և ամեն անգամ հոգեբանորեն էլ ավելի վատ վիճակում է հայտնվում։

Հարցազրույցը՝ Ռաֆ Ենգիբարյանի

Pin It on Pinterest