Չորեքշաբթի օրը, Իջևանում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում կա 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։
22 անձանցից 13-ը ձերբակալված են, 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 5 անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի կարգավիճակ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:
«Տվյալ պահին քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ որևէ անձ չունի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 3-րդ մասի առաջին կետով, 316-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով»,-Forrights-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։
Ցույցի մասնակիցներից շատերը բողոքում էին ոստիկանների ապօրինի գործողություններից։ Forrights-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից փորձեց ճշտել, արդյոք նյութեր նախապարտաստվում են ոստիկանների առևրևույթ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ․
«Դատախազությունից ստացել ենք Տավուշի մարզի երկու բնակչի հաղորդումները Իջևանում ոստիկանների կողմից առերևույթ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ։ Այժմ ծառայությունում այդ հաղորդումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին այլ մանրամասներ չունենք»։
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզպետարանում հայտարարեց, որ բացառում է, որ ոստիկանության գործողությունները զուգորդվում են բռնությամբ․
«Հերքում եմ, որ ոստիկանները կարող են հրահրել բախումներ, բնականաբար, բնակիչները դա պետք է ասեին՝ ոչ ավել, ոչ պակաս։ Բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջև»,- ասաց ոստիկանապետը։
Նշենք, որ Տավուշի մարզ էին երեկ մեկնել ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը, ովքեր փախ խորհրդակցություն ունեցան մարզպետի հետ։ Փակ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ Տավուշի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնել է անտառային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը՝ անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ․
«Երկրորդ տարբերակը, որը քննարկվեց և բոլորի կողմից ընդունելի էր, հետևյալն է. այն քաղաքացիները, որոնց պետք է անտառներից հանված վառելափայտը՝ տները ջեռուցելու համար, այդ փայտանյութն իրականում հասնի իր հասցեատերերին»,- խորհրդակցությունից մանրամասներ ներկայացրեց Վանեցյանը:
Անդրադառնալով նախօրեին Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին՝ ԱԱԾ տնօրենը բնակիչներին կոչ արեց նման արարքներ այլևս թույլ չտալ, իսկ ծագած հարցերը լուծել մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ հուլիսի 17-ին, Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել։ ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և քարերով ու փայտերով գրոհեցին ոստիկանաների վրա. վերջիններս հետ նահանջեցին:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: