Քրեակատարողական հիմնարկներում հրատապ է բժշկական ծառայությունների հարցը

0
265

«Քրեակատարողական հիմնարկներում հրատապությամբ առաջնային խնդիր է համարվում բժշկական ծառայությունների հարցը, անդրադառնալով փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին»,- հայտարարեց Մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը։

«Այսօր քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձինք չեն վստահում բժիշկներին, այսինքն կա ցածր վստահելիության մակարդակ, և դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր առկա համակարգը այնպես է կառուցված եղել, որ բժիշկը ընդամենը դիտվում է որպես քրեակատարողական ծառայող և ազատությունից զրկված մարդն էլ բժշկին չի դիտարկում որպես բժիշկ և նա էլ որպես պացիենտ», — մանրամասնեց Արման Թաթոյանը, շարունակելով, որ շատ կարևոր է նաև բժշկական անձնակազմի համալրվածության, վերապատրաստման հարցը:

Այսօր քրեակատարողական հիմնարկներում լուրջ խնդիր է կոնկրետ մասնագիտություններով բժիշկների առկայությունը: Մենք ունենք քրեակատարողական հիմնարկ, որտեղ առհասարակ բժիշկ չկա»:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց՝ Հայաստանում մինչ այս պահը գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր։

«Դեպքից դեպք է, որ իրականացվում է քննություն և չի իրականացվում արդյունքների ամփոփում, որպեսզի համալիր միջոցներ ձեռնարկվեն, վեր հանվեն պատճառներն ու նպաստող պայմանները՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ», — նշեց օբմուդսմենը:

2013-16թթ․ արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Թաթոյանը ներկայացրեց խոշտանգման հանցակազմի կիրառությանն առնչվող վիճակագրական տվյալներ։

2015-ից մինչ այսօր որևէ մեղադրական դատավճիռ չի արձանագրվել․ «2015-ի հունիսից քննվել է 113 քրեական գործ, որից 84-ը կարճվել է, 7 քրեական գործով վարույթը կասեցվել է: 4 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով արդարացվել է և 9 քրեական գործով շարունակվում է նախաքննությունը: Ուզում եմ հատուկ նշել՝ այս հոդվածով որևէ անգամ չի արձանագրվել դատապարտման դեպք: Սա շատ վատ է մեր դատական, իրավապահ պրակտիկայի համար»,-ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնցով ուղեկցում են ազատությունից զրկված անձանց, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Արձանագրել են, որ ազատազրկված անձանց ժամանակավոր պահման համար դատարաններում նախատեսված խցերը ևս հարմարեցված չեն։ Ավելին՝ կան դատարաններ, որտեղ այդ խցերը առհասարակ բացակայում են։

Հավելենք, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մշակվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում, որը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ: Համակարգը պարունակում է մոտ 300 հարց։ Այն հնարավորություն է տալիս գտնել այն հարցի պատասխանը, որը առնչվում է ազատությունից զրկվածին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here