«Պետք է տարվի օբյեկտիվ և լրիվ քննություն, այլ ոչ թե զոհի կարգավիճակում դնել միայն ոստիկաններին և լռել»

0
524
Լուսանկարը՝ Tert.am-ի

«Գիշերը ժամը 4-ին ինչ-որ ոստիկանի ցուցմունքով եկել են ու քնած վիճակում բերման  ենթարկել ընտանիքի երեք անդամի՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Նա փաստում է, որ գործում բացակայում է խուլիգանության մեղադրանքը, քանի որ հոդվածի դրդապատճառները լրիվ այլ են և այս դեպքերը խուլիգանություն որակվել չեն կարող:

Ըստ Ղարագյոզյանի, Սիմոնյան ընտանիքն Իջևանի գյուղերից մեկի բնակիչներն են, երեկ եկել էին Իջևան՝ առևտուր անելու, ճանապարհին խցանում է եղել, տեսել են հավաքված մարդկանց, իջել են մեքենայից, մոտեցել մասնակիցներին, որ տեսնեն, թե ինչ է կատարվում: Կարճ ժամանակ անց, սակայն լքել են տարածքն ու վերադարձել: Ուշ գիշերին տանից բերման են ենթարկել Սիմոնյանին և նրա երկու որդիներին.

«Ո՛չ հավաքի մասնակից են եղել, ո՛չ բռնություն են կիրառել որևէ մեկի նկատմամբ, ո՛չ էլ փողոց փակող են եղել: Որևէ ապացույց կամ տեսանյութ չկա, որ բռնություն գործադրած կամ հայհոյած լինեն: Բերման են ենթարկվել մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա: Որոշ ժամանակ անց հորն ու տղային բաց են թողել, իսկ մյուս եղբորը՝ Վահրամ Սիմոնյանին՝ ձերբակալել»,- մանրամասնում է փաստաբանը:

Սիմոնյաններին տանից դուրս են հանել ժամը 05:30-ի սահմաններում և Երևան՝ Վեցերորդ վարչություն հասցրել 07:00-ին: Արձանագրության մեջ, սակայն. բերման ենթարկելու ժամը ֆիքսված է Երևան հասնելու պահից, այնինչ նրանք անազատության մեջ են եղել 05:30-ից:

«Վերացական և շաբլոնային ձերբակալություն էր, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ էր տեղի ունենում, նույնը կատարվում է այսօր՝ Իջևանում»,- նշեց նա և հավելեց, որ այս պահին բողոք է ներկայացնում դատարան՝ իր վստահորդի իրավունքների ոտնահարման հիմքով:

Փաստաբանը, դատապարտելով ցանկացած տեսակի բռնություն, մատնանշում է, որ բռնություն է կիրառվել ոչ միայն ոստիկանների նկատմամբ, այլև քաղաքացիների, սակայն Ոստիկանությունը բախումը ներկայացնում է միակողմանի.

«Պետք է տարվի օբյեկտիվ և լրիվ քննություն, այլ ոչ թե զոհի կարգավիճակում դնել միայն ոստիկաններին և լռել»:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ երկու աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Նրանք տեսակցում են բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին: Այլ մանրամասներ ՄԻՊ-ից Forrights-ին չտրամադրեցին.

«Մեր աշխատակիցները դեռ չեն վերադարձել դեպքի վայրից: Մանրամասներ սպասեք ավելի ուշ»:

Հիշեցնենք, որ երեկ Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել։ ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել էին և քարերով ու փայտերով գրոհել ոստիկանաների վրա. վերջիններս հետ են նահանջել:

Բախումների արդյունքում կա 19 բերման ենթարկված անձ, տուժել է 12 ոստիկան, հիվանդանոց դիմել՝ 1 ցուցարար: Ըստ Քննչական կոմիտեի՝ 13 անձ ձերբակալվել է, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս պահի դրությամբ լարված իրավիճակը դեռ շարունակվում է Իջևանում: Մասնակի բացվել է միջպետական ճանապարհը: Երեկվանից դեպքի վայրում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը: Բախումների վերաբերյալ նա հայտարարել է, որ Իջևանում ոստիկանության գործողությունները բխել են օրենքից և եղել են համարժեք:

Իջևանյան դեպքերին է անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here