Իջևանում տեղի ունեցած բախումների արդյունքում բերման է ենթարկվել 19 անձ, որոնցից 13-ը՝ ձերբակալվել. տուժել է 12 ոստիկան

810
Լուսանկարը՝ «Հետք»-ի

Երեկ Իջևանում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում կա 19 բերման ենթարկված, տուժել է 12 ոստիկան, հիվանդանոց դիմել՝ 1 ցուցարար: Այս մասին Forrights-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.

«Ոստիկանները հանդերձավորված չէին, երբ ցուցարարները քարերով ու փայտերով սկսել են հարվածել»,- պարզաբանեց Ահարոնյանը և հավելեց՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկվանից դեռ գտնվում է Իջևան քաղաքում:

«Տուժած անձանցից որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել: Վնասվածքները հիմնականում թեթև վնասվածքների կամ սալջարդերի տեսքով են»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Քննչական կոմիտեն էլ հայտնեց, որ 13 անձ ձերբակալվել է, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով.

«Այդ ընթացքում՝ ժամը 20:30-ի սահմաններում, մի խումբ անձինք, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն: Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Երեկ Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել։ ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և քարերով ու փայտերով գրոհեցին ոստիկանաների վրա. վերջիններս հետ նահանջեցին:

Բախումներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

Ռոզա Վարդանյան