«Վաղը հնարավոր կլինի Յուրիկ Բրույանին ներկայացնել Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որից հետո սահմանված կարգով 15-օրյա ժամկետով կգտնվի Կանազի հոսպիտալում, ապա կտրվի վերջնական եզրակացությունը, որի արդյունքում նա կարող է ոչ պիտանի ճանաչվել ծառայության համար»,-այս մասին հայտնում է Բրոյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը, անդրադառնալով հիվանդ զինծառայողի շուրջ ստեղծված իրավիճակին։
Շուրջ 7 ամիս «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հետևում է զինծառայող Յուրիկ Բրոյանի շուրջ ստեղծված իրավիճակին, փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել Յուրիկ Բրոյանի առողջական վիճակի վրա և կարծես թե «սայլը տեղից շարժվեց»։
Բրոյանը, 15 օր կանկացնի Կանազի հոսպիտալում, այն միակ հաստատությունն է, որը կարող է տալ նման եզրակացույթուն՝ հիմնվելով 2 բժշկական եզրակացությունների վրա, որոնք հաստատում են, որ Յուրիկ Բրոյանը «սիմուլյանտ» չէ։
«Ավելին, ոչ միայն սիմուլյանտ չէ, այլև նրա գործողությունները սիմուլյացիոն բնույթ չեն կրել: Նշանակված լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վերահաստատել է այդ հանգամանքը»,- ասում է փաստաբան Հայարփի Սարգսյանը
Այս պահին Յուրիկ Բրոյանը գտնվում է Ռազմական ոստիկանությունում։ Forrights –ը բազմիցս անդրադարձել է Յուրիկ Բրոյանի առողջական վիճակին, որ նա ունի անհրաժեշտ բուժման կարիք, ինչպես նաև այն հանգամանքին, որ նա ապօրինի կերպով է պահվում Ռազմական ոստիկանությունում, ինչը նպաստում է Բրոյանի առողջական վիճակի սրմանը։
Բրոյանի առողջական վիճակը այս պահին էլ շարունակում է մնալ ծանր։ Մոր՝ Մարինեի խոսքով նա լարված է և հոգեպես ընկճված։
Խոսենք գործի նախապատմությունից:
Բրոյանը դպրոց չի հաճախել, գրել-կարդալ չգիտի: Ըստ նրա մոր՝ Մարինե Բրոյանի, երիտասարդը մանկուց հոգեկան խնդիրներ ունի, հաղորդակցման բարդություններ, ինքնավնասման հակում, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում՝ հիվանդագին վիճակներ, որոնք բանակում ավելի արտահայտիչ են դարձել. «Ես որդի եմ ուղարկել բանակ, որ ծառայի, ոչ թե ավելի վատ առողջական վիճակի մեջ ընկն»,-իր վրդովմունքը հայտնեց մայրը
Անցյալ տարվա օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշելով, Յուրիկին պիտանի է ճանաչել սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել է բանակ:
Մարտակերտի զորամասում, որտեղ հաշվառված է շարքային Բրոյանը, նա չի կարողացել անգամ շարային քայլը յուրացնել, քանի որ ոտքերը քայլելիս թուլանում էին։ Արդյունքում, զորամասի հրամկազմը որոշել է, որ տղան «սիմուլյանտ» է:
Մանրամասները տեսանյութում՝
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: