Երևանի քաղաքապետարանի դիմաց երեկ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ վերջիններս հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն։
«Ե՛վ բերման ենթարկելու ժամանակ, և՛ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետը չարաշահելով իր լիազորությունները՝ շատ կոպիտ ձևով վիրավորել, հայհոյել, և փորձել է հարվածել ու թքել, ինչպես նաև հեռախոսն է իմ ձեռքից շպրտել»,- forrights-ին պատմեց Երևանի ավագանու նախկին անդամ, բողոքի ակցիայի մասնակից Սոնա Աղեկյանը։
Ապա Ոստիկանության Կենտրոն բաժանմունքի պետն, ըստ Սոնա Աղեկյանի՝ իրավական համարժեք պատասխանից խուսափելով հեռացել է և այլևս չի վերադարձել․
«Չվերադարձավ, որովհետև հասկանում էր, որ ապօրինի գործողություններ էր անում, որը բնորոշ էր ՀՀԿ-ական ռեժիմի ոստիկանությանը»։
Ոստիկանության մամուլի ծառայությունից Վահրամ Գաբրիելյանը forrights-ի հետ զրույցում բռնություն կիրառելու կանգամանքի հետ կապված նշեց, որ մանրամասներ չի կարող հրապարակել․ «Հարուցված քրեական գործի շրջանակներում բոլոր հանգամանքները կքննվեն և կստուգվեն»։
Ակցիան իրականացնող 8 անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն) հատկանիշներով:
Ակցիայի մասնակիցներից Սոնա Աղեկյանը քրեական գործ հարուցելու հիմքերը ծիծաղելի որակեց։ Ավագանու նախկին անդամը զուգահետներ տարավ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ակցիաներին
«Այսօրվա վարչապետն իր կողմից իրականացվող ակցիաների ժամանակ դռները կոտրում էր, մոտք էր գործում Հանրային ռադիոյի շենք և այլ հանրային վայրեր իր հանդեպ հարուցված գործերի շրջանակից մենք ոչ մի տեղեկություն չունենք, անգամ քրեական գործ չհարուցվեց այն դեպքում, երբ որ գույքի ակնհայտ վնասում էր տեղի ունեցել»,-վրդովվեց Սոնա Աղեկյանը, վստահեցնելով, որ իրենց կողմից իրականացվող ակցիան խաղաղ էր։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի համար հասկանալի չէ նման բնույթի բողոքի ակցիան, սակայն քրեական գործ հարուցելը տրամաբանական չի համարում․
«Չեմ կարծում, որ բողոքի ակցիա իրականացնողների արարքում չարամտություն կամ խուլիգանություն է և քրեական գործ հարուցելը համաչափ չէ»։
Փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ գտնում է, որ տվյալ պարագայում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական գործի հարուցումն անհիմն է, քանի որ դրանում չկան խուլիգանության հատկանիշներ․
«Անհրաժեշտ է դիտարկել բողոքի ակցիայի մասնակիցների նպատակը, այսինքն՝ նրանց նպատակը աղբ թափելը չի եղել, այլ՝ նրանք ընդամենը աղբ թափելու միջոցով բարձրաձայնել են աղբահանության խնդրի մասին։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ առավելագույնը, ինչ կարող էր անել իրավապահ համակարգը, դա վարչական վարույթի հարուցումն է»,-ասաց նա։
«Մենք իրացրել ենք մեր սահմանադրական իրավունքը՝ պաշտպանելով մեր քաղաքացիների որտնահարված իրավունքները։ Ընդհամենը բարձրաձայնել ենք ահագնացող համամաճարակի և աղբահանության բացակայության մասին՝ կատարելով խաղաղ ակցիա, որևէ մեկի իրավունքները չենք ոտնահարել, որևէ գույք չենք փչացրել և որևէ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք չենք ցուցաբերել»,-համոզված է Սոնա Աղեկյանը։
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացրել՝ աղբը հավաքել էին և բերել Երևանի քաղաքապետարանի մոտքի մոտ դրել, արդյունքում ոստիկանները 8 անձանց բերման էր ենթարկել, ապա բաց թողել ստորագրությամբ երկրից չբացակայելու պայմանով։
Ազնիվ Սիրադեղյան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: