«Հույսս Բաբկենս ա, որ գոնե բաց ռեժիմ դուրս գա ու խնամի ինձ…». դատապարտյալի հայրը դիմում է Արդարադատության նախարարին

0
819
Բաբկեն Ղարդյան

«Երկու տարի ա արդեն ծերանոցում եմ, մենակ, եկող-գնացող չունեմ, հույսս Բաբկենս ա, որ գոնե բաց ռեժիմ դուրս գա ու խնամի ինձ, թե չէ սենց ապրելն ում ա պետք…»:

Երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 70-ամյա Գագիկի Ղարդյանը Երևանի տուն-ինտերնատներից մեկում է բնակվում 2017 թվականի ապրիլ ամսից: Չորս երեխա ունի՝ երեք տղա, մեկ աղջիկ, սակայն այս պահին Հայաստանում գտնվում է միայն մեկը՝ Բաբկենը, այն էլ՝ կալանավայրում.

«Ոչ տուն ունեի, սրտի բարդ վիրահատություն էի տարել, էդ իմ վիճակով չէի կարողանում աշխատանքի տեղավորվել, ստիպված եկա ծերանոց: Ստեղ լավ են վերաբերվում, չեմ բողոքում իրենցից, բայց ընտանիքից առանձին, մենակ կյանքն ո՞ւմ ա պետք: Բաբկենիս գլխին սարքեցին, տարան փակեցին ու չեն ուզում բաց թողնեն: Տղես լավ վարքագիծ ունի, ոչ մի «չեպե» չունի, բայց անհիմն դնում ու մերժում են պայմանական ազատ արձակեն: Էդ չեք անում, գոնե ռեժիմը փոխեք»,- Forrights-ին էր ահազանգել դատապարտյալի հայրը՝ Գագիկ Ղարդյանը, խնդրելով բարձրաձայնել իր տղայի ազատության հասնելու դժվարին հարցը:

Բաբկեն Ղարդյանը հայոց բանակի նախկին սպա է, 7 տարի ծառայել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Հանգամանքների բերումով, ինչպես ինքն է պնդում, առաջադրվել է «շինծու» մեղադրանքով, ինչի հետևանքով դատապարտել ազատազրկվել է 8 տարի ժամկետով։ Օրենքով սահմանված կարգով, երբ լրացել է Բաբկենի պատժի 1/3-ը, նա դիմել է Տեղաբաշխման հանձնաժողով՝ պատժի կրումը բաց ռեժիմում շարունակելու համար, սակայն հանձնաժողովն ամիսներ առաջ արդեն երկրորդ անգամ մերժել է Բաբկենի դիմումը:

Այսօր Բաբկենը կրկին դիմում է Տեղաբաշխման հանձնաժողովին. «Վարդաշեն» ՔԿՀ-ն դրական բնութագիր է ներկայացրել նրա համար: Դատապարտյալն ակտիվ մասնակցում է սպորտային ու մշակութային միջոցառումներին, դրսևորում է պատշաճ վարքագիծ, ինչն էլ էական նշանակություն է ունեցել քրեակատարողական հիմնարկի ներկայացրած բնութագրի հարցում:

Գագիկը վերջին անգամ որդուն տեսել է նախորդ տարի՝ տատիկի թաղման արարողության ժամանակ: Մինչ այդ տեսնել չի կարողացել. առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ոտքի վրա մնալ: Հիմա նա մեծ հույսով է սպասում որդու ռեժիմի փոփոխությանը, ասում է՝ շատ բան կփոխի իր կյանքում.

«Մյուս երեխեքս անընդհատ ասում են, որ գնամ իրենց մոտ, բայց չեն հասկանում, որ ես Հայաստանից բացի ուրիշ տեղ չեմ կարողանում ապրել: Բացի դրանից, իրենք իրենց ընտանիքն ունեն, գնամ ի՞նչ անեմ: Միակ հույսս Բաբկենն ա, մնածում էի՝ գոնե վաղաժամկետ ազատ կարձակեն, մի տուն կվարձի, ես էլ կգնամ մոտը, միասին կապրենք, ինձ կխնամի, արդեն մեծ եմ, հիմա իրա կարիքն ավելի շատ ունեմ, էն էլ անհիմն մերժում են»,- ավելացնում է նա:

Գագիկն օրեր առաջ է նամակով դիմել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Խնդրանքը հակիրճ է ձևակերպել՝ այնպես անել, որ որդին տեղափոխվի բաց ռեժիմ, որ գոնե կարողանա խնամել իրեն, աշխատել ու նոր կյանք սկսել:

«Որդիս նախկին ռեժիմի զոհ ա: Իրա ծառայության ժամանակ բազմիցս են մոտեցել ու ասել՝ դիմումդ գրի աշխատանքից ազատվի, թե չէ լավ չի լինի…Փաստորեն, լավ չեղավ էլի»:

Հիշեցնենք, որ Բաբկեն Ղարդյանին մեղադրանք է առաջադրվել զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինվորների միջև տեղի ունեցած միջադեպը թաքցնելու համար։ Բաբկենի հայրը, սակայն, այլ տեսակետ է առաջ բերում։ Հոր հավաստմամբ՝ Բաբկենը բացահայտել է Մատաղիսում ռազմական ոստիկանության հենակետ կառուցելու համար հատկացված գումարները մսխելու փաստը, ինչի պատճառով էլ այսօր այս կարգավիճակում է

Այս պահին Բաբկեն Ղարդյանի բաց ռեժիմ տեղափոխվելու դիմումը գտնվում է Քրեակատարողական ծառայությունում: Տեղաբաշխման հանձնաժողովը մեկ ամիս ժամանակ ունի դիմումը մերժելու կամ բավարարելու համար:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here