Զարուհի Փոստանջյանը միջնորդեց փոխել «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը

535
Արմեն Բիլյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Նրանից ութն այս պահին ազատության մեջ են գտնվում. դատարանը նրանց խափանման միջոց կալանքը փոխարինել է գրավով և պատգամավորական անձնական երաշխավորությամբ:

Այսօրվա նիստի ընթացքում Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալաքնը և այն փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ սահմանաչափը թողնելով դատարանի հայեցողությանը.

«Առաջին փուլի՝ նախաքննության համար նախատեսվում է մեկ տարի ողջամիտ ժամկետ, սակայն իմ պաշտպանյալը երեք տարի է գտնվում է կալանքի տակ»,– միջնորդության հիմքում նշեց Փոստանջյանը:

Գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով, որ կալանավորումը կախված չէ գործի քննության ժամկետների հետ.

«Այն հստակ հիմքեր ունի և կարող է կիրառվել այնքան, քանի դեռ դատարանը գործի քննությունը չի հասցրել ավարտին: Չեն ներկայացվել նոր հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային այդ միջնորդությունը հիմնավորված համարել: Նույն փուլում նույն հիմնավորումներով ներկայացված միջնորդությունը, կարծում եմ, ենթակա է առանց քննության թողնելու»,- նշեց նա:

Միջնորդության վերաբերյալ դատավոր ՄԵսրոպ Մակյանը հայտնեց, որ մեղադրյալներից մեկի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն քննել, ուստի գործի քննությունը հետաձգվում է մինչև հուլիսի 24-ը:

Նշենք, որ Արմեն Բիլյանը, բացի զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստից, մեղադրվում է նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության   համար:

Հավելենք, որ այսօրվա նիստին բացակայում էր մեղադրյալ Մխիթար Ավետիսյանը՝ վիրահատված լինելու պատճառով: ԲԿ-ից տեղեկանք էր ստացվել այն մասին, որ Մխիթար Ավետիսյանը հոսպիտալացվել է մի շարք առողջական խնդիրներով և վիրահատվել է.

«Առկա է կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարում: Հիվանդին հարկավոր է կոնսերվատիվ բուժում՝ երկու ամիս ժամկետով»:

Դատարանը նրա նկատմամբ նշանակեց դատաբժշկական փորձաքննություն: Մեղադրողը չբացառեց, որ Մխիթար Ավետիսյանի մասը գուցե գործից անջատ քննվի:

Ռոզա Վարդանյան