Վրաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող 26-ամյա Մեկսետ Սարգսյանը Հայաստան էր վերադարձել սովորելու և աշխատելու նպատակով, սակայն մեկ տարուց ավելի է նախ քննչական, ապա դատավարական քաշքշուկների մեջ է հայտնվել:
2018 թվականի մարտի 28-ին՝ նախնական տվյալներով՝ ազգայնական հողի վրա 4 երիտասարդներ հարձակվում են Չարենցի փողոցում խցանման մեջ հայտնված մեքենայի վրա: Թեթև վիճաբանությունից հետո երիտասարդները փախուստի են դիմում՝ ճանապարհին կրակոց արձակելով մեքենայի ուղղությամբ: Վիրավորներ չեն եղել:
Դեպքի հաջորդ օրը հյուրանոցներից մեկից բերման են ենթարկում երիտասարդներից երեքին, երկոուսին՝ բաց թողնում, կալանավորում միայն մեկին՝ Մեկսետ Սարգսյանին: Հյուրանոցի տարածքից հայտնաբերում են նաև «Մակարով» տեսակի զենք, ինչի կատարված փորձաքննությունից պարզվում է, որ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճը կրակված է եղել այդ ատրճանակից:
Մեկսետ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել և 258-րդ հոդվածի 4-րդ հոդվածով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Առաջադրված մեղադրանքում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է 4 միլիոն ՀՀ դրամ գրավով:
Մեղադրանքի կողմը միայն երկու ապացույցով է պնդում առաջադրված մեղադրանքը՝ իրականացված դատաքիմիական փորձաքննության արդյունքներով և, ըստ Ոստիկանության, դեպքի վայրում գտնվող լեյտենանտ Արսեն Սիրունյանի տված ցուցմունքով:: Փորձաքննության համաձայն, ամբաստանյալի հագուստի վրայից հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ:
«Ոստիկանությունում գցել-բռնել են, որ կրակողն իմ վստահորդն է եղել, քանի որ «կապիշոնով» հագուստ է եղել հագին: Ոստիկան Արսեն Սիրունյանին էլ բերել են, որ իբր ինքը դեպքի վայրում է եղել, սակայն քրեական գործում որևէ ապացույց չկա այդ մասին: Բացի այդ՝ ես պարզել եմ, որ տվյալ մեքենան իրեն չի պատկանում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Մեկսետ Սարգսյանի պաշտպան Մանվել Վարդանյանը և հավելեց՝ լեյտենանտ Սիրունյանին այդ դեպքից հետո պարգևատրել են և բարձրացրել կոչումը:
Ըստ փաստաբանի, ոստիկան Սիրունյանը ցուցմունք է տվել, որ դեպքի 20 վայրկյանների ժամանակ ինքը հասցրել է տեսնել և ֆիքսել 4 հոգու, ու այդ կարճ ժամանակում՝ արձանագրել 72 փաստ:
«Ես միջնորդել եմ դատաինտելեկտուալ փորձաքննություն նշանակել այդ ոստիկանի նկատմամբ՝ ստուգելու նրա մտավոր կարողությունները, բայց քննիչները մերժեցին: Եթե իմ համոզմունքները հաստատվեն, ապա սուտ մատնության համար կդատապարտվի ոստիկան Սիրունյանը»,- իր խոսքում նշեց փաստաբանը:
Մեքենան, որի մեջ գտնվել են երիտասարդները, հայտնաբերվել է պոլիէթիլենային շիշ, նշանակվել՝ դատամատնահետքային փորձաքննություն: Փաստաբանն այստեղ ևս թերացում է հայտնաբերել: Քննիչները հարկ չեն համարել կրկին մատնահետք վերցնել Սարգսյանից, սակայն արձանագրության մեջ նշել են, որ մեղադրյան ինքն է հրաժարվել փորձաքննությունից.
«Ո՞նց է հնարավոր նման բան, որ քննչական խումբը նայի մեղադրյալի ուզել-չուզելուն»,- փաստեց Վարդանյանը:
Նշանակվել է դիմանկարային և տեսաձայնագրային համալիր փորձաքննություն, սակայն առանց ստանալու տեսախցիկների փորձաքննության արդյունքները, քննիչը գործն ուղարկել է դատարան: Փաստաբան Վարդանյանը քննիչին միջնորդում է սպասել արդյունքներին, սակայն քննիչը հայտարարում է՝ դա իր գործն է, կուզի՝ կսպասի, կուզի՝ ոչ: Այս փորձաքննության արդյունքները փաստաբանին հասանելի չեն լինում մինչև դատական նիստը. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մեղքը գցում է քննիչի վրա, քննիչը՝ ՊՈԱԿ-ի:
«Դա իրենց արհեստանոցն է, ինչ ուզեն կարող են անել, ինչ եզրակացություն ասես՝ կարող են տալ: Սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ կրակողն այն անձը չի եղել, ում հագուստի վրա հայտնաբերվել է պարկուճի փոշին: Փաստացի, այս հիմնարվորմամբ ապացուցվում է, որ կրակողը Մեկսետ Սարգսյանը չի եղել»,- հայտարարեց պաշտպանը:
Գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը փաստաբան Մանվել Վարդանյանին վստահություն չի ներշնչում: Ըստ նրա, դատավորը թշնամական վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ և ամեն ինչ անում է, որ Մեկսետ Սարգսյանը դատապարտվի չկատարած հանցանքի համար:
«Եթե դատավորը մեղադրող դատախազներին խոստացած չլիներ, որ կապացուցի առաջադրված մեղադրանքը, ապա նրանք վաղուց էին մեղադրանքից հրաժարվել: Իմ համոզմամբ՝ Մակյանը խոստացել է, որ կանի անհնարը»:
Պաշտպան Մանվել Վարդանյանը գործի անօրինականությունների մասին մի շարք դիմումներ է ուղարկել ինչպես Գլխավոր դատախազին, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն՝ անարդյունք: Փաստաբանն ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որը, չնայած գործը վարույթ է ընդունում, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա:
«Մինչև գործում հանցագործություն չանեն, Մեկսետին դատապարտել չեն կարող»,- հայտարարեց պաշտպանը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: