Ապրիլյան պատերազմի մասնակից, 35 տարեկան Հայկ Սեխլիյանը 2016 թվականի ապրիլի 4-ին պայթյունից բեկորային վնասվածք է ստացել ողնաշարի կրծքային հատվածում և կորցրել է ոտքերի շարժունակությունը։
Այն ժամանակ կառավարությունից, պաշտպանության նախարարությունից, առողջապահության նախարարությունից մեծ-մեծ խոստումներ էին հնչում։ Հայկին խոստանում էին ոտքի կանգնեցնել բոլոր հնարավորչ և անհնար ճանապարհներով։
Այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նրան նույնիսկ խոստացավ արտահերթ բնակարան հատկացնել, քանի որ Հայկն իր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ վարձով էր ապրում։
Անցավ ժամանակ։ Խոստումները մոռացվեցին։ Հայկ Սարգսյանը ոչ տուն ստացավ, ոչ բուժումները ավարտին հասցվեցին։ Կարելի է ասել, որ սայլակին գամված զինծառայողը խոստումների և պաշտոնական լավատեսության զոհն է։
Երեք տարի շարունակ նա բուժվել է Հայաստանի տարբեր հաստատություններում, վիրահատություն է տարել։ Հայ բժիշկները արել են անհնարինը, և սա ընդունել են նաև գերմանական Բադեն-Բադեն քաղաքի մասնագետները, որտեղ Հայկը մեկնել էր հետազոտության։ Գերմանիայում հայ զինծառայողի համար ցավալի ճշմարտություն բացահայտեցին՝ նա ժամանակ է կորցրել։ Եթե անմիջապես գնար Գերմանիա, հիմա վաղուց արդեն քայլում էր։ Այնուամենայնիվ, գերմանացի բժիշկները խոստացան, որ եթե 35 հազար եվրո վճարի, ապա 6 շաբաթվա վերականգնողական բուժումից հետո նա լավ, թե վատ, կքայլի։
Հայկը ոչ բուժման գումար ունի, ոչ էլ աջակցություն Հայաստանի Հանրապետությունից։
Արդեն երկու տարի է, նա դիմում է ՀՀ կառավարությանը, պաշտպանության նախարարությանը, խնդրելով, որ միջոցներ հատկացնի Գերմանիայում բուժումը շարունակելու համար։ «Այստեղ հենց լսում են, որ դա պետք է վերականգնողական բուժման համար, ասում են՝ մենք էլ ունենք վերականգնողական կենտրոն, բայց մեր մոտ չկան սարքավորումները ու տեխնիկան, որ պետք ա», — ասել էր Հայկը Forrights am-ին դեռ երկու ամիս առաջ։
Լրատվամիջոցները, համացանցը նրա վերջին հույս են։ Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չի։ Կայքերից մեկը իր խնդիրներին անդրադառնալու Հայկի խնդրանքը լսելուց հետո նրան խնդրել է, որ խեղճ լուսանկար ուղարկի։ Ապրիլյան պատերազմի հերոսը վիրավորվել է և անջատըել է հեռախոսը։
Նա երկու անգամ անձամբ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մի անգամ զինվորի տանն եմ հանդիպել, առողջապահության նախարարի հետ էր։ Նա ինձ չպատասխանեց։ Մենակ ասեց, որ հետևողական կլինեն, կարգադրել է իր ենթականերին, որ այս հարցով զբաղվեն։ Բայց ոչ մի արձագանք»։
Ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ենթակաները, այլև նրա կինն է անտարբեր վարչապետի կարգադրություրնների հանդեպ։ «Աննա Հակոբյանի հիմնադրամին ես դիմել եմ մոտ մեկ շաբաթ առաջ։ Պատասխանեցին, որ իրենց նպատակների մեջ մենք, անհատ զինվորները չենք մտնում, իրենք մեզ չեն կարող օգնել», — ասում է Հայկ Սեխլիյանը։
Աննա Հակոբյանի հիմնադրամը հաղորդում է տարածել, որ իմաստը մոտավորապես նույնն է, ինչ Նիկոլի պատասխանը՝ հետևողական կլինենք։
«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Հայկ Սեխլիյանի խնդիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Արդեն իսկ դիմել ենք բազմաթիվ կազմակերպությունների, բժշկական կենտրոնների, բարերարների Հայկին աջակցելու համար։ Շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ բժշկական և ֆինանսական օգնություն», — ասված է Աննայի քաղաքավարի պատասխանում։
Այդքան գործարարների եք հանդիպում Հայաստանում ու Հայաստանից դուքր, դժվա՞ր է ապրիլյան պատերազմի հերոսի համար օգնություն խնդրել։ Forrights.am-ի այս ռեպլիկին Աննա հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Համբարձումյանը պատասխանեց․
«Դիմումը չի մերժվել, և Հայկ Սեխլիյանի պատմությունը ներկայացվել է գործարարներին»։
Առողջապահության նախարարությունը ևս գտնում է, որ վիրավոր զինվորները իրենց գործը չեն։ Նրանցով պետք է զբաղվի ՊՆ-ն։ «Ոչ մի բողոք ՊՆ-ից չունեմ։ Իրենք ամեն ինչ արեցին, որ խնդիրը լուծեն։ Իրենք փող չունեն», — ասում է Հայկը։ Նա ըմբռնումով է մոտենում պետության խնդիրներին։
«Պետությունը ի վիճակի չէ ինձ նմաններին բուժի, պետությունը էդքան փող չունի», — բացատրում է մեզ։ Նա նաև հասկանում է, թե ինչու նորերը հների խոստումները չեն կատարում։ «Վիգեն Սարգսյանն է ինձ խոստացել, բայց Սարգսյանը գնաց, դե, 18 թվականին էլ ասեցին, որ չի լինի», — ասում է Հայկը։
Վիրավոր զինվորները ամեն ինչ հասկանում են։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: