«Մուշեղ Սաղաթելյանին փողոցից վերցրել էին, շպրտել ավտոմեքենան , դարսել իրար վրա ու տեղափոխել Ոստիկանություն. վնասվածքներից չէր կարողանում շարժվել»
«2008 թվականի մարտի 1-ին Կենտրոնի ոստիկանություն մտա, ահավոր պատկեր էր…Մուշեղ Սաղաթելյանը գետնին ընկած էր, վնասվածքներից չէր կարողանում շարժվել, աչքերի տակ ամբողջովին սև էր: Բաժնում բոլորն արտառոց դաժան ծեծված վիճակում էին: Երբ հարցրի, թե ինչու են այս վիճակում, բացատրեցին, որ ծեծկռտուքից բացի, իրենց նպատակաուղղված փողոցից վերցրել են ու բառի բուն իմաստով շպրտել են ավտոմեքենաները, դարսել իրար վրա ու տեղափոխել Ոստիկանություն»:
11 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններն այսօր էլ փաստաբան Սեդա Սաֆարյանի աչքերի առաջ էին: Մարտի 1-ի իրադարձություններին հետևել է Ոստիկանության պատուհանից, սակայն չի պատկերացրել, որ «բանը հասել է դիվանբաշուն ու այնտեղ մարդիկ են զոհվում».
«Պարզվեց, որ մարդիկ ոստիկանությունում գտնվում էին շատ երկար ժամանակ: Մուշեղ Սաղաթելյանին բերման ենթարկելու արձանագրությունը կազմված էր եղել առավոտ վաղ ժամը 6-ին: Փաստորեն, այդ ժամից ընկած է եղել գետնին: Նրան այդ ծանր վիճակով տարան մեկուսարան ու հենց այնտեղ էլ քննվեց: Արձանագրվեցին մարմնական վնասվածքները, քանի որ դրանք այնքան տեսանելի և ակնառու էին, որ չարձանագրել չէին կարող: Գործով ոչ մի հանգամանք չկար. մարդուն հետապնդել էին, վրանից հանել, ծեծել ու շպրտել մեքենան, սակայն պարզվում է՝ անձը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին»,- նշում է Սաֆարյանը:
Գործի վարույթը շատ կարճ է տևում. 20-25 օրվա ընթացքում նախաքննությունն ավարտվում է և գործը հանձնվում դատարան: Քննության ընթացքում պաշտպանական կողմից ներկայացված որևէ միջնորդություն լուրջ չի դիտվում, ինչպես նշում է փաստաբանը, դրանք ուղղակի շպրտվում էին մի կողմ:
«Քեզ ուղղակի ձևական էին լսում ու դու գիտեիր, որ քեզ անտարբեր լսելուց հետո՝ կալանավորելու էին պաշտպանյալիդ: Կար քաղաքական հստակ որոշում, և միայն քաղաքական որոշման դեպքում է, որ քրեական և դատավարական օրենսգրքերը չեն գործում»:
Մուշեղ Սաղաթելյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, սակայն անազատության մեջ գտնվեց մոտ 3 տարի. համաներմամբ ազատ արձակվեց:
«Գրեթե տարբերություն չկար Գերմանիայում ձևավորված ֆաշիզմի և 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում ստեղծված իրավիճակի մեջ»,- ցավով է փաստում Սեդա Սաֆարյանը:
11 տարի անց. Վճռաբեկ դատարանը բավարարեց՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը ուղարկվեց նոր քննության
Նախաքննության և դատաքննության փուլերում կայացված որոշումները և դատավճիռը հետագայում փաստաբան Սաֆարյանը բողոքարկել է ՀՀ երեք ատյաններով, խոսել և՛ խոշտանգումներից, և՛ ապօրինի կալանավորումից, և՛ դատավճռից:
«Ցավալի էր, որ մարդիկ և՛ ծեծվում էին, և՛ մեղադրվում, այնինչ իրականում տուժողի կարգավիճակում էին»,- նշում է Սաֆարյանը:
Ի վերջո՝ հայաստանյան դատական համակարգում արդարության չհասնելով, պաշտպանական խումբը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ գործը լսվեց 10 տարի: 2018 թվականի սեպտեմբերին, ՄԻԵԴ-ը ճանաչեց փաստաբանների կողմից արձանագրած բոլոր խախտումները՝ Կոնվեցիայի 3-րդ հոդված՝ խոշտանգում, 5-րդ հոդված՝ անձեռնամխելիության սկզբունքի խախտում, 6-րդ հոդված՝ արդար դատաքննության սկզբունքի խախտում և հանրահավաքների ազատութան, իրավական պաշտպանության արդյունավետ մեթոդի խախտում:
ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ մտավ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը՝ հիմք ընդունելով որպես նոր հանգամանք, ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք ներկայացրեց, որն օրեր առաջ բավարարվեց Վճռաբեկ դատարանի կողմից.
«Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009 թվականներին կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու գլխավոր դատախազի բողոքը։ Դատարանը, բեկանելով դրանք, գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Փաստաբան Սաֆարյանը հույս է հայտնում, որ Առաջին ատյանի դատարանը ՄԻԵԴ-ի արձանագրած խախտումներին ուշադիր կլինի և ճիշտ ուղղոթյամբ կտանի գործի քննությունը:
«Քոչարյանական ռեժիմը գիտեր, որ Մուշեղը շատ բան գիտի, ուստի նրան կալանավորելը դարձալ էր անհրաժեշտություն»
Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ իր նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի անձնական վրեժխնդրությունն է գործում: Ըստ նրա, դա կապված է Հոկտեմբերի 27-ի շուրջ իր բարձրացրած հարցերի, տեսակետների և Քոչարյանի հասցեին ուղղված մեղադրանքների շուրջ:
«Մուշեղն ինձ պատմել էր, որ անձամբ է Քոչարյանի դիմաց կանգնել ու ասել՝ Հեկտեմբերի 27-ը դու ես կազմակերպել, քո մատը խառն է այդ ամենի մեջ: Քոչարյանն էլ պաատասխանել է՝ եթե մի գեներալ քեզ միանա ու նույն բանը կրկնի, ուրեմն ես հրաժարական կտամ: Եվ զարմանալիորեն մեր գեներալներից ոչ ոք չկանգնեց Մուշեղի կողքին: Չնայած բոլորը պատերի տակ այդ մասին խոսում էին, սակայն ոչ ոք չէր բարձրաձայնում»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց Սեդա Սաֆարյանը:
Հետաքրքիր զուգադրություն կա Քոչարյան-Սաղաթելյանի շուրջ: Նրանք բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, միաժամանակ անգամ միասին ապրել, սակայն Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո հարաբերություննեը միանգամից սրվել են: Հետագայում Սաղաթելյանը ցավով է խոստովանելու, որ հենց ինքն է Քոչարյանին բերել Հայաստան և օժանդակել քաղաքական գործընթացներում:
«Զուտ կասկածների համար չեմ կարծում, որ Մուշեղը կտրվեր ընկերոջից: Քոչարյանական ռեժիմը գիտեր, որ Սաղաթելյանը շատ բան գիտի, դրա համար էլ անհանգստություն ունեին, ուստի նրան կալանավորելը դարձալ էր անհրաժեշտություն նրանց համար»,- կարծիք հայտնեց փաստաբանը:
Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևադա Սաղաթելյանը, Forrights-ի հետ զրույցում հայտարարեց, որ Մարտի 1-ի օրերին իրենց նկաատմամբ հետապնդում և բռնություն գործադրած բոլոր անձիք պետք է այսօր պատասխան տան, սկսած այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանից, ում հրահանգով էլ ծեծվել է իր հայրը:
«Նրանք պետք է պատասխան տան մեր տառապանքների, տանջանքների ու վախով ապրած օրերի համար: Ամեն բնագավառ մեզ համար փակ էր, համալսարանում դուրս էին թողնում, աշխատանք չկար մեզ համար, մեր ընկերներին ասում են՝ չշփվեն մեզ հետ, դե էլ չեմ խոսում գաղտնալսումների և հետապնդումների մասին: Թեկուզ այսքան տարի անց, բայց իրենք պետք է կանգնեն դատարանի առաջ»,- ասաց Սևադան:
Նախորդ տարի մայիսի 9-ին Մուշեղ Սաղաթելյանին հայտնաբերում են տանը՝ ուշագնաց վիճակում: Արդեն մեկ տարուց ավել է նա կոմայի մեջ է գտնվում, վիճակն անփոփոխ է՝ ծանր: Սաղաթելյանի հարազատներին կասկածելի է թվում այն հանգամանքը, որ առողջականից չբողոքող Մուշեղը կարող է միանգամից կոմայի մեջ ընկնել.
«Վիրահատեցին, ասեցին՝ գլխի մեջ հեմատոմաներ կան, որոնք վաղուց են առաջացել: Դրանք 2008 թվականի էն դաժան ծեծի հետևանք են եղել: Որ իմ հայրն այս օրին է, էլի իրենք են մեղավոր, իրենց ցուցումով է եղել»,- նշեց Սևադան:
Փաստաբան Սաֆարյանի համար էլ մեղմ ասած տարօրինակ է այն հանգամանքը, որ Մարտի 1-ի առաջամարտիկ բոլոր տղաները հերթականությամբ կամ մահացել են կամ գիտակցությունները կորցրած այսօր շատ ծանր վիճակում են:
«Սա պետք է հետաքրքրի վարույթն իրականացնող մարմիններին: Ես պատահականությունների չեմ հավատում և չեմ բացառում, որ սա լռեցնելու միջոց է»,- հավելեց փաստաբանը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: