Դիլիջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Միհրան Ոսկանյանին Տավուշի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա և 3 ամսվա ազատազրկման է դատապարտել ժամկետային զինծառայող Միքայել Տեր-Մինասյանին հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար / ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս, 358.1-րդ հոդվածի 1-ի մաս/։ Դատաբժշկական եզրակացության մեջ գրված է, որ երիտասարդի փայծաղը վնասվել է բութ առարկայի հարվածից, որը կարող էր լինել բռունցքը։
Մայորը, որը չի ընդունում իր մեղքը, որոշել էր անձամբ հանձնվեր իրավապահներին։ Սակայն մինչ այսօր նա հետաձգում էր որոշումը, հույս ունենալով, որ Միքայել Տեր-Մինասյանին մեղադրանք կառաջադրվի սուտ մատնություն կատարելու համար։ Նման հաղորդում է ներկայացրել դատախազություն մայորի փաստաբան Հակոբ Ճարոյանը։
Այսօր առավոտյան մայոր Ոսկանյանի հետևից եկան ռազմական ոստիկանները և տարան նրան, իսկ Ոսկանյանի հարազատները, որոնք բնակվում են Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում, մայորի ծառայակից ընկերները այսօր հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի մոտ։ Նրանք նույնիսկ պաստաներ էին պատրաստել, որոնց վրա գրված է «Ազատություն մայորին», «Պահանջում ենք արդարություն», «Մենք քեզ հիշում ենք, մայոր»։
«Մեր երեխան մեղավոր չի, — ասում է Ոսկանյանի քեռին՝ նախկին ոստիկան Ռազմիկ Սանոսյանը, ցույց տալով Միհրանի պատվոգրերն ու մեդալները, — անպետք երեխուն բա սենց բնութագիր կտա՞ն։ Ես ձեզ որպես նախկին ոստիկան եմ ասում, եթե իմ յեգյանը մեղավոր է, պատժեք, մեր երեխեն անշնորք չի։ Թող գոնե մի վկա լիներ, տեսներ, ոնց ա խփում։ Մի մարդ էլ չի տեսել, որ մեր տղեն խփում է զինվորին»։
«Թող նոր քննություն անեն դատավորներին, որոշեն, ով է անմեղ, ով մեղավոր», — «վեթթինգի» յուրօրինակ պահանջ էր ներկայացնում մայորի համագյուղացիներից մեկը։
Իսկ Սպանդարյանի գյուղապետը՝ Ավետիք Մխիթարյանը, պատմեց․ «Պահանջ է առաջացել համայքնի կողմից, որ տանկիստը չպեքտ է պատժվի։ Մարդիկ, ողջ գյուղը բոլորն էլ ոտքի կանգնեցին։ Նա շատ կարևոր մասնագիոտթյուն ունի, նա պետք է բանակին»։
Մայոր Ոսկանյանի ծառայակից ընկերն էլ պատմեց, որ նա 16 տարի ծառայող է հայրենիքին։ «Ղարաբաղում ծառայել է , Շամշադինում ծառայել է, բայց մինչև հիմա մի տունն ինչ է, տուն չունի»։
Ըստ դատական գործի նյութերի, Արթուր Հակոբյանն իր աշխատասենյակ է կանչել շարքային Միքայել Տեր-Մինասյանին համակարգչով աշխատելու համար: Ներս է մտել մարտական ծառայության գծով հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանը և խնդրել է, որ Միքայելը սկզբում իր աշխատանքը կատարի համակարգչով, քանի որ իր առաջադրանքն ավելի հրատապ է:
Երբ Միքայելը սկսել է աշխատել, զինվորական մետաղական աթոռին նստած, Ոսկանյանը, որը նրա թիկունքում տեքստն էր թելադրում, մի պահ ձեռքով հարվածել է նրա պարանոցին, իսկ քիչ ժամանակ անց էլ բռունցքով հարվածել է նրա գոտկատեղին: Հաջորդ օրը առավոտյան վաշտի զորանոցում, տղան ուժգին ցավեր է զգացել, նրան տարել են բուժկետ, հետո՝ Դիլիջանի հիվանդանոց, որտեղ շտապ հեռացրել են փայծաղը:
Միքայելի հայրը՝ Արսեն Տեր-Մինասյանը վստահ է, որ իր որդուն հարվածողը հենց մայորն է։ «Միհրան Ոսկանյանը եկել է Հակոբյանի աշխատասենյակ և ասել է, որ տղաս իր գործը սկզբից կատարի: Տղաս ասել է. «Ես չեմ կարող, հիմա զբաղված եմ»: Մինչև զամպալիտ Հակոբյանը իրեն չասեր, ինքը չէր կարող այլ աշխատանք կատարել: Այդ խոսքերի շուրջ են եղել հարվածները: Զամպալիտ Հակոբյանը ասել է՝ գլխին մի խփի, առանց էն ել տեսողությունը վատ է», — հայտնել էր Արսեն Տեր-Մինասյանը Forrights.am-ին։ Այսօր քննիչները զրուցել են նաև Միքայելի հետ։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: