«Դատարանը սահմանում է անհաղթահարելի ուժ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար»

0
1177

24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Կամո Շալունցն այսօր կրկին դատարանում էր. այս անգամ բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ամիսներ առաջ մերժել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահ դատապարտյալին. այնինչ քրեակատարողական հիմնարկի կողմից Շալունցն արժանացել էր դրական բնութագրի.

«Հայաստանի պատմության մեջ միայն երկու ցմահ անձ է եղել, ում վերաբերյալ առկա է եղել դրական եզրակացություն: Մեկը՝ Կամո Շալունցն է, մյուսն այսօր ազատության մեջ է գտնվում (խոսքը նախկին ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանի մասին է, ով նախորդ տարի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց): Առաջին անգամ է, որ ՔԿՀ-ի կողմից դրական բնութագրվող ցմահ դատապարտյալն ազատ չի արձակվում»,- Forrights-ի հետ զրույցում ասում ՝ Շալունցի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը:

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը ներկայացրել դատարան, սակայն առաջին ատյանը մերժել է՝ հիմքում դնելով երեք հանգամանք՝ Շալունցը դատապարտվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, ունի քաղաքացիական հայց՝ տուժողներին 520.000 ՀՀ դրամի չափով և 2011 թվականին երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի՝ հեռախոս պահելու համար:

Դատարանն անտեսել է, որ, չնայած «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատելու համար բավարար պայմաններ չկան, սակայն Շալունցը ցանկություն է հայտնել իր ձեռքի աշխատանքների ցուցահանդես կազմակերպել և վաճառել, սակայն այդ հնարավորությունը ևս չի ընձեռել հիմնարկը:

Նկատենք, որ կարգապահական տույժերը մարված են համարվում 6 ամիս անց, սակայն Առաջին ատյանը 8 տարի անց հաշվի է առնում ու դա ևս ներառում մերժման հիմքերի մեջ: Ըստ պաշտպանի, դատապարտյալների համար այդ տույժերը կարծես խարան լինեն, որոնք միշտ օգտագործվում են դատարանի կողմից:

«Դատարանը, ըստ էության, սահմանել է անհաղթահարելի ուժ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, քանի որ 5 կամ 10 տարի անց էլ այդ տույժերը փոփոխման ենթական չեն լինում: Արարքը եղել է ծանր, դա այդպես էլ կմնա, երկու տույժը եղել է՝ այդպես էլ կմնա, իսկ քաղհայցի հետ կապված էլ՝ անձը պետք է հնարավորություն ունենա մարելու ու, քանի որ անազատության մեջ դա անհնար է, անձին պետք է շանս տրվի ազատ արձակվելու և այդ խնդիրը լուծելու համար»,- Forrights-ին ասաց Շալունցի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Հատկանշական է, որ Քրեակատարողական օրենսգրքում հստակեցված է՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցի վերաբերյալ քաղաքացիական հայցն ընդհանրապես չի կարող արգելք լինել դատարանի որոշման համար: Բացի դրանից, Վճռաբեկ դատարանն ունի նախադեպ, որտեղ ասվում է՝ պայմանական ազատման ենթական է ոչ թե այն անձը, ով ամբողջական ուղղվել է, այլ նա, ով կանգնած է ուղղման աստիճանին:

«Այն, որ անձը վերջին 7-8 տարիների ընթացքում որևէ տույժ չի ստացել, արդեն իսկ խոսում է, որ դատապարտյալն ուղղման ճանապարհին է»,- հավելեցին պաշտպանները:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել դատախազ Իսախանյանը, ինչը պատճառ հանդիսացավ վերաքննիչ բողոքի քննության հետաձգմանը: Ըստ նիստերի քարտուղարի, Դատախազությունը պատշաճ ծանուցված է եղել:

Բողոք քննությունը կշարունակվի հուլիսի 29-ին:

Հավելենք, որ Կամո Շալունցն իր խնամքին ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, սակայն նրա խնամքին այս պահին միայն աղջիկն է՝ Անուշը. որդին արտերկրում է և ոչ մի կապ չի պահպանում հոր և քրոջ հետ:

29-ամյա Անուշը, ով ի ծնե մանկական ուղեղային կաթված ունի, փոքր տարիքում բարձր աստիճանի այրվածք է ստացել, ինչի պատճառով մինչ օրս շարքից դուրս է գալիս մկանային հյուսվածքները: Նրա մարմնի աջ մասն ամբողջովին կաթվածահար է, չի խոսում, քայլել սկսել է 11 տարեկանից: Այս պահին մենակ ոչինչ անել չի կարողանում:

Անուշ Շալունցը տատի, ապա մոր մահից հետո քեռու խնամքին է, սակայն նրանք էլ արդեն ի վիճակի չեն պահել աղջկան: Անուշն ամեն պահի կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ: Կամոն չի մեղադրում աներձագի ընտանիքին, քանի որ նրանք էլ ունեն առողջական և ֆինանսական խնդիրներ, իսկ իր աղջիկն ունի հատուկ խնամքի կարիք:

«24 տարվա ընթացքում մի անգամ ա եկել մոտս՝ 2010 թվականին: էդ մի անգամ տեսնելոց հետո իրա մոտ դրական տեղաշարժ էր նկատվել: Անընդհատ դիմել եմ ստեղ-ընդեղ, որ գոնե տեղափոխվեմ «Գորիս» ՔԿՀ, որ կարողանամ տեսնել աղջկաս․ մերժում են: Ինքը չի կարող էդքան ճանապարհ գա հասնի Երևան: Ստեղից զանգում եմ իրեն, բայց չի կարողանում խոսել, միայն ձայն ա հանում, ես էլ չեմ կարողանում խոսել, ինքը լացում ա, ես էլ՝ չեմ դիմանում…»,- հուզմունքը զսպելով ասում է Շալունցը:

Հիշեցնենք, որ աֆղանական և ղարաբաղյան պատերազմներով անցած Շալունցին մեղադրվում էր 1995 թվականին գրաված տարածքների գյուղերից մեկում՝ Հորովելում սպանված երկու զինծառայողներից մեկի սպանության համար:

Վերջինս մի շարք ալիբիներ ուներ, որոնք վկայում էին, որ ինքն ուղղակի չէր կարող այդ սպանության մասնակիցը լինել.

«Ես էդ դեպքի տարածքում դեպքից 2 օր առաջ եմ եղել, լիքը մարդ կարա ապացուցի էդ փաստը: Անգամ բանկային գործարքներ կան՝ օրով, ժամով, որոնք փաստում են, որ ես էդ ժամանակ այնտեղ չեմ եղել, բայց ինձ լսողն ո՞վ էր: Դատարանը ոչ մի բան հաշվի չէր առնում»,- Forrights_ին էր ամիսներ առաջ պատմել հենց ինքը՝ Կամոն:

Դատարանի «կոզրն» այն հանգամանք է եղել, որ դեպքից 3 օր անց ինքը եղել է սպանության վայրում, այնտեղ գտել մահացած երկու զինվորներից մեկի զենքն ու այն վերցրել: 

«Երկու հատ զենք ա եղել, սպանել են ոչ իմ գտած զենքով, այլ՝ մյուսով: Ինչ-որ մեկը ճամփին իմ ձեռքին տեսնում ա էդ զենքը, գնում ասում ա՝ սենց զենք եմ տեսել Կամոյի ձեռքը: Գալիս հարցնում են՝ էս-էս զենքը մո՞տդ ա, ասում եմ՝ հա…բռնում տանում են»,- վերհիշում էր Կամոն:

Կապանի ոստիկանական բաժանմունքում Կամոյին խոշտանգում են, օրերով զրկում հացից և ջրից, «ռեժիմով»՝ ծեծում:

«Ծեծե՞լ…ծեծելը մեղմ եք ասում: Օրական 3 անգամ ծեծում էին՝ առավոտ, կեսօր, իրիկուն. ուզում էին էդ վրես վերցնեմ: Ես էլ ասում էի՝ ավելի լավ ա ինձ գյուլլեմ, քան ուրիշի արածն իմ վրա վերցնեմ: Մարմնիս վրա մի հատ նորմալ տեղ չկար, փոխարենը դեմքս մաքուր էր. աշխատում էին դեմքի վրա հետքեր չթողնել»:

Ի վերջո սպասված «ինքնախոստովանական ցուցմունքը» Շալունցից կորզում են կնոջ միջոցով: Կամոյին լուր է հասնում, որ կնոջը երկու օր է, ինչ առևանգել են. Շալունցը թևաթափ է լինում.

«Էդ ժամանակ, որ Լենինի հոր սպանությունն էլ տային, էլի իմ վրա կվերցնեի, մենակ թե իրեն բաց թողնեին: Ասեցի՝ ոնց ասեք, տենց կգրեմ, մենակ իրեն բաց թողնեն»:

1995 թվականի վերջին Կամո Շալունցը դատապարտվում է մահապատժի: 8 տարի չիրագործվելով գնդակահարությունը, 2003 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here